
Զբոսաշրջության ոլորտում բացթողումների մասին
Օրերս կայքերից մեկում ցավով կարդացի այն մասին, թե ինչու ենք մենք զբոսաշրջիկների հետաքրքրասիրությունները բավարարելու հարցում զգալիորեն զիջում մեր հարևան երկրներին, թե ինչու են հանգստի մեկնող միլիոնավոր օտարազգիներ ճանապարհ բռնում, ասենք, դեպի Վրաստան` աչքաթող անելով հինավուրց ու պատմական վկայություններով հարուստ Հայաստանը: Հեղինակն այս ոչ այնքան հաճելի իրողությունը միանգամայն իրավացիորեն պայմանավորում է այն բազում բացթողումներով ու փնթիությամբ, որ այս առումով «մշտական գրանցում» են ստացել մեր կյանքում:
Ճիշտ է, այս ամենի հետ մեկտեղ անկարելի է աչքաթող անել և համընդհանուր ճանաչում ստացած մեր ազգային սրտաբացությունն ու բացառիկ հյուրասիրությունը, գների մատչելիությունը, ինչը շատ դեպքերում անկեղծորեն հիացմունք է պատճառում արտասահմանցի հյուրերին: Ի դեպ, հենց գրեթե միաժամանակ համակարգչով կարելի է հետեւել մի խումբ ռուս զբոսաշրջիկների հեծանվային արշավին Հայաստանի տարածքներով, տեսնել, զգալ, թե ինչպիսի հաճելի պահեր ապրեցին նրանք, թեև ճիշտ է և այն, որ այդ հետաքրքրասերներին զարմացրեց մի անսովոր անակնկալ՝ հասնելով հինավուրց մի սրբավայր` հյուրերը ոչ մի կերպ չէին կարողանում իմանալ, թե ուր են եկել, չիմացան, քանի որ նույնիսկ մի ցուցանակ չէր հայտնում կարևոր ու անհրաժեշտ տեղեկատվություն:
Հենց այս առումով կուզենայի ավելացնել եւս մեկ տարօրինակ բացթողման մասին, ինչը տարիներ շարունակ անուշադրության է մատնված արդեն Երևանում: Մեր մայրաքաղաքը զարդարում են պատվարժան հայերին պատկերող բազում հուշարձաններ ու բոլորի վրա, բնականաբար, նշված են նրանց անունները: Մեզ համար, հասկանալի է, այս առումով ոչ մի հարց չկա, բայց եկեք պատկերացնենք, դիցուք, Կանադայից ժամանած մի զբոսաշրջիկի են հետաքրքրել այս կոթողները, և նա ցանկանում է իմանալ, թե ովքեր են նրանք: Ի՞նչ է, նա պետք է անցորդների՞ դիմի, և մի՞թե սա կլինի քաղաքակրթության դրսևորում: Չի կարելի, արդյոք, Հ. Թումանյանի հուշարձանի հակառակ կողմում նույնը նշել անգլերեն, հասկանալի է` նշել նաև մյուս արձանների վրա: Զբոսաշրջիկները, անտարակույս, գոհ կմնան նման մոտեցումից:
Միհրան Աղուզումցյան
Թումանյանի հուշարձանի լուսանկարը` Վիկիպեդիայից
Մեկնաբանել