HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Գուրզադյան

Ռուբիկոնն անցնելու դրաման

սկիզբը` Էպիկենտրոն ընկնելու դիալեկտիկան

Էպիկենտրոն ընկնելու դիալեկտիկան պայմանավորված է Ռուբիկոնն անցնելու դրամայով: Արձանագրված պատմական հիշողությունը վկայում է, որ գրեթե 2050 տարի առաջ, մ.թ.ա. 49 թվականին Հուլիոս Կեսարն անցնելով Հռոմեական հանրապետության սահման հանդիսացող Ռուբիկոն գետը' գրավեց իր հայրենիքն ու նոր կարգավիճակ տվեց աշխարհագրական այդ վայրին, էապես որոշարկելով նրա պատմամշակութային դերն աշխարհում:

Կեսարի վերապրած դրաման նախաերեւույթն էր բոլոր այն ինքնագիտակցված գործողությունների, որոնք ոգեպատմական պրոցեսները որակական տրանսֆորմացիայի` փուլային անցման են բերում: Սառույցը ջուր կամ գոլորշի դառնալիս փոխում է իր որակական գոյության ձեւը' մնալով նույն էությունը: Բոժոժը թիթեռ դառնալով որակական հեղաշրջում է ապրում' մնալով նույն էությունը: Բնության ամենամեծ գաղտնիքներից մեկը, որ հատուկ է թե անօրգանական, թե օրգանական աշխարհին, կերպափոխության, մետամորֆոզի օրենքն է: Այն տեսանելիացնում է հոգեւորի էվոլյուցիոն բնույթը, որի հիմքում ընկած է փուլային զարգացման ռիթմիկ օրինաչափությունը: Մետամորֆոզի բարձրագույն կետում ներքինի, հոգեւորի էվոլյուցիան համընկնում է արտաքինի, ձեւի ռեւոլյուցիայի հետ: Այսինքն' այդ կետում էվոլյուցիան դառնում է ռեւոլյուցիա, իսկ ռեւոլյուցիան` էվոլյուցիա: Հենց այդ պահին է, որ տվյալ էությունն անխուսափելիորեն պիտի անցնի Ռուբիկոնը: Անցնելուց առաջ նա պիտի զոհաբերի իր նախկին ձեւն ու մտնի իր նոր բովանդակությանը համապատասխանող նոր ձեւի մեջ: Ռուբիկոնն անցնելու դրաման բխում է տվյալ մետամորֆոզի դրամատուրգիայից:

Մետամորֆոզի հայրենիքը երեւակայության աշխարհն է: Յուրաքանչյուր մետամորֆոզ իր Ռուբիկոնն ունի: Ռուբիկոնն անցնում է տրամաբանության աշխարհի եւ երեւակայության աշխարհի եզրագծով: Վերջավորի ոլորտում էութենական պրոցեսների հիերարխիան ամփոփված է սահմանների մեջ: Սահմանների վրա այդ պրոցեսներին բացվում են զարգացման նոր հորիզոններ: Սահմանների վրա են բացվում սահմանափակության եւ անսահմանության գաղտնիքն ու դրանց փոխներթափանցման ուղին: Այդ ճանապարհին է կայանում հավերժականի, անվերջի եւ ժամանակայինի, վերջավորի հանդիպումը: Սահմանամերձ վայրերում տվյալ համակարգի կամ օրգանիզմի անընդհատությունն ունենում է ֆունկցիոնալ խզումներ: Այդ իսկ պատճառով սահմանի վրա անցորդից պահանջում են տվյալ համակարգի տրամաբանությունը վկայող անցաթուղթ ու ստուգում են նրա բեռը:

Սահմանի վրա թագավորում է կասկածն ու անվստահությունը. փախուստի, դավաճանության ուրվականը: Մթնոլորտում ապրում է վախը: Սահմանի վրա իշխում են տվյալ համակարգի սահմանափակության էգոիզմն ու կոնսերվատիզմը, այդ սահմանափակության հաղթահարման իղձը: Սահմաններն իրականում խախտելու համար են գծված: Այդ քայլն անում են ավելի շուտ երեւակայությունից եւ ոչ թե տրամաբանությունից ելնելով: Սահմանամերձ վայրերում մեծանում է հայրենիքի եւ օտարության հակամարտությունը: Ամենազարմանալին սահմանը խախտելով հայրենիք եկողներն են, հատկապես այն ժամանակաշրջաններում, երբ հայրենիքից հեռացողները գերակշռող են: Էլ չասած հայրենիքը գրավողների մասին, որպիսին էր Կեսարը:

Ռուբիկոնն անցնելու դրաման «հայրենիքը գրավելու» եւ նրան նոր իմաստ, նոր կարգավիճակ տալու մեջ է: Նոր «քաղաքացիություն» ձեռք բերելու մեջ:

Տրամաբանությունը միշտ ենթադրում է կարգապահություն, ճշտապահություն, ճշգրտություն, իսկ երեւակայությունը միշտ հակված է անկարգապահության, անճշտապահության, անճշգրտության: Մերկ տրամաբանությունը գործ ունի լոկ ճշմարտության սխեմայի, ճշմարտության կմախքի հետ, որովհետեւ գալիս է անցյալից: Ծայրահեղ երեւակայությունը բերում է չափազանցության, վերամբարձության, անարխիայի, որովհետեւ ներխուժում է ապագայից: Տրամաբանությունը ժառանգվում է անցյալից, հիմնված է անցյալի, կայացած աշխարհի փորձի վրա, իսկ երեւակայությունը ծնվում է ապագայից, կայանալիք աշխարհի պոտենցիայից: Դրանց հանդիպման վայրում, դրանց հանդիպման ձեւից ներկայում ծնվում է համապատասխան իրականությունը իր ճշմարտության համապատասխան լիցքով: Կենդանի, լիարժեք ճշմարտությանը կարող է մոտենալ միայն այն տրամաբանությունը, որը ձգտում է դառնալ երեւակայություն, կարգապահ, ճշգրիտ երեւակայություն: Դա տեղի է ունենում այն ներկայում, որում անցյալը պատրաստ է անմնացորդ մետամորֆոզվել ապագայի: Տրամաբանության եւ երեւակայության բարձրագույն սինթեզում է բացվում ողջ ճշմարտությունը:

Իսկ այդ ձգտումն իրագործվում է գիտության եւ արվեստի սահմանին' այդ ոլորտներն անջրպետող Ռուբիկոնն անցնելու ազատության մեջ:

Ռուբիկոնն անցնելու դրամայի հիմքում ընկած է իրական ազատությունը նվաճելու ճշգրիտ երեւակայության դրամատուրգիան:

«Ռուբիկոն» ամսագիր, 1/11/2007

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter