Ներքաղաքական լարվածության ժամանակագրություն
13 ապրիլի - Գիշերը ժամը 2-ին ոստիկանները ռետինե մահակներով հարձակվում են խաղաղ ցուցարարների վրա: Տասնյակ մարդիկ վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց: Ճշգրիտ տեղեկություններ տուժաների թվի վերաբերյալ առայժմ չկան: Շատերը վախենում են դիմել բժշկի, որովհետեւ ոստիկանության աշխատակիցները կիմանան նրանց մասին: Ձերբակալվում են ԱԺ պատգամավորներ Արշակ Սադոյանը, Ալեքսան Կարապետյանը, Շավարշ Քոչարյանը, ինչպես նաեւ «Հանրապետություն» կուսակցության անդամներ Վաղարշակ Հարությունյանը (նախկին Պաշտպանության նախարար) եւ Արտակ Զեյնալյանը, ՀԺԿ կուսակցության մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանը:
Ժամը 13:00-ին ոստիկանները շրջապատում են ՀԺԿ գրասենյակը, որտեղ այդ ժամին մամուլի ասուլիս էին հրավիրել Ստեփան Դեմիրճյանը եւ Վազգեն Մանուկյանը: Տասնյակ լրագրողներ դուրս են գալիս գրասենյակից եւ սկսում նկարահանումներ կատարել: Ոստիկանները կամաց-կամաց հեռանում են:
12 ապրիլի - Ցուցարարները երթով շարժվեցին դեպի Նախագահի նստավայր:
Ազգային ժողովի շենքի մոտ իրավապահները Բաղրամյան պողոտան փակել էին փշալարերով ու ջրցան մեքենաներով: Բարձրախոսներով մեքենան կանգնեց փշալարերի մոտ: Հանրահավաքը շարունակվեց հենց այդտեղ:
Ընդդիմության 4 պատգամավորներ՝ Վիկտոր Դալլաքյանը, Գրիգոր Հարությունյանը, Սմբատ Այվազյանը եւ Գագիկ Կոստանդյանը, փորձում էին Ազգային ժողով մտնել՝ խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպելու: Ոստիկանները պատգամավորներին արգելեցին մտնել ներս:
Իշխանական կոալիցիայի երեք կուսակցությունները՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ «Օրինաց երկիր»-ը տարածել են համատեղ հայտարարություն, որով բոյկոտել են այսօր կայանալիք խորհրդարանական եռօրյան:
11 ապրիլի - Ազատության հրապարակում ցուցարարները շարունակում են նստացույցը:
Շարունակվում են նաեւ ձերբակալությունները:
10 ապրիլի - Ազատության հրապարակում տեղի է ունենում ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը:
Հայտարարվում է, որ երկուշաբթի օրը երթով գնալու են դեպի Նախագահի նստավայր:
Պաշտոնական աղբյուրների համաձայն` ապրիլի 9-ից ի վեր ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել 61 քաղաքացիներ, որոնցից 31-ը դատարանի որոշմամբ ենթարկվել է 2-6 օրյա վարչական կալանքի:
Ընդդիմության տվյալներով` ձերբակալվել է ավելի քան 250 մարդ:
9 ապրիլի - «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության համատեղ չարտոնաված հանրահավաք է կազմակերպվում Ազատության հրապարակում:
Հանրահավաքի ընթացքում որոշվում է անժամկետ նստացույց անել Ազատության հրապարակում՝ մինչեւ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը:
Հանրահավաքից հետո սկսվում են ցույցին մասնակցած անցանձ ձերբակալությունները:
Դատարանների որոշմամբ մարդիկ տարբեր ժամկետներով վարչական կալանքի են դատապարտվում:
Գիշերը մի քանի հարյուր մարդ անցկացնում է Ազատության հրապարակում:
8 ապրիլի - Ընդդիմության հանրահավաքից առաջ փակվում են մայրաքաղաք տանող բոլոր մայրուղիները: Իշխանությունները փաստորեն անում են ամեն ինչ, որպեսզի մարզերից հնարավորինս քիչ բնակիչներ մասնակցեն «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության հանրահավաքին:
7 ապրիլի - Միավորված ընդդիմությունը հանդես է գալիս համատեղ հայտարարությամբ:
«Ո'չ բռնությունները, ո'չ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա կամակատարների բացահայտ սպառնալիքները այլեւս չեն կարող կանխել Հայաստանում օրինական իշխանության ձեւավորմանն ուղղված ժողովրդական պայքարի ալիքը, որը նոր թափ է առնելու ապրիլի 9-ին Երեւանում կայանալիք հանրահավաքով: Իսկ բռնությունների եւ սադրիչ քայլերի հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ապօրինի հրահանգները կատարող անձանց վրա»,-ասված է հայտարարության մեջ:
Երեւանի քաղաքապետարանը մերժել է Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպելու մասին ընդդիմության դիմումը:
«Մենք հանդիպելու ենք Ազատության հրապարակում, որովհետեւ մենք դա նպատակահարմար ենք գտնում եւ նպատակահարմար է գտնում ժողովուրդը»,-ապրիլի 7-ի ասուլիսում հայտարարել է «Արդարություն» դաշինքի առաջնորդներից ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
«Արդարություն» դաշինքի ղեկավարները հրաժարվում են ներկայանալ դատախազություն: Նրանց հրավիրել են մարտի 30-ին հարուցված քրեական գործով որպես վկա հացաքննելու:
5 ապրիլի - «Ազգային միաբանություն» կուսակցության հանրահավաքին օլիգարխների թիկնապահները բռնություններ են կիրառում լրագրողների նկատմամբ:
4 ապրիլի - Ձերբակալվում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը:
30 մարտի - ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել «Արդարություն» դաշինքի այն անդամների եւ «նրանց հարող անձանց դեմ, ովքեր հրապարակային հայտարարություններ են արել իշխանությունը, սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու վերաբերյալ, վիրավորել են իշխանության ներկայացուցիչներին»:
28 մարտի - Գյումրիում «Արդարություն» դաշինքը հանրահավաք է կազմակերպում, որտեղ բռնություններ են կիրառվում ցուցարարների նկատմամբ: Քաղաքացիական հագուստով ոստիկանները ձվերով հարվածում են միտինգի կազմակերպիչներին: Ձերբակալվում են ընդդիմության ակտիվիստներ` խուլիգանություն կատարելու մեղադրանքով:
Լուսանկարները` Օնիկ Գրիգորյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել