
Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ երկու դատական գործերը հետաձգվեցին
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր երկու նիստ էր նշանակված` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ենթադրյալ խախտումների վերաբերյալ:
Գործերից մեկը վերաբերում է ընտրությունները լուսաբանող լրագրողների աշխատանքը խոչընդոտելուն, մյուսն՝ ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքին:
Մասնավորապես՝ ըստ առաջին գործի՝ 2017-ի ապրիլի 2-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը, «Araratnews.am» լրատվական կայքի լրագրող Շողիկ Գալստյանն ու օպերատոր Հայկ Պետրոսյանը խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով նկարահանումներ են իրականացրել Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում և դրան հարակից տարածքում: Այդ ընթացքում շտաբի դիմաց հավաքված քաղաքացիները լրագրողներից պահանջել են հեռանալ տարածքից և դադարեցնել տեսանկարահանումները:
Այնուհետև, ըստ մեղադրանքի`«araratnews.am» կայքի լրագրող Շողիկ Գալստյանին է մոտեցել Երևանի բնակիչ Ջուլիետա Կոկոլյանը և տեսնելով, որ չնայած իր պահանջին՝ Շողիկ Գալստյանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ վիրավորել և բռնություն է գործադրել նրա նկատմամբ, քաշել է մազերից, հրել է նրան և ձեռքից խլել նկարահանող սարքը` ստիպելով հեռանալ շտաբի տարածքից:
Ընտրությունների ընթացքը լուսաբանելու նպատակով շտաբի տարածքում գտնվող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը փորձել է նկարահանել միջադեպը: Ըստ մեղադրանքի` նրան է մոտեցել Երևանի բնակիչ Լևոն Գասպարյանը և պահանջել դադարեցնել նկարահանումները, սակայն լրագրողը շարունակել է իրականացնել իր լիազորությունները, և այդ ընթացքում Լևոն Գասպարյանը, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ, բռնություն է գործադրել Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ. քաշել է նրա ձեռքից, խլել նկարահանող սարքը` խոչընդոտելով լրագրողի` ընտրությունների ընթացքը լուսաբանելու իր լիազորությունների իրականացումը:
Լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու և վերջիններիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար Ջուլիետա Կոկոլյանին ու Լևոն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, այն է՝
ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:
Այս գործով ամբաստանյալ Լևոն Գասպարյանն ընդունում է մեղադրանքն, իսկ Ջուլիետա Կոկոյանը`ոչ: Վերջինս դատական նիստերին չի ներկայանում. պաշտպանի փոխանցմամբ`առողջական լուրջ խնդիրներ ունի, պարբերաբար հոսպիտալացվում է, և այդ հանգամանքով է պայմանավորված նրա բացակայությունը դատական նիստերից:
Դատարանը մայիսից մեկնարկած դատական գործընթացից առ այսօր ամբաստանյալ Կոկոյանի առղջական ծանր վիճակը հավաստող փաստաթուղթ չի ստացել. պաշտպանը խոստացավ քայլեր ձեռնարկել այդ փաստաթղթերը հաջորդ դատական նիստին ներկայացնելու համար:
Դատական նիստին չէր ներկայացել նաև մեղադրող դատախազը: Նման պայմաններում դատավոր Գագիկ Պողոսյանը հետաձգեց դատական նիստը:
Երկրորդ գործով ներգրավված դատախազը նույնպես չէր ներկայացել դատական նիստին, և դատավորը դարձյալ ստիպված եղավ հեռտաձգել դատական նիստը:
Ըստ այս գործով անցնող ամբաստանյալ Դավիթ Սիմոնյանին առաջադրված մեղադրանքի`վերջինս, իր մոտ չունենալով ՀՀ քաղաքացու անձնագիր, 2017թ. ապրիլի 2-ին Ազգայիկն Ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով, եղբոր` Գոռ Սիմոնյանի հետ այցելել է Երևան քաղաքի Թոթովենցի անվան թիվ 57 դպրոցում տեղակայված թիվ 9/53 ընտրատեղամաս, որտեղ Գոռ Սիմոնյանին խնդրել է սպասել ընտրատեղամասի մոտ, իսկ ինքը վերցնելով վերջինիս անձնագիրը մուտք է գործել ընտրատեղամաս, եղբոր անձնագրով գրանցվել ընտրողների ցուցակում և քվեարկել եղբոր փոխարեն:
Ապա ընտրատեղամաս է գնացել Գոռ Սիմոնյանն, ու ընտրատեղամսում նրան հայտնել են, որ իր փոխարեն արդեն քվեարկած է:
Հատկանշական է, որ այս գործով ամբաստանյալն ու վերջինիս հարազատները իրենց համարում եմ քաղաքական հետապնդման զոհ` միևնույն ժամանակ նշելով, որ, ըստ քննություն իրականացնող մարմնի, Դավիթ Սիմոնյանը ընտրախախտում է կատարել Հանրապետական կուսակցության օգտին քվեարակելու համար:
Դավիթ Սիմոնյանն իրեն առաւջադրված մեղադրանքը չի ընդունում:
Երկու գործերով հաջորդ դատական նիստերը նշանակվեցին սեպտեմբերի վերջին՝ հաշվի առնելով, որ դատավոր Գագիկ Պողոսյանը օգոստոս ամսին ծանրաբեռնված է այլ դատական նիստերով, իսկ սեպտեմբերին մեկնում է արձակուրդ:
Մեկնաբանել