
ԱԻՆ-ը կկիրառի ԵՄ փորձը՝ բնակչության դիմակայունության բարձրացման գործընթացում
Օգոստոսի 9-ին ԱԻ նախախար Դավիթ Տոնոյանն ընդունեց Եվրամիության «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արեվելյան տարածքում» (PPRD EAST 2) ծրագրի ղեկավար Սերգեյ Անագնոստիի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց PPRD EAST-2 ծրագրի իրականացման ընթացքը Հայաստանում՝ դիտարկելով այն որպես ԵՄ առաջնորդող նախաձեռնություն: Ծրագրի շրջանակում իրականացվում է արտակարգ իրավիճակների ոլորտում ինստիտուտցիոնալ և օրենսդրական բազաների բարելավում, Եվրամիության բնակչության պաշտպանության մեխանիզմի փորձի փոխանակում և կիրառում Հայաստանում բնակչության պաշտպանության ոլորտում կարողությունների զարգացման նպատակով, ուսուցման և ուսումնավարժանքների միջոցով ընդունող պետության ազգային աջակցման համակարգի հնարավորությունների զարգացում, տարածաշրջանային ռիսկերի էլեկտրոնային ատլասի կատարելագործում և հնարավորությունների ընդլայնում, ինչպես նաև՝ հանրային իրազեկման տեղեկատվական ռազմավարության բարելավում:
Իր խոսքում Դ.Տոնոյանն անդրադարձավ PPRD EAST-2 ծրագրի միջոցով Հայաստանում արտակարգ իրավիճակների ոլորտում Եվրամիության հետ համագործակցության հնարավորությունների ընդլայնման ու ԵՄ փորձի կիրառմամբ բնակչության պաշտպանվածության, դիմակայունության մակարդակների և աղետների ռիսկերի նվազեցման հնարավորություններին:
Որպես բնակչության դիմակայունության բարձրացման կարևոր մեխանիզմ՝ նախարար Տոնոյանն ընդգծեց փրկարարական կամավորական ուժերի ձևավորումը և աղետների կորուստների տվյալների գնահատումը (disaster data loss)՝ ԵՄ փորձի կիրառմամբ:
Գնահատելով ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացված միջոցառումները՝ կողմերը փաստեցին, որ բավական մեծ առաջընթաց կա ընդունող պետության Ազգային աջակցման համակարգի հնարավորությունների զարգացման և ռիսկային գոտիների քարտեղագրման գործընթացում:
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը հանրային իրազեկման մեխանիզմների բարելավման և կամավորական ուժերի ձևավորման ուղղություններով:
Մեկնաբանել