
Ինչո՞ւ է ապատեղեկատվություն տարածում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը
Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար նկարահանվելու են հոլովակներ, որոնք ներկայացնելու են Հայաստանը: Արդեն նկարահանվել է մեկ հոլովակ: Չնայած այն վերջնական տեսք և անվանում չունի, սակայն դրանից որոշ կադրեր արդեն ներկայացվել են համացանցում: Տեսահոլովակը իր ֆեյսբուքյան էջում տարածել է նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Տեսահոլովակի վերաբերյալ արձագանքները հիմնականում դրական են։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, «Հետք»-ի հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ պատրաստման փուլում գտնվող տեսահոլովակը նկարահանել է «Դոպինգ» ՍՊ ընկերությունը:
Տեսահոլովակի արժեքը կազմել է 9 200 000 դրամ: Գումարը հատկացրել է Հայաստանի զարգացման հիմնադրամը:
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Դոպինգ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը երեք սեփականատեր ունի: Ամենամեծ՝ 50 % բաժնեմասը պատկանում է Հայկ Սիմոնյանին: Նա վարչապետ Կարեն Կարապետյանի որդու՝ Տիգրան Կարապետյանի և վարչապետի փեսայի՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանին պատկանող «Կատանա» ընկերության տնօրենն է:
Այդ ընկերությունը ևս գովազդային գործակալություն է: Ընկերությունում 25 % բաժնեմաս ունի Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանի քույրը՝ Իլոնա Բաղդասարյանը: Մյուս 25 %-ը «Դասարան» (Dasaran.am) կրթական ծրագրի հիմնադիր տնօրեն Սուրեն Ալոյանինն է:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը «Հետք»- ին հայտնել է, որ հոլովակի պատրաստման համար հայտարարվել է մրցույթ, որին մասնակցել է երկու ընկերություն՝ «Ադվերտա» ՍՊԸ-ն և «Դոպինգ»-ը: Ըստ նախարարության՝ «Ադվերտա»-ն առաջարկել է 10 404 000 դրամ, իսկ «Դոպինգ»-ը՝ 9 263 000 դրամ: Բանակցության արդյունքում «Դոպինգ»-ի հետ պայմանագիրը ստորագրվել է 9 200 000 դրամ գումարով։
Նախարարությունը նաեւ տրամադրել է մրցույթի հայտարարման ծածկագիրը։ Երբ մուտք ենք գործում ֆինանսների նախարարության gnumner.am կայքի վերոնշյալ հղումով, տեսնում ենք, որ նախարարությունն ապատեղեկատվություն է տրամադրել մեզ։ Մրցույթի այդ արձանագրությունում նշված է, որ առանց ԱԱՀ-ի վճարի «Դոպինգ»-ը ներկայացրել է 9 263 000 դրամի, իսկ «Ադվերտա»-ն՝ 8 670 000 դրամի առաջարկ: Ստացվում է՝ հաղթող է ճանաչվել ավելի բարձր գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:
Ինչո՞ւ է ապատեղեկատվություն տարածում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը։
Ինչպես արդեն նշել ենք ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանը ներկայացնող այդ հոլովակներից հատվածներ է ներկայացնում։ Նա հավանաբար գիտի, որ տեսահոլովակը նկարահանած ընկերությունը փոխկապակցված է իր որդու և փեսայի հետ։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել