HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Ժնեւի համաշխարհային գագաթաժողովը Տեղեկատվական հասարակության մասին

Աշխարհի բնակչության կեսից ավելին ապրում է թշվառության մոտեցող պայմաններում։ Նրանց մթերքը անբավարար է, նրանք համաճարակների զոհ են։ Նրանց տնտեսական կյանքը պարզունակ է եւ լճացած. Պատմության մեջ առաջին անգամ մարդկությունը տիրապետում է գիտելիքի եւ հմտության՝ թեթեւացնելու այդ մարդկանց տառապանքները… Ես կարծում եմ, որ մենք պետք է տրամադրենք խաղաղասեր մարդկանց մեր կուտակած տեխնիկական գիտելիքի օգուտները, որպեսզի օժանդակենք նրանց՝ իրականացնելու ավելի լավ կյանքի իրենց ձգտումները… Արտադրողականության մեծացումը բարեկեցության եւ խաղաղության հիմնական գործոնն է։ Իսկ արտադրողականության մեծացման հիմնական գործոնը ժամանակակից գիտական եւ տեխնիկական գիտելիքի ավելի լայն եւ ավելի վճռական կիրառությունն է։

Հարրի Թրումեն (1949) 

Մենք լիովին հասու ենք այն բանին, որ տեղեկատվական տեխնոլոգիաների հեղափոխության օգուտները հավասար կերպով չեն բաշխված զարգացած եւ զարգացող երկրների միջեւ, ինչպես նաեւ հասարակությունների ներսում։ Մենք լիովին հանձնառու ենք՝ դարձնելու այս թվանշային բաժանումը թվանշային պատեհություն բոլորի համար եւ հատկապես նրանց, որ ենթակա են հետ մնալու եւ հետագա մարգինալացման վտանգին… Բարենպաստ պայմաններում այս տեխնոլոգիաները կարող են լինել արտադրողականության բարձրացման եւ տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման եւ բոլորի կենսապայմանների բարելավման հզոր գործիք։

«Սկզբունքների հռչակագիր» (Ժնեւ, 2003) 

2003 թ. դեկտեմբերի 10-ից 12-ը Ժնեւում տեղի ունեցավ Տեղեկատվական հասարակության (ՏՀ) խնդիրներին նվիրված համշխարհային գագաթաժողով։ Գագաթաժողովի ընդունած հիմնական փաստաթղթերն են «Սկզբունքների հռչակագիրը» եւ «Գործողությունների պլանը»։ Ծանոթանանք այս փաստաթղթերի հիմնական դրույթներին ու նախատեսվող անելիքներին, ապա նաեւ քննության առնենք, թե ինչ կարող են նշանակել դրանք Հայաստանի՝ գագաթաժողովի պաշտոնական մասնակցի եւ նախաձեռնությանը միացած երկրի համար։ 

 Ինչպես հայտնի է, Արեւմուտքում ՏՀ-ի կառուցման առաջին ծրագրերը մշակվեցին 1990-ականներին ԱՄՆ-ի (1993) եւ Եվրամիության (1994) կողմից։ Չենք մոռացել նաեւ, որ նման մի ծրագիր 1995-ին ստեղծվել է նաեւ ԱՊՀ-ի շրջանակում («ԱՊՀ-ի անդամ երկրների ընդհանուր տեղեկատվական տարածության հայեցակարգ» եւ «Գործողությունների պլան»)։ Ընդ որում, եվրոպական եւ ԱՊՀ-ի ծրագրերը, անկախ դրանց արժանիքներից եւ ճակատագրից, արդեն իսկ չէին վերաբերում առանձին երկրի, այլ մի խումբ երկրների կոլեկտիվ ձգտումների եւ ընդհանուր նպատակների արտահայտություն էին։ Այս առումով, եթե առաջինը կարելի է համարել խմբային հաջողության օրինակ, ապա երկրորդի անհաջողությունը կարող է խիստ ուսանելի լինել համագործակցության անդամ երկրների համար։ 

 Այս ծրագրերի հռչակումից մեկ տասնամյակ անց մենք ականատես ենք այս անգամ արդեն համաշխարհային նախաձեռնության, որը, հարկ է խոստովանել, բոլորովին այլ բան է եւ չի կարող համեմատվել նախորդ ծրագրերից եւ ոչ մեկի հետ։ Այս նախաձեռնության հավակնությունների համամոլորակային մասշտաբն է, հավանաբար, Սկզբունքների հռչակագրի ոգեւորության եւ լավատեսության պատճառը. «Մենք՝ աշխարհի ժողովուրդների ներկայացուցիչներս, հայտարարում ենք մեր ընդհանուր ցանկության եւ հանձնառության մասին՝ կառուցելու մարդկանց շահերով առաջնորդվող, բոլորին ներառելու եւ դեպի զարգացում միտված Տեղեկատվական հասարակություն, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է ստեղծել, ունենալ իր տրամադրության տակ, օգտագործել եւ ուրիշներին հաղորդել տեղեկատվություն եւ գիտելիք, որ թույլ կտա անհատներին, համայնքներին ու ժողովուրդներին իրականացնելու իրենց ամբողջ ներուժը՝ նպաստելով իրենց կայուն զարգացմանը եւ կյանքի որակի բարելավմանը»։ 

 Ինչեւէ, Սկզբունքների հռչակագիրը որեւէ սկզբունքային նորություն չի պարունակում։ Թերզարգացած երկրների տնտեսական զարգացման կեսդարյա փորձից հետո, իհարկե, նորություն չէ համաշխարհային մասշտաբով մարդկային թշվառությունը հաղթահարելու, «ծայրահեղ աղքատությունը եւ սովը վերացնելու» նպատակով նոր տեխնոլոգիաներին ապավինելու մղումը։ Ինչպես հուշում է որպես բնաբան Ամերիկայի նախագահ Թրումենի պաշտոնակալման ելույթից բերված հատվածը, համամոլորակային զարգացման նախորդ նախագիծը ունեցել է գրեթե նույն դրդապատճառները եւ ոգեշնչման նման աղբյուրներ։ Հիմնական սկզբունքները եւ հասկացությունները (թվանշային բաժանում, համընդհանուր ծառայություն եւ այլն) նույնպես նոր չեն, հայտնի են եւ հասկանալի, ասենք, Եվրամիության ծրագրից («Եվրոպայի ուղին դեպի Տեղեկատվական հասարակություն») կամ զարգացող երկրներում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) տարածման փորձի ուսումնասիրությունից։ 

 Այսպիսով, մի կողմից առկա է վիթխարի անհավասարություն երկրների միջեւ եւ երկրների ներսում, իսկ մյուս կողմից կարծեք թե ակնհայտ են ՏՀՏ-ի ընձեռած անսահմանափակ եւ ոգեշնչող հնարավորությունները։ Աշխարհում տիրող այս իրավիճակը նշված փաստաթղթերում ներկայացվում է այսպես կոչված թվանշային բաժանման (ԹԲ) եւ այդ բաժանումը հաղթահարելու լեզվով։ ԹԲ-ի հասկացությունը առաջ է եկել դեռեւս 1990-ականների կեսին։ Այն կարելի է հասկանալ որպես տեղեկատվության, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների եւ ծառայությունների, ինչպես նաեւ` համապատասխան հմտությունների եւ գիտելիքի մատչելիության տարբերություն, որն առաջ է գալիս աշխարհագրական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ այլ պատճառներով։ 

 Այս բաժանումը հաղթահարելու նպատակով Գագաթաժողովում հաստատված Գործողությունների պլանը նախատեսում է անելիքներ մինչեւ 2015 թվականը։ Սակայն առայժմ լուրջ տարաձայնություններ եւ անորոշություն կա ծրագրերի ֆինանսավորման հետ կապված. արդյո՞ք այն պետք է իրականացվի առկա միջազգային կազմակերպությունների միջոցով, թե՞ պետք է փնտրել նոր եղանակներ եւ ֆինանսավորման նոր աղբյուրներ։ Այդուհանդերձ, տեսնենք, թե որոնք են գագաթաժողովի առաջադրած նպատակները, ինչ հնարավորություններ են բացվում երկրների համար եւ ինչ պարտավորություններ են ստանձնում մասնակից երկրների կառավարությունները։

Հիմնական սկզբունքները եւ գործողությունները 

 Հաշվի առնելով ՏՀ-ի կառուցման փորձի, գոյություն ունեցող մոտեցումների բազմազանությունը, զարգացող երկրների որդեգրած ռազմավարությունների տարբերությունը եւ այլ հանգամանքներ` անկարելի էր ակնկալել համամոլորակային ՏՀ-ի կապակցված եւ ամբողջական մոդել կամ հայեցակարգ։ 

 Սկզբունքների հռչակագիրը նման հավակնություններ չունի էլ։ Փոխարենը ձեւակերպվում է (բոլորին) ներառող ՏՀ կառուցելու հիմնական սկզբունքների մի խումբ, որ գտնում ենք հռչակագրի «Տեղեկատվական հասարակություն բոլորի համար. հիմնական սկզբունքներ» բաժնում. «…հարկ է, որ բոլոր շահագրգիռ կողմերը աշխատեն միասին՝ բարելավելու տեղեկատվական եւ հաղորդակցական ենթակառույցի եւ տեխնոլոգիաների, ինչպես նաեւ տեղեկատվության եւ գիտելիքի մատչելիությունը, ստեղծելու ունակություններ, բարձրացնելու ՏՀՏ-ի օգտագործման վստահությունը եւ անվտանգությունը, ստեղծելու նպաստավոր միջավայր բոլոր մակարդակներում, զարգացնելու եւ ընդլայնելու ՏՀՏ-ի կիրառությունները, աջակցելու մշակութային բազմազանությանը, ճանաչելու տեղեկատվամիջոցների դերը, կարեւորելու ՏՀ-ի էթիկական ասպեկտները եւ քաջալերելու միջազգային եւ տարածաշրջանային համագործակցությունը»։ 

 Այս առաջնորդող սկզբունքներն այնուհետեւ Գործողությունների պլանի մեջ վերափոխվում են գործողությունների ուղղությունների։ Ավելի մանրամասն ներկայացնենք դրանցից մի քանիսը։

 Ինչպես տեսնում ենք, առաջին հերթին ընդգծվում է բոլոր շահագրգիռ կողմերի պատասխանատվությունը եւ համատեղ աշխատելու պատրաստակամությունը։ Այսպես, օրինակ, կառավարությունը պետք է կարողանա մասնավոր սեկտորի եւ քաղաքացիական հասարակության աջակցությամբ մշակել եւ գործադրել պատշաճ ազգային էլեկտրոնային ռազմավարություն։ Միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններն իրենց հերթին պետք է նպաստեն ՏՀՏ-ի օգտագործումը կայուն զարգացման ընթացքի մեջ ներգրավելու գործին։ 

 ՏՀ-ի կառուցման համար հիմնական գործոն է տեղեկատվական եւ հաղորդակցական ենթակառույցը։ Երկրի կառավարությունը պարտավոր է մշակել եւ գործադրել այնպիսի քաղաքականություններ, որ նպաստավոր պայմաններ ստեղծվեն «կայունության, կանխատեսելիության եւ արդարացի մրցակցության համար» այնպես, որ ոչ միայն ներգրավվեն ներդրումներ ՏՀՏ-ի ենթակառույցի զարգացման համար, այլեւ բավարարվեն համընդհանուր ծառայության պարտավորությունները։ (Ավելացնենք, որ Եվրոպական Հանձնաժողովը սահմանում է համընդհանուր ծառայությունը որպես ընդունելի գնով, համընդհանրության, հավասարության եւ շարունակականության սկզբունքների վրա հիմնված եւ բոլոր օգտվողների համար մատչելի տեղեկատվական-հաղորդակցական ծառայությունների որոշակի նվազագույն մակարդակ։)

 Ինչպես նշված է փաստաթղթում, ՏՀ-ը պետք է հիմնված լինի մշակութային ինքնատիպության, մշակույթների եւ լեզուների, ավանդույթների եւ կրոնների բազմազանության նկատմամբ հարգանքի վրա, խթանի այդ հարգանքը եւ աջակցի մշակույթների եւ քաղաքակրթությունների միջեւ երկխոսությանը: Սա նշանակում է, մասնավորապես, որ յուրաքանչյուր երկրի կառավարություն պետք է իրականացնի պատշաճ մշակութային քաղաքականություն, որպեսզի նպաստի մշակութային, կրթական եւ գիտական բովանդակության արտադրությանը, տեղեկատվական եւ հաղորդակցական ծառայություններից օգտվողների լեզվական եւ մշակութային համատեքստին հարմարեցված մշակութային արդյունաբերության զարգացմանը։

 Տեխնոլոգիաների մատչելիությանը օժանդակող գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերելու հնարավորություն պետք է ունենա յուրաքանչյուր ոք։ Այլապես մարդիկ անկարող կլինեն օգուտներ քաղել ՏՀ-ի ընձեռած հնարավորություններից։ Միեւնույն ժամանակ պետք է ապահովվի ՏՀՏ-ի օգտագործման վստահությունը եւ անվտանգությունը, սպառողների անձնական տվյալների եւ մասնավորության պաշտպանությունը, կանխվի անօրինականությունը (ռասիզմ, բռնություն, խտրականություն, մարդկանց շահագործում)։

Անելիքներ, պարտավորություններ եւ վերահսկման մեխանիզմներ 

 Այսպիսով, յուրաքանչյուր երկիր, որը դառնում է այս նախաձեռնության մասնակից, պարտավորվում է մշակել եւ իրականացնել որոշակի պայմանների բավարարող ազգային ռազմավարություն, ինչպես նաեւ մի շարք համապատասխան քաղաքականություններ։ Սակայն երկրների պարտավորությունների թվում կան շատ ավելի որոշակի անելիքներ նույնպես, որոնք վերաբերում են ՏՀՏ-ի տարածմանն ու օգտագործմանը։ Նրանք պարտավոր են նշված ժամանակահատվածում ՏՀՏ-ի միջոցով. 

 -կապակցել գյուղերը եւ հաստատել հանրային մատչելիության կետեր,

 -կապակցել գիտական եւ հետազոտական կենտրոնները, համալսարանները եւ դպրոցները, ինչպես նաեւ տարրական եւ միջին դասարանների ուսումնական ծրագրերը հարմարեցնել ՏՀ-ի պահանջներին ( մտցնելով ՏՀՏ-ին նվիրված առարկաներ) եւ քաջալերել տեղական լեզվով բովանդակության ստեղծումը,

 -կապակցել հանրային գրադարանները, մշակութային կենտրոնները, թանգարանները, փոստատները եւ արխիվները,

 -կապակցել առողջապահական կենտրոնները եւ հիվանդանոցները,

 -կապակցել տեղական ե կենտրոնական կառավարման մարմինները՝ հաստատելով ոստ-կայքեր (վեբ սայթեր) եւ էլ-հասցեներ։ 

Առաջարկվում են նաեւ գնահատման եւ վերահսկողության եղանակներ։ Այսպես, ելնելով ազգային զարգացման քաղաքականություններից եւ տեղական պայմաններից, պետք է հաստատվեն հատուկ ցուցանիշներ, որոնց օգնությամբ կարելի է գնահատել տվյալ երկրի առաջընթացը դեպի ՏՀ։ Այս ընթացքը ենթակա է միջազգային վերահսկման եւ գնահատման։ Միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունները պետք է շարունակաբար գնահատեն ազգերի համար ՏՀՏ-ի մատչելիությունը եւ զեկուցեն այդ մասին։ Յուրաքանչյուր երկրի հետ միասին, հաշվի առնելով տեղական պայմանները, պետք է մշակվի եւ գործողության մեջ դրվի ՏՀՏ-ի զարգացման բաղադրյալ ինդեքս, որը կհրապարակվի տարին կամ երկու տարին մեկ, ՏՀՏ-ի զարգացման զեկույցի մեջ։ 

 Ինչպես արդեն նշվեց, այս փաստաթղթերում ազգերի եւ հասարակական շերտերի տեխնոլոգիական թերզարգացածությունը կամ հետամնացությունը մեկնաբանվում է թվանշային բաժանման լեզվով, որն անշուշտ իր մեջ թաքցնում է բացահայտ պարզունակացում։ Չէ՞ որ ԹԲ-ը չի հայտնվում դատարկ տեղում, այլ թվանշանային արտահայտությունն է երկրների ու տարածաշրրջանների, ինչպես նաեւ հասարակության՝ ունեւոր եւ չունեւոր խավերի միջեւ արդեն իսկ գոյություն ունեցող տարատեսակ բաժանումների։ Շատ հավանական է, օրինակ, որ համակարգչային կամ ՏՏ-ի անգրագիտությունը լինի հենց սովորական անգրագիտության հետեւանքը եւ շարունակությունը, որ երկրները բաժանող թվանշային անջրպետը պարզ հետեւանքը լինի արդյունաբերական դարաշրջանից ժառանգված տեխնոլոգիական բաժանման եւ այլն։ Այս հանգամանքներն են հենց ստիպում ՏՀ-ին նվիրված գագաթաժողովում խոսելու նաեւ «ծայրահեղ աղքատության վերացման» եւ «համընդհանուր տարրական կրթության ապահովման» խնդիրների մասին։ 

 Մյուս կողմից՝ ԹԲ-ի հասկացությունը ավելի լավ արտահայտում է շուկայի ցանկությունը՝ շուտափույթ հաղթահարելու այս խոչընդոտը եւ գրավելու նորանոր տարածքներ, երկրներ ու հասարակություններ։ Ակներեւ է, որ այս նախաձեռնության հաջողությունը նոր շուկաներ եւ հեռանկարներ է խոստանում շատ կորպորացիաների (համակարգիչների եւ ծրագրաշարերի վաճառք, ենթակառույցների ստեղծում, ծառայությունների առաքում եւ այլն)։ 

 Բնականաբար, փաստաթղթերում ոչինչ չի ասվում զարգացման հավանական վատ սցենարների եւ դրանց հետեւանքների մասին։ Եւ կամ այն մասին, թե ինչպես պաշտպանել մշակութային բազմազանությունը, երբ ամերիկյան մշակույթը եւ անգլերեն լեզուն տիրապետում են մեդիայում եւ հատկապես ինտերնեթում, երբ տիրապետող գլոբալ մշակույթի իշխանության պայմաններում տեղական մշակույթները դատապարտված են մարգինալացման…

Հայաստանը տեղեկատվական հասարակության ճանապարհին 

 Հասկանալի է, որ նման գագաթաժողովում պաշտոնական ելույթների մեծ մասը հիմնականում ձեւական բնույթ ունի։ Հավուր պատշաճի ասված խոսքեր եւ արտահայտություններ (կիբեռտարածություն, էլեկտրոնային զարգացում եւ այլն), որոնք նաեւ ցույց կտան, թե այս կամ այն երկրի ղեկավարը տիրապետում է տվյալ լեզվին։ Այդուհանդերձ, ավելորդ չէ կարդալ դրանցից մի քանիսը։ Ադրբեջանի նախագահի ելույթը կարելի է կարճ վերաշարադրել այսպես. Ադրբեջանը ունի նավթ, ուստի կարող է ունենալ մնացած ամեն ինչ, այդ թվում՝ տեղեկատվական հասարակություն։ Բայց, ցավոք, կամ մի խանգարող հանգամանք. Հայաստանը բռնազավթել է Ադրբեջանի տարածքի քսան տոկոսը։ Հայաստանի նախագահի ելույթում ՏՀ-ի ճանապարհին ընկած խոչընդոտներ չեն հիշատակվում, բայց նա նույնպես խոսում է իր երկրի ունեցած նախադրյալների մասին, որը, ինչպես դժվար չէ գուշակել, թե՛ ՏՏ-ի ոլորտում Հայաստանի ունեցած ավանդական կարողություններն են, թե՛ ներկա նվաճումները։ Բայց նա կատարում է նաեւ, մեղմ ասած, անզգույշ արտահայտություններ։ Տարակուսանք է հարուցում, օրինակ, որ «հավասարների հասարակություն ունենալու» համար Հայաստանի նախագահը կարիք ունի տեղեկատվական տեխնոլոգիաների։ Ենթադրենք, սակայն, թե հավուր պատշաճի կարելի է նաեւ այդպիսի բաներ ասել։

 Արդեն տասը տարի է, որ լսում ենք «Հայաստանը համարվում էր Խորհրդային Միության «Սիլիկոն վալի»-ն» արտահայտությունը, որը ոչ միայն մարկետինգային չափազանցություն է կամ գավառական ինքնամեծարման արտահայտություն, այլեւ պարզ թյուրըմբռնում։ Երբեք որեւէ մեկից չեք կարող իմանալ, թե հատկապես ով էր այդպես համարում, քանի որ այդ արտահայտությունը հորինվել է հենց Հայաստանում։ Այդուհանդերձ, այն հնչեց նաեւ Ժնեւում, Հայաստանի նախագահի բերանից։ Հասկանալի է, նախագահը նույնպես թուլություն ունի այդպիսի չափազանցությունների նկատմամբ, եւ դա հայտնի է եղել նրա ելույթը գրողներին։ Մանավանդ, որ սա միաժամանակ հաճոյանալու ձեւ է, մի տեսակ «տեղեկատվական» սիրախաղ Արեւմուտքի հետ։ Հուշենք, այդուհանդերձ, տեղեկատվական հասարակության հայոց նորաթուխ գաղափարախոսներին, որ Մանուել Կաստելսի հեղինակավոր «Տեղեկատվության դարաջրջան» աշխատության մեջ միանգամայն հիմնավորված ձեւով խոսվում է մերձմոսկովյան Զելենոգրադ քաղաքի՝ որպես Խորհրդային Միության «Սիլիկոն վալի»ի մասին։ Մի քաղաք, որն իսկապես ԽՄ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզի նորարարությունների բուն կենտրոնն էր։

 Իհարկե, պարտադիր չէ, որ երկիրն առաջնորդվի ժնեւյան սկզբունքներով, բայց հազիվ թե կարելի լինի ընդհանրապես յոլա գնալ առանց սկզբունքների, հազիվ թե կարելի է հիմնավորել ՏՀՏ-ի տարածման եւ օգտագործման ազգային քաղաքականությունների բացակայությունը։ Դեպի ՏՀ տանող որեւէ, այդ թվում՝ վերը նկարագրված, ճանապարհի համար հայաստանյան ներկա իրադրությունը հազիվ թե կարելի է լավ մեկնակետ համարել. չափից ավելի շատ են բացթողումներն ու պակասությունները։ Հայաստանում այս պահին չկա նույնիսկ որեւէ կառավարման մարմին, որը կոչված կլիներ եւ կկարողանար կատարել Ժնեւում ստանձնած պարտավորությունների նվազագույն մասն իսկ։ Վարչապետին կից հանձնաժողովը, որը զբաղվում է ՏՏ-ի արդյունաբերության հարցերով, բոլոր առումներով անկարող է նման խնդիրներ լուծել՝ չունենալով ոչ համապատասխան լիազորություններ, ոչ էլ, մանավանդ, պատշաճ փորձագիտական կարողություններ։ Ավելին, իր բուն շահագրգռություններով այն վճռական մի իմաստով հակադիր է այն ամենին, ինչ վերաբերում է ՏՀ-ի նախաձեռնությանը։ Չէ՞ որ այսօր Հայաստանի ՏՏ-ի արդյունաբերությունը, մեծապես կողմնորոշված լինելով դեպի արտահանում, որոշակիորեն զարգանում է տեղական շուկայի զարգացման, սոցիալական, մշակութային եւ այլ ասպարեզներում ՏՀՏ-ի ներդրման, տարածման եւ օգտագործման ընդլայնման, որ ի վերջո հենց նշանակում է՝ ՏՀ-ի կառուցման, հաշվին։ Այս իմաստով, չի բացառվում նույնիսկ ՏՀ-ի կառուցման ծրագրերի ծառայեցումը ՏՏ-ի արդյունաբերության զարգացման նպատակներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter