
Ջերմուկում բջջային կապի ալեհավաքների համար գանձվող գումարները տնօրինում է համայնքապետարանը
Ջերմուկի «Ձախափնյակ» թաղամասի թիվ 26ա եւ 26բ 9 հարկանի շենքերի տանիքներին տեղադրված հեռահաղորդակցության կապի ալեհավաքները աչքի են զարնում քաղաքի ցանկացած անկյունից: Ջերմուկ խոշորացված համայնքում, ըստ քաղաքապետարանի տրամադրած գրավոր տեղեկատվության, տեղադրված է հեռահաղորդակցության կապի 9 ալեհավաք, որից Կարմրաշեն եւ Գնդեվազ բնակավայրերում ֆիզիկական անձերին պատկանող մասնավոր տարածքներում տեղադրված է մեկական ալեհավաք, մեկ ալեհավաք` Կեչուտում, իսկ մնացած 6-ը՝ Ջերմուկ քաղաքի տարածքում: Խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերից միայն Հերհերում չկա տեղադրված ալեհավաք:
Մոտ 6 հազար բնակիչ ունեցող Ջերմուկ քաղաքում չկան ձեւավորված համատիրություններ, եւ ալեհավաքներից ստացվող վարձավճարները մուտք են արվում համայնքային բյուջե: Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանն ասում է, որ տարիներ առաջ համատիրության ստեղծման փորձ եղել է, սակայն հաջողությամբ չի պսակվել: Նախաձեռնություն բնակիչները ցուցաբերել են 8-9 տարի առաջ, երբ տեղադրում էին հեռահաղորդակցության կապի առաջին ալեհավաքները: Առաջարկի հեղինակները 9 հարկանի երկու բնակելիների բնակիչներից են եղել, ովքեր հաշվարկելով ալեհավաքներից տարեկան գանձվող վարձավճարների չափը` որոշել են իրենք տնօրինել գումարը՝ համատիրության միջոցով:
Վարդան Հովհաննիսյանը
«Իրենք ուզում էին միայն երկու շենքի մակարդակով ստեղծել համատիրություն, որը հնարավոր չէր՝ պետք էր առնվազն շրջակայքի 6-7 շենքի սպասարկումն էլ հանձն առնել, որ համատիրություն ասվածը ծառայեր իր նպատակին: Իրենք չհամաձայնվեցին, ասում էին՝ չէ, էդ երկու շենքը տվեք մենք սպասարկումը կազմակերպենք: 5-րդ հարկի բնակիչը հետս կռվում էր, թե ճառագայթվողը մենք ենք, ուրեմն գումարն էլ մենք պիտի տնօրինենք: Ես էլ ասում էի՝ դեմ չեմ, բայց միայն երկու շենքով համատիրություն չի լինում, վերցրեք եւս մի քանի շենք: Բայց դա իրենց ձեռք չէր տալիս ու դրա համար էլ համատիրություն չձեւավորվեց»,- բացատրում է Վարդան Հովհաննիսյանը:
Քաղաքապետի փոխանցմամբ` մեկ ալեհավաքի համար ամսական գանձվում է 100 հազար դրամ վարձավճար: Սեփական տարածքները տրամադրած բնակիչներն իրենք են ստանում գումարը, քաղաքապետարանը տնօրինում է համայնքի սեփականություն հանդիսացող տարածքում տեղադրված ալեհավաքներից գանձվող գումարները: Սա չի ենթադրում տվյալ շենք-շինության նկատմամբ, որտեղ տեղադրված է ալեհավաքը, առանձնահատուկ մոտեցում կամ առաջնահերթություն նորոգչական աշխատանքների առումով:
«Ջերմուկում 52 բազմահարկ բնակելի կա: Բոլորի սպասարկումն իրականացնում է համայնքապետարանը բյուջեի հաշվին: Հիմա, որ ասենք էդ շենքի վրա ալեհավաք կա, էն մյուսի վրա չկա, ինչ անե՞նք, վերցնենք էդ սաղ գումարը ծախսեք տվյալ շենքի վրա, մնացածին անտեսե՞նք,- հարցնում է քաղաքապետը,-էն ժամանակ, որ էդ անտենաները չկային, մենք ինչ է, չէի՞նք սպասարկում 9 հարկանիները՝ իհարկե սպասարկում էինք: Ժամանակին երկու վերելակի համար 3-5 մլն դրամ ենք տրամադրել, նորոգել ենք, որ կարողանան մարդիկ 9-րդ հարկ բարձրանալ ու էդ ժամանակ անտենա չկար տանիքում տեղադրված, չանեի՞նք, որովհետեւ հավելյալ գումար չկա՞ր: Հիմա էդ գումարները մուտք են լինում բյուջե ու ծախսվում համայնքի կարիքների համար: Եթե լիներ համատիրություն, բնականաբար համատիրությունը կզբաղվեր էս հարցերով, հիմա չկա՝ մենք ենք անում»:
Ջերմուկի երկու 9 հարկանի բնակելիներում կա 72 բնակարան, սակայն ոչ բոլորն են մշտական բնակեցված: Բնակիչների մի մասը տարվա մեջ ընդամենը 3-4 ամիս է բնակվում, քիչ չեն նաեւ վարձակալության տված բնակարանները: Նշված բազմահարկերում մի քանի դռներ ապարդյուն թակելուց հետո, հնարավոր եղավ զրուցել բնակիչներից երկուսի հետ: Նրանք չցանկացան ներկայանալ: Տղամարդկանցից մեկը դա բացատրեց նրանով, որ «ինքը աշխատող է»: Սա Ջերմուկում առաջին դեպքը չէ, երբ բնակիչները հրաժարվում են անգամ ամենապարզունակ հարցի շուրջ հարցազրույց տալ եւ կարծիք հայտնել՝ վախենալով, թե իրենց կազատեն աշխատանքից:
Իմ զրուցակիցներն առաջարկեցին պարզապես տեսախցիկով ֆիքսել մուտքերի վիճակը՝ նշելով, որ դրանից առավել արտահայտիչ իրենք դժվար թե կարողանան ներկայացնել իրականությունը: Զրույցից պարզվեց, որ վերջին 10 տարում մուտքում նորոգման աշխատանքներ չեն իրականացվել: Շենքերի մուտքերը զրկված են դռներից, դրսի աստիճանավանդակները քայքայված վիճակում են: Ուրախացնողը վերելակների անխափան աշխատանքն է եւ դեպքից դեպք ներկվող տանիքը:
![]() |
![]() |
Տղամարդկանցից մեկը լավատեղյակ էր համատիրության ստեղծման ձախողված փորձից: Վերջինս նշեց, որ երկու շենքի սպասարկումն ապահովելու առաջարկը մերժվել է քաղաքապետարանի կողմից, իսկ մի քանի շենք ներգրավելը նախաձեռնող կողմի համար դժվարություն է հարուցել:
Ջերմուկում այս տարի նախատեսված է 10 մլն ԱՄՆ դոլարի ասֆալտապատում եւ բարեկարգում իրականացնել, այդ թվում, քաղաքապետի փոխանցմամբ՝ շենքերի մուտքերի եւ տանիքների նորոգում: Վարդան Հովհաննիսյանն ասում է, որ ծրագրի շնորհիվ նախորդ տարիներին չլուծված պրոբլեմները լուծում կստանան: Իսկ ինչ վերաբերում է համատիրությունների ստեղծմանը, ապա փորձում են որոշակի քայլեր անել, սակայն կա մի խնդիր, որն այդ ճանապարհին ամենամեծ խոչընդոտն է:
«Ջերմուկում տուրիստական սեզոնին, ինչպես գիտեք, մարդիկ իրենց բնակարանները օրավարձով են տալիս: Աջափում, օրինակ, բնակարանների մեծ մասը տուրիստների համար է նախատեսված: Շատ ջերմուկցիներ քաղաքում չեն ապրում: Գրանցված են այստեղ, մեր բնակիչն են, բայց ասենք ապրում են Երեւանում, բնակարանն էլ վարձով են տալիս: Սա է պատճառը, որ եթե անգամ համատիրություն ձեւավորվի, ապա չի կարողանա նորմալ աշխատել՝ ու՞մից գումար հավաքեն,-նկատում է Վարդան Հովհաննիսյանը,- դրա համար էլ որոշել ենք մի ձեւ մշակել, որով կկարողանանք էդ վարձով տրվող բնակարաններից վճար գանձել: Այ, էդ ժամանակ էլ հնարավոր կլինի համատիրություն ձեւավորել: Թե չէ մենակ անտենայի հույսով անհնար է: Դա էն գումարը չէ, որով կարելի է ասենք 10 շենք սպասարկել»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել