
Արագած Ախոյանի ընկերությունը չի ավարտել Վարդենիսի դպրոցի շինարարությունը. գյուղացիները մտադիր են դիմել վարչապետին
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանի «Սպիտակ կամար» ընկերությունն արդեն 5-րդ տարին է` չի ավարտել Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի շինարարությունը: Չնայած անձնակազմն ու աշակերտները ցրտերն սկսելուն պես տեղափոխվել են նոր դպրոց, որովհետև հին դպրոցը վթարային էր և այլևս ձմռանը հնարավոր չէր այնտեղ դաս անցկացնել, սակայն դպրոցն ամբողջությամբ դեռ շահագործման չի հանձնվել:
Դպրոցի տնօրեն Ավետիք Ավետիսյանը «Հետք»-ին ահազանգեց, որ կիսատ թողնված շինարարական աշխատանքներն այս օրերին չեն շարունակվում: Շենքի մի մասն է մասնակի ավարտված: Առ այսօր չեն սարքվել սպորտ դահլիճը, հանդիսությունների դահլիճը, չեն իրականացվել դպրոցի բակի բարեկարգման աշխատանքները:
Հիշեցնենք, որ դեռևս 2011թ.-ին կառավարությունը հաստատել էր 430,7 մլն դրամ արժեքով Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի կառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթների արդյունքները: 2013թ.–ին Քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը պետական գնման պայմանագիր է կնքել կապալառու «Սպիտակ կամար» ընկերության հետ: Պայմանագրային արժեքը կազմել է 420 մլն դրամ:
Շինարարական աշխատանքների ձգձգման հետևանքով դպրոցի երկհարկանի շինությունը 2015-ի գարնանը լցվել էր անձրևաջրերով, որովհետև պատգամավորի ընկերությունը դրա նախորդ տարին չէր կարողացել տանիքի կառուցման աշխատանքներն ավարտին հասցնել: Շինության ներսում գաջապատման աշխատանքներ էին կատարվել: Այնուհետև գարնանը, որպեսզի երկրորդ հարկը ջրից ազատեն, շինարարները ծակել էին պանելները:
Շենքի հյուսիսային կողմի վթարային մուտքի աստիճանավանդակներն էլ ծածկ չունեն, և այժմ էլ այդտեղից են անձրևաջրեր լցվում նորակառույց շենք, ինչի հետևանքով խոնավացել, բորբոսապատվել է շենքի այդ հատվածը:
«Խոստացել էին դրա վրա ծածկ անել, դա էլ չեն արել: Մի խոսքով` շատ ու շատ բաներ են խոստացել ու չեն արել»,- ասում է տնօրեն Ավետիք Ավետիսյանը:
Դպրոցի հանձնումը մի մասով է եղել, մնացած մասով դեռևս հանձնման ակտը չի ստորագրվել:
«Մեզ նաև գույքի խնդիրն է շատ անհանգստացնում, որ մինչև հիմա միայն մարզպետարանն է Սոցներդրումներով աշակերտական սեղան-նստարաններ տվել, ուրիշ ոչ մի բան չկա` ոչ համակարգիչներ, ոչ այլ պարագաներ: Նոր դպրոցը պետք է ունենա նոր համալրում»,- ասում է տնօրեն Ավետիսյանը:
ԾԻԳ-ին են տեղեկացրել, որ աշխատանքներ չեն կատարվում: Սակայն առ այսօր ոչ մի քայլ չի նախատձեռնվել: Դպրոցի անձնակազմն ու գյուղացիները մտադիր են դիմել վարչապետ Կարեն Կարապետյանին: Նրանք մտավախություն ունեն, որ տաք եղանակներին աշխատանքներ չիրականացնելու պատճառով ևս մեկ տարով կձգձգի դպրոցի վերջնական շահագործման հանձնման գործընթացը:
Մեկնաբանել