HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներքաղաքական լարվածության ժամանակագրություն-2

16 ապրիլի - Ընդդիմության՝ Ազատության հրապարակում հայտարարված հանրահավաքը տեղափոխվեց Մատենադարանի մոտ: Օպերայի եւ բալետի պետական թատրոնի շենքում նշվում էր Ոստիկանության օրը: 

 Ազատության հրապարակը զբաղեցված էր ավտոմեքենաներով եւ չորս կողմից փակ էր: «Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունը հանրահավաքում համատեղ հայտարարություն արեցին: 

«Ժողովրդավարացման ճանապարհին հիմնական խոչընդոտը հասարակության հետ բոլոր կամուրջներն այրած Ռոբերտ Քոչարյանն է եւ նրա կամակատարները, որոնց հեռացման հասարակական պահանջը հնարավոր է իրականացնել եւ կիրականացվի քաղաքական խաղաղ միջոցներով»,-ասված է հայտարարության մեջ: Հաջորդ հանրահավաքը նշանակված է ապրիլի 21-ին: 

15 ապրիլի - Հայաստանյան 70 հասարակական կազմակերպություններ արտոնված հանրահավաք անցկացրին Մատենադարանի մոտ: 

 Նրանք իրենց բողոքն արտահայտեցին ընդդեմ բռնությունների եւ երկրում ծավալված քաղաքական հետապնդումների: 

«Ո'չ ոստիկանական պետությանը», «Անտարբերությունը հանցագործություն է», «Ո'չ հատուկ միջոցներին», «Մենք չենք վախենում», «Ոչ պետական ահաբեկչությանը», «Ոչ փշալարերին» կարգախոսներով եւ պաստառներով մոտ հազար մարդ երթով գնաց դեպի Ազգային ժողովի շենք, որտեղ ոստիկանությունը ապրիլի 13-ին բռնություններ էր գործադրել՝ խաղաղ ցուցարարներին ցրելով: Ցույցի կազմակերպիչները եւ մասնակիցները հիմնականում երիտասարդներ էին: «Մենք չենք ուզում ապրել մի երկրում, ուր քաղաքական հարցերը լուծվում են բռնի ուժով, ուր միակ փաստարկը մահակներն են եւ բռնի ուժը: Սա մեր քաղաքն է, եւ մենք չենք ուզում, որ այն լինի ասիական հետամնաց բռնակալության մայրաքաղաք»,-ասում է ելույթ ունեցող մի երիտասարդ: 

 Ցույցի մասնակիցները փուչիկներ կախեցին Ազգային ժողովի երկաթե ձողապարսպին: Փուչիկների վրա գրված էր՝ «Ազատ խոսք», «Ազատություն»: 

ՀՀ գլխավոր դատախազությունը Քրեական օրենսգրքի 300 (պետական իշխանությունը յուրացնելը), 301(ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր) եւ 318 (իշխանության ներկայացուցչին վիրավորելը) հոդվածներով մեղադրանք է առաջադրել Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին: 

 Քր. օր-ի 300-րդ հոդվածը նախատեսում է ազատազրկում մինչեւ 10-15 տարի: 

«Հանրապետություն» կուսակցությունը բացում է ոստիկանության կողմից ապրիլի 13-ին փակված գրասենյակի դուռը: Ոստիկանները ջարդել էին գրասենյակի գույքը, տարել փաստաթղթեր, համակարգիչներ: 

Կառավարող քաղաքական կոալիցիան երկխոսություն առաջարկ է անում ընդդիմությանը: 

 Այս հայտարարությունից մի քանի ժամ առաջ «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը հայտարարել էր. «Խոսել երկխոսության մասին կարելի է միայն այն բանից հետո, երբ պատասխանատվության կենթարկվեն, այդ թվում նաեւ՝ քրեական, մարդիկ, ովքեր կատարել են հանցագործություններ եւ բռնություններ: Ընդ որում՝ նաեւ այն անձինք, ովքեր իրականացրել են կեղծիքներ, մասնակցել են նախագահական ընտրությունների ժամանակ կատարված կեղծիքներին: Բայց չընտրված նախագահի հրաժարականի պահանջը մնում է մեր օրակարգում»: 

14 ապրիլի - Ապրիլի 12-ի գիշերվա լույս 13-ի իրադարձություններից հետո բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը նամակ-հայտարարություն է տարածել, որով հայտնել է, թե որոշել է վերադարձնել 1999 թվականին Ռոբերտ Քոչարյանի կողմից իրեն շնորհված «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանը: Բանաստեղծուհու բնակարանը գտնվում է Բաղրամյան պողոտայի հարեւանությամբ, եւ ոստիկանության կողմից այնտեղ իրականացված բռնություններից հետո նա կարծում է, որ Քոչարյանը պետք է հեռանա: 

«Ես, 1999 թվականին, ծննդյանս 80-ամյակի առթիվ այդ ձեռքից ստացել եմ «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշան: Հետագա տարիներին Ռոբերտ Քոչարյանի ամեն մի ազգավնաս քայլի ժամանակ, ցանկացել եմ ետ վերադարձնել այդ շքանշանը: Ապրիլի 12-ի ողբերգական գիշերից հետո այլեւս երկմտելու տեղ չի մնացել: Ուստի ես խորին ցավով եւ սուրբ Մեսրոպի հանդեպ անմեղ-մեղավորի անորսալի զգացողությամբ ետ եմ վերադարձնում ստացածս շքանշանը, իմ այս քայլը համարելով հայ մտավորականի ցասման եւ բողոքի արտահայտություն ստեղծված արգահատելի կացության դեմ»-գրել է Ս. Կապուտիկյանը: Իսկ նամակ-հայտարարությունը բանսատեղծուհին ավարտել է հետեւյալ խոսքերով. «Պարոն Քոչարյանը, եթե իսկապես մտահոգ է մեր հայրենիքի ճակատագրով, եթե ուզում է, որ վերականգնվի մեր ժողովրդի երկու հատվածների՝ 88 թվականին հրաշքներ գործող միասնականության ոգին, պետք է հեռանա քաղաքական ասպարեզից: Ուրիշ ելք չկա»: 

Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունը որոշել են ապրիլի 16-ին կրկին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: 

«Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակի չհրկիզվող պահարանից ոստիկաններից հետո, ինչպես նշել է նրա ղեկավար Արտաշես Գեղամյանը, անհետացել է «շուրջ տասը հազար դոլարին համարժեք գումար»: 

ԱՄՆ պետդեպարտամենտը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ. «Ոստիկանության կողմից իրականացվող ֆիզիկական բռնությունները, քաղաքական կուսակցությունների գրասենյակների վրա հարձակումները եւ ընդդիմության ակտիվիստների զանգվածային ձերբակալությունները չեն նպաստում քաղաքական երկխոսության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելուն»: 

Ապրիլի 13-ի ոստիկանության բռնությունների առնչությամբ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերն ասել է. «Ժողովրդավարական պետությունում մարդիկ ազատ են հավաքվել եւ արտահայտել իրենց կարծիքը, նույնիսկ եթե նրանք քննադատում են նախագահին կամ կառավարությանը: Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին երաշխավորել Մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայում ամրագրված բոլոր իրավունքները»։ 

Ձերբակալված ընդդիմադիր պատգամավորներ Շավարշ Քոչարյանը, Արշակ Սադոյանը եւ Ալեքսան Կարապետյանը ազատ արձակվեցին: 

Լուսանկարները` Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter