HY RU EN

Վահե Սարուխանյան

Ռուսական «Իլ-76» հրշեջ ինքնաթիռը հասնում է Հայաստան

Չկարողանալով սեփական ուժերով մարել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը եւ չունենալով համապատասխան օդանավ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն օգնության խնդրանքով դիմել էր ռուս գործընկերոջը՝ Վլադիմիր Պուչկովին: Այսօր տարածված ԱԻՆ հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ռուսական կողմը դրական է արձագանքել խնդրանքին:

Ինչպես կարող ենք տեսնել թռիչքներին առցանց հետեւող flightradar24.com կայքում, ՌԴ ԱԻՆ «Իլ-76ՏԴ» ինքնաթիռը Երեւանի ժամանակով 16:18-ին մեկնել է մերձմոսկովյան Ժուկովսկու օդանավակայանից, որտեղ բազավորվում են ռուսական ԱԻՆ-ի օդանավերը:

Անցնելով Վորոնեժի, Դոնի Ռոստովի, Կրասնոդորի ու Սոչիի վրայով՝ RA-76841 կողային համարով ինքնաթիռն այս պահին գտնվում է Սեւ ծովի երկնքում եւ մոտենում է Հայաստանին: Այն շահագործում է ՌԴ ԱԻՆ-ի «Ավիացիոն-փրկարարական ընկերությունը»:  

ՀՀ ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ օդանավը 19:20-ին վայրէջք է կատարելու Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում: «Իլ-76»-ը մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների վրա կարող է ուղղել ավելի քան 42 տոննա ջուր, ինչպես նաեւ ստեղծել 800 մ երկարությամբ եւ 60 մ լայնությամբ սահմանազատող գոտի։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, որը դեռեւս չի մարվել:

Առաջին լուսանկարում՝ RA-76841-ը մեկնել էր Չիլի՝ մասնակցելու այդ երկրում բռնկված անտառային հրդեհների մարման աշխատանքներին, որին մասնակցում էր նաեւ ամերիկյան «Boeing 747-400»-ը (երկրորդ պլանում). 01.02.2017