HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարցազրույց Եվրախորհրդում Թրաֆիքինգի հանձնաժողովի փոխնախագահ Գյուլնարա Շահինյանի հետ

Ինչու՞ ստեղծվեց այս հանձնաժողովը , եւ ի՞նչ է տալիս այն Հայաստանին: 

2003թ. սեպտեմբերին Նախարարների խորհրդի որոշմամբ ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է պատրաստեր «Թրաֆիքինգի դեմ պայքարի եվրոպական կոնվենցիա»-ն: Բելգիայի ներկայացուցիչն ընտրվեց նախագահ, ես ու մեր գերմանացի կոլեգան` փոխնախագահներ: Արդեն կազմել ենք կոնվենցիայի նախագիծը: Քննարկումները շատ հետաքրքիր էին: Տեսնում էինք, թե ինչպես են մտածում պետությունները, ինչ մոտեցումներ ունեն: Զարմանալի էր, որ մարդու իրավունքների մասին ամենից շատ խոսող պետությունները` ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, ուզում էին վարել միգրացիոն ամենախիստ քաղաքականությունը: Շատ պետություններ «առեւտուր» են անում զոհի հետ: Ըստ ԱՄՆ-ի օրենքների` զոհին տրվում են պաշտպանության մեխանիզմներ միայն այն դեպքում, եթե նա համագործակցում է իրավապահ մարմինների հետ: Մենք նորաստեղծ կոնվենցիայից հանեցինք այդ պայմանը: Մեր հիմնական նպատակներից էր նաեւ թրաֆիքինգի բոլոր դրսեւորումները դարձնել քրեօրեն պատժելի: 

 Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, պետք է ասեմ, որ մեզ մոտ այս երեւույթը բավական զարգացել է: Ու, ըստ էության, դրա դեմ ուղղված գործողությունները շատ են ձգձգվում: Ես ամեն կերպ ջանում եմ մեր երկրի պրոբլեմներն ավելի լսելի դարձնել քննարկումների ժամանակ, աշխարհի ուշադրությունը սեւեռել նաեւ մեր պետության վրա: Աշխատում եմ, որ Հայաստանի խնդիրների լուծումները տեղ գտնեն կոնվենցիայում: 

Դուք ինչպե՞ս սկսեցիք զբաղվել այս ոլորտով: Ի՞նչ ուսումնասիրություններ եք կատարել: 

Կանանց, երեխաների խնդիրներով զբաղվում եմ երկար տարիներ: 1985թ., երբ աշխատում էի քաղաքապետարանում, ֆիննական մի կազմակերպությունից նամակ ստացա այն մասին, որ Խարբերդի մանկատանը երեխաները սարսափելի վիճակում են: Երբ ինքս տեսա այդ սոված, մերկ երեխաներին, մոտ 6 ամիս ուշքի չէի գալիս: Մանկատունը նման էր գազանանոցի, երեխաները կորցրել էին մարդկային կերպարը: Դրանից ազդված` աշխատանքներս ընդլայնեցի: Քիչ-քիչ տեղեկացա թրաֆիքինգ երեւույթի մասին: Սկսեցի ինֆորմացիա հավաքել, ուսումնասիրել այդ ոլորտը: 

 Անանուն հարցումներ ենք արել Հայաստանի տարբեր մարզերում: Մարդիկ պատմում էին թրաֆիքինգի ենթարկված իրենց բարեկամների, հարեւանների մասին: Պարզվեց, որ Հայաստանում ամենից շատ տարածված է աշխատանքային թրաֆիքինգը, հետո` սեռական շահագործումը: Հատկապես Երեւանում, Վարդենիսում շատ էր աշխատանքային թրաֆիքինգի ենթարկված մարդկանց թիվը: 200 հարցվողներից 141-ը աշխատանքային թրաֆիքինգի զոհեր էին, մյուսները` սեռական շահագործման: Եղել եմ Արաբական միացյալ էմիրություններում, 5-օրյա ուսումնասիրություն եմ արել Դուբայում: Այնտեղ գրեթե բոլոր գիշերային ակումբներում կարելի էր հանդիպել հայ կանանց: Կային նաեւ անչափահաս աղջիկներ: Շատերը բռնի ուժով էին զբաղվում մարմնավաճառությամբ ու չէին վճարվում:

 Իրականում այս ոլորտում որեւէ լուրջ ու ամբողջական ուսումնասիրություն չի արվել, ճշգրիտ տվյալներ չկան: Մինչ օրս մենք դեռ չենք հասկացել, որ բացի մարմնավաճառությունից թրաֆիքինգի այլ դրսեւորումներ էլ կան: Բոլորովին ուսումնասիրված չէ աշխատանքային թրաֆիքինգը, երեխաների որդեգրումը, օրգանների վաճառքը: Մի ժամանակ ես սկսեցի զբաղվել դրանցով, բայց հոգեբանորեն չկարողացա ավարտել սկսած գործս: 

Հավանաբար լսել եք այնպիսի պատմություններ, որոնք տպավորվել են Ձեր մեջ: 

Յուրաքանչյուր կյանքի պատմությանը ծանոթանալիս քեզ թվում է, թե դրանից դաժան ճակատագիր չկա: Բայց դրան հաջորդող դեպքերն ավելի դաժան են լինում: Ինձ վրա հատկապես ազդել էր սեւանցի մի աղջկա կյանքի պատմությունը: Ես ցնցվել էի: 15-ամյա աղջնակը կորցրել էր ծնողներին ու ապրում էր տատի հետ: Թմրամոլ հորեղբայրը սկսել էր շահագործել նրան. չի թողել տուն մտնի, քանի դեռ փող չի աշխատել: Հետո աղջկան տարել էին մանկատուն: Այնտեղից փախել էր: Ծանոթացել էր մի կնոջ հետ, ով նրան առաջարկել էր մեկնել Գերմանիա` ֆոտոմոդել աշխատելու: Սակայն, նա հայտնվել էր Դուբայում: Այնտեղ նրան վաճառել էին մի շեյխի: Շեյխի տված փողերով կարողացել էր Հայաստան գալ: Իր համար Սեւանում տուն էր գնել, բայց հետո պարզել էր, որ հորեղբայրը վաճառել է այն: Ու ցավալին այն էր, որ աղջկան թվում էր, թե իր կյանքում կատարվածի համար միայն ինքն է մեղավոր. փորձել էր ինքնասպան լինել: Այդ ամենի միջով անցնելով` մնացել էր լավատես, շարունակում էր սիրել մարդկանց, հավատալ: 

 Մեկ այլ դեպք էլ եմ հիշում, շատ էի ազդվել: Արցախյան կռիվներին մասնակցած մի կնոջ խաբել էին, կրկին տարել Դուբայ: Մի երիտասարդ տղա էին վարձել, ով ձեւացրել էր, թե սիրահարվել է այդ կնոջը եւ ուզում է ամուսնանալ: Ամուսնության համար փող աշխատելու համար առաջարկել էր մեկնել Հունաստան, բայց հայտնվել էին Դուբայում: Այնտեղ վերցրել էր կնոջ անձնագիրն ու հեռացել: Այդ կնոջը 3 անգամ վաճառել էին: Նա կռվի ժամանակ տեսել էր թշնամի տղամարդու դաժանությունները, բայց չէր կարողանում հավատալ, որ հայն էլ է ընդունակ նման քայլերի: Ես էլ այդ մարդկանց հետ վերապրում եմ իրենց կյանքը: Այդքանը լսելուց հետո երբեմն սկսում ես նույնիսկ ցինիկաբար նայել հայ մարդու ստեղծովի կերպարին: Մինչեւ հիմա չեմ մոռանում այդ կանանց աչքերը: 

Եղե՞լ են դեպքեր, որոնց մասին չեք խոսել, գրել: 

Այո, կան: Ես` որպես հայ, չեմ ուզում, որ շատ պատմություններ տարածվեն աշխարհում: Այն, որ հայ կանայք կամ տղամարդիկ ի վիճակի են այդքան դաժան լինել հայրենակցի նկատմամբ: Ի վերջո, ուսումնասիրությունները կատարվում են միջազգային կազմակերպությունների նախաձեռնությամբ ու պետք է ներկայացվեն ամբողջ աշխարհին: Երբեմն մտածում եմ՝ գուցե հետագայում այդ պատմությունները շահարկվեն, օգտագործվեն մեր դեմ: 

Իսկ թրաֆիքինգի խնդրում ինչ-որ գծով առանձնանու՞մ է Հայաստանը: 

Ես չէի ասի, թե մենք յուրահատկություններ ունենք այս խնդրում: Կրիմինալ խմբերը չունեն ազգային պատկանելություն, գործընթացները նույնն են: Բայց մեզ մոտ շատ թույլ է օրենսդրությունը, հանցավորները գրեթե անպատիժ են մնում: Դրա համար էլ մեր պետությունը դառնում է նաեւ մուտքի երկիր: Չնայած ոչ մի երաշխիք չկա, որ խիստ օրենքներ լինելու դեպքում մեր պետությունը կկիրառի դրանք: Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածում զոհի աջակցության մասին ոչ մի դրույթ չկա: Թեեւ, անգամ հասարակությունը հոգեբանորեն չի աջակցում զոհին: Մարդիկ ընկալում են նրան որպես մարմնավաճառի: Իմ կարծիքով` նման մոտեցման պատճառ են դարձել միջազգային կազմակերպությունները: Նրանք են բերել այդ կոնցեպցիան` շեշտը դնելով մարմնավաճառության վրա: 

Մեր կառավարական հանձնաժողովներն էլ ջայլամի քաղաքականություն են վարում, գլուխները կախ չեն ուզում տեսնել` ինչ է կատարվում: Իսկ ընդհանրապես, այս պրոբլեմը դարձել է կռվախնձոր: Սոցապ նախարարությունն ուզում է իր մոտ հանձնաժողով ստեղծել, Արտաքին գործերի նախարարությունը` իր մոտ: Իրականում մենք չպետք է կռվենք հանձնաժողովների համար: Պարզվում է` դեռ ապրում ենք ցինիկ ու անտարբեր հասարակության մեջ, ուր կռիվ է գնում կրկին աթոռի համար: Ինձ համար տհաճ է գիտակցել, որ սկսում ենք քայլեր ձեռնարկել միայն այն ժամանակ, երբ կա հումանիտար օգնությունից զրկվելու մտավախություն: 

Դրա մի դրսեւորումն էլ այն չէ՞, որ մի շարք հասարակական կազմակերպություններ սկսել են զբաղվել թրաֆիքինգով: 

Ես միշտ ասել եմ, որ միջազգային կազմակերպությունները կոռումպացնում են մեր երկիրը: Նրանք գալիս են պատրաստ ծրագրերով, շահարկում են մեր փող չունենալու հանգամանքն ու աշխատեցնում: Օրինակ՝ անցյալ տարի ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը դասընթաց էր կազմակերպել ծերանոցի ծերերի համար: Բայց մի՞թե նրանք զոհ լինելու հրատապ վտանգի տակ էին: Թրաֆիքինգով շատ հասարակական կազմակերպություններ են զբաղվում: Սակայն որեւէ բան համակարգված, կազմակերպված չի արվում: Ամեն ինչ դեկորատիվ բնույթ ունի: Հայկական որոշ կազմակերպություններ էլ, օգտվելով փող ստանալու հնարավորւոթյունից, իրականությանը չհամապատասխանող թվային տվյալներ են հրապարակում: Մենք մեզ հաշիվ չենք տալիս մեր արարքների համար: Չենք հասկանում, որ մեր մասին միայն վարկաբեկող բաներ գրելով` մեզ հասցնում ենք ստրկային մակարդակի: Ունենք ինքնակոչ էքսպերտներ, որ անգամ մի զոհի հետ չեն շփվել, բայց գրում են իրենց ուսումնասիրությունների մասին: Մեծ փողեր են ծախսում, սեմինարներ, կոնֆերանսներ են կազմակերպում, ու այդպես էլ ոչինչ չի փոխվում: Բոլորին թվում է, թե ԱՄՆ-ից մեծ գումարներ են գալու Հայաստան, դրա համար էլ տեղի-անտեղի ծրագրեր են կազմում: Ամերիկացիների խոսքով ասած` թրաֆիքինգը դարձել է «sexy idea»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter