
Շինարարության ծավալը նվազել է
2017թ-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում կատարվել է ավելի քան 111 միլիարդ դրամի շինարարություն։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ՝ շինարարության ծավալը նվազել է 10 %-ով։
Տարվա առաջին վեց ամիսներին, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է միայն համայնքային և բնակչության միջոցով կատարվող շինարարությունը։ Սրան հակառակ` նվազել է պետբյուջեով, միջազգային վարկերով, օտարերկրյա ներդրողների և մարդասիրական օգնության միջոցներով կատարված շինարարությունը։
Դեռևս ամենաշատ շինարարությունը կատարվում է բնակչության միջոցների հաշվին, այն նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ անգամ աճել է 2 %-ով։
Շինարարության համար ամենաակտիվ ամիսը հունիսն է եղել։ Իսկ երկու եռամսյակների տվյալներով՝ տարվա երկրորդ եռամսյակը՝ ապրիլ-մայիսը, առաջին եռամսյակին արված շինարարության ծավալին կրկնակի գերազանցել է, չնայած երկու եռամսյակներն էլ նախորդ տարվա նույն ժամանակահատվածին զիջել են 10-13 %-ով։
Ըստ ոլորտների
2017 հունվար-հունիսին կատարված շինարարության 30 %-ը կապված է եղել անշարժ գույքի գործունեության հետ, ապա ակտիվ է եղել տրանսպորտի հետ կապված շինարարությունը, որը, սակայն, նախորդին զիջել է եռակի։
Պաշտոնական վիճակագրությամբ՝ նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ` ամենամեծ ծավալով՝ 67 %-ով, աճել է կրթական ոլորտի հետ կապված շինարարությունը, իսկ 65 %-ով՝ կացության և հանրային սննդի կազմակերպման հետ կապված շինարարությունը։ 2017-ի հունվար-հունիսին այդ ոլորտում արվել են 5,4 միլիարդ դրամի շինաշխատանքներ։
Շինարարության 63 %-ը Երևանում է եղել
Երևանում է կատարվել 2017-ի առաջին կիսամյակում արված շինարարության 63 %-ը կամ 111 միլիարդ դրամից 70 միլիարդ դրամը։
Մնացած մարզերին բաժին է ընկել արված շինարարության ընդհանուր ծավալի 2-5 %-ը։
Շինարարությունը նվազել է հանրապետության 8 մարզերում, աճել է միայն Կոտայքում և Արմավիրում, իսկ օրինակ Գեղարքունիքում շինարարության ծավալը նվազել է ավելի քան 30 %-ով։
Մեկնաբանել