
«Սարի թաղի» գործով դատարանը մերժեց տախիկարդիա հիվանդություն ունեցող ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ամալյա Մարգարյան
«Սարի թաղի» գործով Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացած նիստի ընթացում պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հանդես եկավ Հարություն Թորոսյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությամբ և նշեց, որ իր պաշտպանյալ Հ. Թորոսյանը տառապում է վերփորոքային պարոքսիզմալ տախիկարդիա հիվանդությամբ, իսկ ՔԿՀ-ում չեն կարողանում ապահովել նրա լիարժեք բուժումը։
«Եթե ՔԿՀ-ում կամ դատապարտյալների հիվանդանոցում կարողանային ապահովել նրա բուժումը, չէին ուղարկի «Էրեբունի» ԲԿ»,-հայտարարեց պաշտպանը։
Գործով մասնակցող դատախազն առարկեց ներկայացրած միջնորդության դեմ և նշեց, որ որևէ հիմք չկա խափանման միջոցը փոխելու համար։
Լիպարիտ Սիմոնյանն ավելացրեց նաև, որ գործ ունեն անձի սրտի հետ, և պետք է նրա նկատմամբ իրականացվի մշտական հսկողություն։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդությունը քննելու համար։
«Հետք»-ը զրուցեց Հարություն Թորոսյանի հարազատների հետ, ովքեր նշեցին, որ հիվանդությունը սրվում է, իսկ դեղորայքով իրենք են ապահովում։
«Հարությունը տախիկարդիա հիվանդությունը ուներ, հիմա կալանավայրում ավելի զարգացել է, ճնշումը հաճախ իջնում է մինչև 30-40։ Դեղ ենք ուղարկում, բայց նա պետք է անընդհատ հսկողության տակ լինի, որը ՔԿՀ-ում չի իրականացվում»,-նշեց Հ. Թորոսյանի եղբոր կինը՝ Լուսինե Հարությունյանը։
Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց, որ հաճախ քննարկվում է կալանքների վերանայման հարցը, բայց փոփոխություն չի կատարվում։ «Ցանկացած հիվանդություն, որը կապված է սրտի հետ, կարող է ամեն րոպե բերել կրիտիկական վիճակի, քանի որ կալանավայրում չկան համապատասխան մասնագետներ և միջոցներ։ Փաստացի մարդը գտնվում է անմարդկային վերաբերմունքի ներքո։ Եվ փաստ է, որ մարդիկ կարող են անորոշ ժամկետով մնալ կալանքի տակ»,-ավելացրեց պաշտպանը։
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ներկայացրած միջնորդությունը։
Նիստը հետաձգվեց, քանի որ ոչ մի վկա չէր ներկայացել դատարան։ Հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 28-ին։
Հիշեցնենք, որ Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի և Էդուարդ Զեյթունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիս 19-ին ոստիկանության և քաղաքացիների միջև բախման ժամանակ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կատարելու համար։
Մեկնաբանել