«Դատապարտյալների հիվանդանոց»-ի աշխատակցի մոտ հայտնաբերվել է «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց
Գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել քրեակատարողական հիմնարկի աշխատակցի մոտ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց հայտնաբերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Ինչպես հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը, նախաքննության ընթացքում ձեռք բերված տեղեկություններով պարզվել է, որ 2017 թվականի հուլիսի 20-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհի Հ. Շ.-ի անձնական զննությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է ներարկիչ` լցված սև գույնի հեղուկով: Համաձայն նյութագիտական փորձաքննության եզրակացության` ներարկիչում եղած 23.75 գրամ հեղուկը տնայնագործական եղանակով պատրաստված առանձնապես խոշոր չափերով «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց է:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է Հատուկ քննչական ծառայությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել