Հարկային տեսչությունները օրենքից դուրս
Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն «Աքիլլես» հասարակական կազմակերպությունը տեղեկություն ստանալու նպատակով 2004թ. հունվարի 13-ին դիմել էր Երեւանի 9 հարկային տեսչություններին: ՀԿ-ն խնդրել էր տրամադրել համայնքների վճարովի ավտոկանգառներին վերաբերող տեղեկություններ, մասնավորապես` ավտոկանգառների քանակը, դրանց համար առանձնացված ընդհանուր տարածքը` քառակուսի մետրով եւ հաստատագրված տարեկան ընդհանուր վճարումները 2001-2002թթ. տվյալներով:
«Աքիլլես»-ի գավոր հարցումին պատասխանել են միայն Կենտրոն եւ Շենգավիթ համայնքների տարածքային հարկային տեսչությունները: Սակայն, առաջինը տրամադրել էր ոչ թե Կենտրոն համայնքի ավտոկանգառներին վերաբերող տեղեկություններ, այլ ողջ Երեւանի ընդհանուր վճարովի ավտոկանգառների 2001-2002թթ. տվյալները: Շենգավիթի համայնքի հարկային տեսչությունից էլ պատասխանել են, որ այս համայնքում վճառովի ավտոկանգառների գործունեություն իրականացնող կազմակերպություններ հաշվառված չեն։
Արաբկիր եւ Էրեբունի համայնքի տեսչություններն ընդհանրապես չէին ընդունել գրավոր հարցումը: Արաբկիրի ՀՏ-ի ընդունարանի աշխատակիցն, ըստ էության, չկարողացավ պատճառաբանել՝ ինչու: Իսկ երկար պնդումներից հետո պատասխանեց, որ իրենց հարկային տեսչությունը միայն նախարարությունների եւ համայնքի հաշվետուների նամակներն է ընդունում: Շահումյան համայնքի ՀՏ-ից էլ տեղեկացանք, որ իրենք տվյալ ՀԿ-ից դիմում չեն ստացել: Մաշտոցի հարկային տեսչությունում թեեւ դիմումն ստացել են, գրանցել եւ ուղարկել սպասարկման բաժին, սակայն բաժնի աշխատողներից ոչ մեկը չէր պատկերացնում, թե որտեղ կարող է լինել այդ դիմումը: Այն կորել էր: Բաժնի աշխատակիցներն իրենց անփութությունը պատճառաբանեցին հունվար ամսվա «խառը վիճակներով» եւ խոստացան հաջորդ օրը գտնել ու ուղարկել հասցեատիրոջը՝ 3 ամիս ուշացումով: Խորհրդային համայնքի ՀՏ աշխատակիցները թեեւ նամակը չէին կորցրել, սակայն, համաձայնեցին դրան պատասխանել միայն մեր կողմից իրենց պարտականությունները հիշեցնելուց հետո:
Ամենահետաքրքիր պատասխանը ստացանք Քանաքեռ-Զեյթուն համայնքի հարկային տեսչությունից: Պետի տեղակալ Արմեն Խարխամյանը նախ վրդովվեց, թե ինչպես կարելի է ընդհանրապես պատասխանել ինչ-որ ՀԿ-ի եւ տալ, վճարովի ավտոկանգառներին վերաբերող, իր կարծիքով, նման «գաղտնի» տեղեկություններ: Հետո ավելացրեց, որ իրավաբանական բաժնի վարիչի հանձնարարականով նամակը ստանալու հենց հաջորդ օրը նրանք զանգել են «Աքիլլես» եւ հրաժարվել տեղեկություն տալ, մինչդեռ օրենքով պարտավոր են գրավոր հարցումին մերժել գրավոր՝ հիմնավորելով մերժումը: Մեզ հետ զրույցի ժամանակ պարոն Խարխամյանը նշեց, որ իրենց մոտ եղած բոլոր տեղեկությունները գաղտնի են: Իսկ երբ հիշեցրինք «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղեկություն տրամադրելու պարտավորության մասին, պարզվեց, որ պետի տեղակալն ընդհանրապես չգիտեր այդ օրենքի գոյության մասին: Հետո էլ եզրակացրեց, որ այդ օրենքը գործում է ոչ թե իրենց, այլ լրագրողների համար: Իսկ հարկային տեսչություններն իրավունք չունեն որեւէ տեղեկություն տրամադրել առանց վերադասի հետ համաձայնեցնելու: Վերջում էլ ավելացրեց, որ կարող էր նույնիսկ մեզ էլ չընդունել:
Այսպիսով, Երեւանի ինը հարկային տեսչություններից յոթը խախտել են օրենքը՝ չկատարելով իրենց տեղեկություն տրամադրելու պարտավորությունը. մեկը «հավես» չուներ ընդունել գրավոր դիմումը, մյուսի «գլուխը խառն էր», երրորդը` համոզված էր, որ իրենց տեսչությունում ամեն ինչ գաղտնիք է: Ու եթե կազմակերպություններին ու լրագրողներին են այսպես տալիս տեղեկատվություն, ապա պարզ է, թե ինչպես են հարկային տեսչություններում ընդունում հասարակ քաղաքացիներին։
Վարդուհի Զաքարյան
Հասմիկ Մկրտչյան
Լենա Նազարյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել