
Հետախուզում` «Կրպակ» սուպերմարկետից 1050 դրամանոց օղի կողոպտելու փորձի մեջ մեղադրվողի նկատմամբ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր «Կրպակ» սուպերմարկետից 1050 դրամ արժողությամբ կես լիտր օղի կողոպտելու փորձի մեջ մեղադրվող Նորայր Մելքոնյանի վերաբերյալ դատական նիստը, սակայն ամբաստանյալ Մելքոնյանը հերթական անգամ դատարան չէր ներկայացել:
Այս գործով արդեն երեք դատական նիստ է տեղի ունեցել, և չի հաջողվել ապահովել Մելքոնյանի ներկայությունը: Նախորդ նիստին դատարանը Մելքոնյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել, սակայն դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր ընթերեց ոստիկանության էրեբունու բաժնից դատարան ուղարկված գրությունն այն մասին, որ քրեական գործում նշված հասցեում Մելքոնյանը չի բնակվում, և հայտնի չէ նրա բնակության վայրը:
Դատավորը միաժամանակ ասաց, որ Նորայր Մելքոնյանը պարբերաբար զանգահարում է դատարան և խնդրում, որ վերադարձնեն իր անձնագիրը: Ըստ Մակյանի՝ ամբաստանյալ Մելքոնյանը խոստանում է ներկայանալ դատական նիստին, բայց չի ներկայանում` հրաժարվելով տրամադրել նաև իր բնակության հասցեն:
Դատախազ Ուոզյանը ստեղծված իրավիճակում կարծիք հայտնեց, որ պետք է Մելքոնյանի նկատմամբ հետախուզում հայտարարել:
Դատավոր Մակյանը, խորհրդակցական սենյակ հեռանալով, որոշում կայացրեց Մելքոնյանի նկատմամբ հետախուզում հայտարարել:
Նշենք, որ ըստ մեղադրանքի` ամբաստանյալ Նորայր Մելքոնյանը 2017թ. մայիսի 10-ին, Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի կողքով անցնելիս մտադրվել է այնտեղից հափշտակել օղի:
«Իրականացնելով հանցավոր մտադրությունը` Նորայր Մելքոնյանը մտել է «Կրպակ» սուպերմարկետ, մոտեցել օղու վաճառքի բաժին, այնտեղից վերցրել և բաճկոնի տակ թաքցրել 1050 դրամ արժողությամբ, 0.5 լիտր ծավալով «Ներուշիմիյ Սոյուզ» տեսակի օղի, այն ցանկացել է գաղտնի հափշտակել, ինչը նկատել են սուպերմարկետի աշխատակիցները, ովքեր հրահանգել են կանգնել, իսկ Նորայր Մելքոնյանը, գիտակցելով իր գործողությունների բացահայտ լինելը, դիմել է փախուստի, սակայն բռնվել է մուտքի դռան մոտ գտնվող քաղաքացիների կողմից` իր կամքից անկախ հանգամանքներում՝ չկարողանալով ավարտին հասցնել ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը»,- ասված է գործի մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության մեջ:
Ամբաստանյալը նախկինում դատվածություն չի ունեցել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու զղջացել:
Չնայած քրեական գործը հարուցվել է կողոպուտի փորձի՝ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության մեջ առկա ձևակերպումները թույլ են տալիս եզրակացնել, որ Մելքոնյանի արարքում առերևույթ առկա է 34-177-րդ հոդվածի`գողության փորձի հատկանիշ:
Մասնավորապես՝ Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածը՝ կողոպուտը, սահմանվում է որպես ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն, իսկ 177-րդ հոդվածը`գողությունը՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն, իսկ մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ Մելքոնյանը բաճկոնի տակ թաքցրել է օղին և այն ցանկացել գաղտնի հափշտակել: Նշենք նաև, որ անձը քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով ենթարկվում է քրեական պատասխանատվության, եթե գողոնի արժեքը 5000 ՀՀ դրամ և ավելի է, այսինքն՝ Մելքոնյանի արարքը գողության փորձ որակելու դեպքում գործը դատարան չէր հասցնի:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել