HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղբանոցային կյանքը դարձել է կենսաձև

Լուսինե Գրիգորյան

«Փոքր աղջիկս վերցնում է կոշիկը, ասում է` մամ, էս հումք ա: Ասում եմ` այ բալիկ ջան, ի՞նչ իմանամ, հումք ա, թե չէ»,-պատմում է 4 անչափահաս երեխաների մայր Թագուհի Ադիլխանյանը: «Էստեղ` աղբանոցում, երեխաների խոսակցության թեման միայն դա է: Քննարկում են, թե որն ինչ մետաղ է, որն է պետք, որը չէ»: 

 Թագուհին ու նրա ամուսինը` Վարդանը, իրենց երեխաների հետ անցած տարվա օգոստոսից ապրում են Աջափնյակ համայնքի աղբանոցի հարեւանությամբ գտնվող լքված ավտոբազայի տարածքում: Մինչ այդ նրանք բնակվում էին Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասի իրենց սեփական բնակարանում: Այդ բնակարանը Թագուհու համար 8 հազար դոլարով գնել էր Լեհաստանում բիզնեսով զբաղվող մայրը: Երեք տարի առաջ Թագուհին եւ ամուսինը 1200 դոլար պարտք էին վերցրել բիզնես սկսելու համար: Սակայն ժամանակին չեն կարողացել վերադարձնել: Պարտատերը դիմել է դատարան եւ պահանջել, որ իրեն վերադարձնեն 2000 դոլար՝ տոկոսների հետ միասին: Դատարանի վճռով աճուրդի է հանվել տունը: 8 հազարով գնված տունը մեկ տարի անց դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները հաջողացրել են վաճառել 2000 դոլարով: Ընտանիքը ստիպված ազատել է բնակարանը: Հետո որոշ ժամանակ ապրել են վարձով, բայց ի վիճակի չեն եղել վարձը ժամանակին վճարել ու հայտնվել են այստեղ: 

«Ամուսինս վարորդ է, նաեւ մեքենայի լավ մասնագետ: Ժամանակին լավ էինք ապրում: Հիմա կորցրել է վարորդական իրավունքի վկայականը ու չի աշխատում: Ես էլ հազիվ հասցնում եմ երեխաներին հետեւել»,-պատմում է Թագուհին: Նրանք այսօր ապրում են մի քանի հարազատների օգնությամբ ու այստեղից-այնտեղից հավաքած մետաղի ջարդոններ հանձնելով: Հանձնում են հիմնականում պղինձ, ալյումին ու կիլոգրամի դիմաց ստանում 500-600 դրամ: «Ժամանակին մայրս Լեհաստանից վիզա ուղարկեց, որ գնանք իրենց մոտ, չգնացինք: Չուզեցի օտար հողում փող աշխատել: Բայց հիմա շատ եմ փոշմանել: Էստեղ ոչ օրենք կա, ոչ արդարություն»: 

æարդոններ հավաքում են նաեւ երեխաները: «Մեծ տղաս շատ աշխատասեր ա: Տոպրակներ է հավաքում: Մի անգամ ուզեցի էդ պոլիէթիլենե տոպրակները վառել, որ երեխեքը տաքանան, ասաց` ինչի՞ ես վառում, փող ա»: Թագուհու ավագ որդին` Սարգիսը, 8 տարեկան է: Նա դպրոց չի գնացել, բայց հայերենի այբուբենը գիտի: Ոչ Սարգիսը, ոչ էլ մյուս երեխաները` 5-ամյա Հովհաննեսը, 4-ամյա Լիլիթն ու 2 տարեկան Լիլիան գրանցում չունեն: Նրանք դպրոց չեն գնում, հաշվառված չեն ոչ մի պոլիկլինիկայում, երեխաներից մեկը պատվաստումներ չի ստացել: Տղաներից մեկը պարբերաբար բարձր ջերմություն է ունենում եւ ուշաթափվում: Փող չունեն բժշկի դիմելու համար: 

 Թագուհին երազում է, որ մի օր իր երեխաները կրթություն կստանան, գոնե ինչ-որ արհեստ կսովորեն: «Գիրք մի քանի անգամ առել եմ, պատռել են,-ասում է երեխաների մայրը,-բայց երեկոները որ նստում ենք, սկսում ենք տարբեր խաղեր խաղալ: Ասում եմ` հիմա Թ տառով բառեր ենք ասում, կամ խնձորներով գումարում-հանում ենք անում, երգեր ենք երգում, բանաստեղծություններ ասում: Ես ուզում եմ, որ երեխեքս կրթություն ունենան, բայց էս պայմաններում ու էս միջավայրում դա հնարավոր չի»: 

 5-ամյա Հովիկի ասելով՝ ինքը շատ է սիրում ֆիլմեր նայել, բայց հիմա չի կարող հեռուստացույց դիտել` էլեկտրականություն չունեն: Թագուհին պատմում է, որ իրենք կարողացել են հարեւան գյուղից հոսանք քաշել, բայց էլեկտրացանցի աշխատողները ստիպել են անջատել: æուրն էլ բերում են Չորրորդ գյուղից: Նա դժգոհում է, որ երեխաները շատ են կեղտոտվում, իսկ լվացվելն ու լողանալն էստեղ մեծ խնդիր է: 

 Փոշին ու աղբը սովորական են դարձել այս երեխաների համար. դա նրանց եւ՛ խաղն է, եւ՛ քննարկման թեման, եւ՛ աշխատանքը: Սա արդեն կենսաձեւ է: Սակայն Թագուհին ու նրա ամուսինը վախենում են, որ իրենց թույլ չեն տա դա էլ պահպանել: «Էս վերջերս սկսել են էստեղ մարդիկ գալ, ու պահանջում են, որ հեռանանք: Ասում են` սեփականացրած տարածք է, նոր շենքեր պիտի կառուցեն,- ասում է Թագուհին,- Եթե ինքնակամ չգնանք, կվտարեն ու չեն էլ նայի, որ փոքր երեխեք են»: 

 Լուսանկարները` Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter