HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեբեդ թափվող կոյուղաջրերը վտանգում են մարդկաց առողջությունը

Ալավերդի այցելելիս աչքի է զարնում քաղաքի փոքրիկ «ջրվեժը»: Օտարերկրյա հյուրերի այն հարցին, թե ինչպես է կոչվում այն, ստիպված ես լինում կարկամել ու հետո միայն պատասխանել, որ դա բոլորովին էլ ջրվեժ չէ, այլ՝ Սարահարթ թաղամասի կոյուղաջրերն են, որ վերեւից թափվում են Դեբեդ: 

 Քաղաքի բարձրադիր հատվածի կոյուղագծերը երբեք միացված չեն եղել կոյուղու մաքրման կայանին: Նույն խնդիրն ունեն քաղաքի Սանահին ու Շահումյան թաղամասերը, սակայն մեկ տարբերությամբ միայն. այստեղ ջրվեժի փոխարեն իշխում են կոյուղաջրերից ծնունդ առած լճակները, որոնք հանգիստ հոսում են Դեբեդ: Կոյուղաջրերից ազատվելու ու դրանք մաքրման կայան ուղղորդելու համար պետք է խողովակաշար խողովակաշար կառուցել: Ըստ Ալավերդու քաղաքապետարանի՝ հարկավոր է շուրջ 180 միլիոն դրամ, ինչի հնարավորություն այս պահին չկա: Եթե նույնիսկ տեղական իշխանությունները կարողանան լուծել խողովակաշարերի կառուցման խնդիրը, ապա դրանով գետը կոյուղաջրերից փրկել չի լինի: Կպահանջվի եւս 50 միլիոն դրամ՝ գործարկելու կոյուղու մաքրման կայանը, որը վերջին անգամ աշխատել է 13 տարի առաջ: Կայանի անցյալի մասին հիշեցնում են միայն մաշված սարքավորումները, որոնք շուրջօրյա հսկում է æրմուղի կողմից նշանակված պահակը: Վերջերս Սանահին կայարանի թաղամասի յոթ բազմաբնակարան եւ մի քանի սեփական տներին կից տարածքում տեղադրվել է ընդամենը մեկ աղբարկղ: Սակայն աղբարկղերի սակավությունը միակ պատճառը չէ: Ինչպես հավաստեցին Ալավերդու քաղաքապետարանում, բնակիչներն արդեն սովորել են աղբը գետը լցնել, նույնիսկ, եթե աղբարկղեր կան: 

 Նման վիճակում է, ոչ միայն Ալավերդին, այլ նաեւ մարզի գրեթե բոլոր քաղաքները: 

 Սպիտակից դեպի Վանաձոր տանող ճանապարհին՝ գետի ափին դեռ պահպանվում է Սպիտակի կիսակառույց կայանը, որի հիմքերը խորհրդային տարիներին գցելուց հետո որեւէ այլ շինարարություն այդտեղ չի իրականացվել: Սպիտակի ամբողջ կոյուղին(ամիս` 27.000 խմ ) հայտնվում է Փամբակ գետում: Կոյուղաջրերի քանակը Վանաձորում ավելի քան 20 անգամ գերազանցում է մնացած քաղաքներին՝ օրական հասնելով 22.000 խմ-ի: Քաղաքի կոյուղու մաքրման կայանի կոյուղաջրերը ենթարկվում են միայն մեխանիկական մաքրման: Կայանի կենսաբանական ու քիմիական մաքրում ապահովող սարքերը վաղուց արդեն չեն ծառայում իրենց նպատակին: Կայանի տնօրեն Ռուդիկ Մալխասյանի կարծիքով՝ 20 միլիոն դրամ է հարկավոր կայանը գործարկելու համար: Ժամանակին խորհրդային իշխանությունները որոշել էին մարզում կառուցել կոյուղաջրերի կենսաբանական, քիմիական ու մեխանիկական մաքրման կայաններ: Սակայն միության փլուզումից հետո մաքրման կայանների կառուցման գաղափարը մնաց թղթի վրա: Այդ կայանները կառուցելու միջոցներ այսօր տեղական իշխանությունները չունեն: 

 Մաքրման կայանների չաշխատելու հետեւանքով մարզի կոյուղաջրերն այդպես էլ չեն մաքրվում: Լոռու մարզի տարածքում յուրաքանչյուր ամիս Դեբեդ գետի ավազան է լցվում շուրջ 800.000 խմ կոյուղաջուր, որը կազմում է գետի ջրերի 0.1%-ը: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գետավազանի 100 լիտր ջրում պարունակվում է 2 լիտր կեղտաջուր: 

 Լոռու բնապահպանական տեսչության լաբորատորիայի վարիչ Մելանյա Ստեփանյանը պարզաբանեց. «Մեր կատարած ուսումնասիրություններով 1988թ. նոյմբերին Վանաձոր մաքրման կայանից 100 մետր հեռու Փամբակ գետից վերցրած ջրի անալիզներից պարզվել է, որ մեկ լիտր ջրում կա 26 մգ ամոնիակ, իսկ նորման չպետք է գերազանցի 0,5 միլիգրամը: Այս ժամանակ քաղաքի բոլոր գործարանները աշխատում էին: Վանաձորում է գտնվում քիմիական հսկա գործարանը: 2001թ. ուսումնասիրության արդյունքներով մեկ լիտր ջրում ամոնիակի պարունակությունը 3,5 մգ է: 2003-ին ամենաբարձր ցուցանիշը եղել է 4,5 մգ: Նշենք, որ այս տարիների ընթացքում գործարանները չեն աշխատել, եւ ջրի մեջ ամոնիակի պարունակության բարձրացումը կոյուղաջրերի հետ է կապված: 

Գետի ջրերում քլորի, սուլֆատների եւ մնացած աղերի պարունակությունը չի գերազանցում սահմանված նորմերը, սակայն կոյուղաջրերի առկայությունը անուղղակի ձեւով չնչին, աննշան ազդեցություն ունեն դրանց քանակի ավելացման վրա: Այսինքն՝ կոյուղաջրերը միայն նպաստում են ամոնիակի քանակի ավելացմանը, ինչն էլ ջրում թթվածնի պակաս է առաջացնում: Եվ որքան ավելանում է ամոնիակը, այնքան ջրում մեծանում է թթվածնի պահանջարկը: 

Կազմակերպությունը հաշվառել է Փամբակ, Ձորագետ եւ Դեբեդ գետերի երկայնքով տեղակայված այն բոլոր օբյեկտները, որոնք ուղղակի կամ անուղղակի աղտոտում են գետավազանի ջրերը: Դրանց թիվը հասնում է 238-ի, որոնց շարքում մեծ տեղ են գրավում կենցաղային-կոմունալ աղտոտման աղբյուրները (գետի երկայնքով տեղադրված զուգարաններ, խորովածանոցներ): Կոյուղաջրերին խառնվում է նաեւ մարզի տարբեր բնակավայրերի կենցաղային աղբը: «Աղբահանություն ոչ բոլոր տեղերում եւ ոչ լրիվ է կատարվում: Տարբեր տեղեր թափված աղբը անձրեւների հետ նույնպես հայտնվում է գետի ջրերում»,-եզրակցնում է Հանրապետական բնապահպանական տեսչության Լոռու տարածքային բաժինը: Մարզի բոլոր բնակավայրերում էլ աղբահանությունն իրականացնելու համար տեղական բյուջեներից գումարներ են հատկացվում: Այլ է, սակայն, գետին հարակից թաղամասերում: Հաճախ սեփական տների շինարարական ու կենցաղային աղբն ուղղակի հայտնվում է գետի ջրերում, որտեղ առայժմ քիչ քանակ են կազմում արտադրական ծագում ունեցող նյութերը: 

 Արտադրական ձեռնարկություններից Ալավերդու «ACP» ընկերությունն է, որ իր գործունեությամբ ազդում է գետավազանի էկոլոգիական հավասարակշռության վրա: Ընկերության ճարտարագետ, էկոլոգ Սուրեն Երիցյանը փաստում է, որ ընկերության արտահոսքերն իրենց բաղադրությամբ մոտ են գետի ջրի բաղադրությանը, նույնիսկ գետի ջրում նավթամթերքների քանակը մոտ ութ անգամ ավելին է, քան ձեռնարկության արտահոսքում: Ներկայումս «ACP»-ն ուսումնասիրություններ է կատարում փակ շրջապտույտով ջրօգտագործման նոր համակարգ ներդնելու ուղղությամբ, որով էլ «կբացառվեն ձեռնարկության արտահոսքերը Դեբեդ»: Ախթալայի «Մեթըլ փրինս» ընկերության արտահոսքերը եւս լցվում են Դեբեդ: Գետ են թափվում նաեւ ընկերության պոչամբարում կուտակվող նյութերը: 

«Քանի դեռ տնտեսական-կենցաղային եւ որոշ չափով արտադրական հոսքաջրերը հիմնականում առանց նախնական-սպեցիֆիկ եւ կենսաբանական մաքրման ու առանց վնասազերծման թափվում են Դեբեդ, գետի ջրերով ոռոգում կատարելը կարող է առանձին հիվանդությունների, վարակների աղբյուր հանդիսանալ գյուղմթերքների միջոցով»,-նշում է Բնապահապանական տեսչության Լոռու տարածքային բաժինը: Լոռու հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր բժիշկ Կարինե Միրզոյանը չի բացառում վարակների տարածումը գետի ջրերով, ասենք, օրինակ, գյուղատնտեսական մթերքների, գետի ջրերում լողանալու միջոցով: 

 Իրավիճակն այսպես էլ կշարունակվի, եթե չկարգավորվեն կոյուղու մաքրման կայանների աշխատանքն ու աղբահանության խնդիրները: 

 Ավազանի ներկայիս վիճակը բարելավելու նպատակով «Ջրային ռեսուրսների կառավարում Հարավային Կովկասում» (DAI) ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել գետավազանային խորհուրդ: Դրա կազմում կընդգրկվեն պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, համայնքների ներկայացուցիչներ, որոնց համատեղ ջանքերով կմշակվեն ավազանի խնդիրների լուծման առաջարկներ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter