HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանե Գևորգյան

Ստարտափ. ինչ է այն, ինչպես է զարգացել և զարգանում

Ստարտափ մշակույթի և էկոհամակարգի մասին զրուցել ենք Համբարձում Քաղկեցյանի հետ։

Համբարձումը 2015 թվականին Սիլիկոնյան հովտում մասնակցել է Դրեյփեր համալսարանի ստարտափների կրթական ծրագրին։ Վերադարձել է Հայաստան ու շարունակել իր ստարտափը։ Ներդրումներ ստանալու նպատակով նորից մեկնել է Սիլիկոնյան հովիտ, որտեղ առաջարկել են սեփական փորձը կիսել մյուս ստարտափների հետ. այսինքն՝ լինել մենթոր ու դրան զուգահեռ նոր հմտություններ ձեռք բերել այդ միջավայրում։ Կես տարի հետո վերադարձել է Հայաստան։

Համբարձումը Smartgate VC-ի համահիմնադիրն է ու դրան զուգահեռ շարունակում է իր փորձով օգնել հայկական ստարտափներին։  

Ստարտափի սահմանումը

Ես նախընտրում եմ ամերիկացի գործարար, «The Lean Startup» գրքի հեղինակ Էրիկ Ռիսի սահմանումը՝ «Ստարտափը մարդկային ինստիտուտ է (ոչ ֆորմալ խումբ, գրանցված ընկերություն), որն աշխատում է ստեղծել նոր արտադրանք կամ մատուցել նոր ծառայություն՝ ծայրահեղ անորոշ, այսինքն՝ արագ փոփոխվող միջավայրում»։

Պետք է նկատի ունենալ, որ երկու տարբերակ կա՝ զրոյից մեկ դարձնել ու մեկից հազար։ Մեկից դեպի հազար ճանապարհին պարզապես բազմապատկում ես՝ դա ընթացք է, դժվարը զրոյից մեկ ստանալն է։ Դա էլ ստարտափի հիմնական խնդիրն է՝ նորարարությունը հենց այդտեղ է։ Ստարտափների մասին խոսելիս պետք է անպայման նկատի ունենալ գերարագ աճի (hyper growth) նպատակը, առանց որի ձգտելու, ստարտափ գոյություն չունի։

Թե երբ է ստարտափը դադարում ստարտափ կոչվելուց՝ այդքան էլ հստակ չէ։ Հավանական տարբերակներն են՝ ստարտափը դառնում է հանրային ընկերություն, այսինքն՝ հայտնվում արժեթղթերի շուկայում, ու ցանկացած մարդ հնարավորություն է ունենում գնել բաժնետոմսերը, ավելի մեծ ընկերությունը գնում է այն՝ դարձնելով իր մի մասը կամ, օրինակ, իր նպատակներին հասնելու համար ստարտափն այլևս արտաքին ֆինանսավորման կարիք չի ունենում։

Առաջին ստարտափների առաջացումը

Վենչուրային կապիտալի (VC)-ի՝ ռիսկային, բայց հեռանկար ունեցող ծրագրերում ներդրում անելու գաղափարն առաջ է քաշել Հարվարդի պրոֆեսոր Դորիոտն ու հենց ինքն էլ եղել է առաջին VC-ի հիմնադիրը։
Բախտ եմ ունեցել ճանաչել VC-ի պիոներներից մեկին, ով եղել է Սիլիկոնյան հովտի և, առհասարակ, ամբողջ Արևմտյան ափի (West Coast) առաջին VC-ներից մեկի հիմնադիրը։ 1959 թվականին ընկերությունը հիմնադրելուց հետո այցելել են տարբեր համալսարաններ, այդ թվում Ստենֆորդ, Բերկլի ու հարցրել ոչ թե ինչ ստարտափներ, այլ ինչ «հատուկ ծրագրեր» ունեն, որոնք մեծ հեռանկար ունեն ու դրանց շուկայականացման մեջ կարելի է գումար ներդնել։ Հենց այս ներդրումների շնորհիվ իրականություն դարձած առաջին սարքերից են, օրինակ, դեֆիբրիլյատորը, պատճենահանման մեքենան։

Սիլիկոնյան հովիտը՝ վերևից. լուսանկարի հեղինակ՝ Patrick Nouhailler

Սիլիկոնյան հովիտը՝ որպես ստարտափների կենտրոն

Նախ՝ ինչո՞ւ Սիլիկոնյան հովիտ։ Անվան հիմքում «սիլիցիում» բառն է, քանի որ չիպեր պատրաստելու համար սիլիցիում էին օգտագործում։ 70-ականներին Սիլիկոնյան հովտի մեծ մասը խնձորի և այլ այգիներ էին, իսկ հիմա բնակելի թաղամասեր, որտեղ բնակիչների մեծամասնությունը տեխնոլոգիական ընկերություններում աշխատող ինժեներներ են։

Ինչո՞ւ այս զարգացումը եղավ ոչ թե արևելքում, այլ արևմուտքում։ Կա մշակույթների հստակ տարբերություն. արևելքն ավելի պահպանողական է, ու, ինչպես Եվրոպայում, այնպես էլ Արևելյան ափում (East Coast) այդ շրջանում հաստատվում էին մեծահարուստ ընտանիքներն, ու այնտեղ կայանալն ավելի դժվար էր դառնում։ Եվրոպայում ու Արևելյան ափում ապրող ամբիցիաներ ունեցող և արկածախնդրության ձգտող մարդիկ գնում էին Արևմուտք։ Սան Ֆրանցիսկոն հիպիների մայրաքաղաքն է, իսկ նրանք ներքուստ պայքարող ու անհավասարության հետ չհամակերպվող տեսակ են։ Այսինքն՝ Սան Ֆրանցիսկոն ազատ մտածելակերպի մայրաքաղաք է՝ չկա մաշկի գույնի, խավի, հավատքի հետ կապված խտրականություն։ Այնտեղ մարդիկ չեն վախենում արտահայտվել, ռիսկի գնալ։ Սա առաջին նախադրյալն էր, իսկ երկրորդը` շատ լավ կրթական կենտրոնների՝ Ստենֆորդի և Բերկլիի առկայությունը։ Համարձակ մարդիկ ստանում էին լավ կրթություն, կանգնում գիտության եզրին, ու այստեղ հայտնվում էր երրորդ նախադրյալը՝ VC-ին, որը տալիս էր գումար ռիսկային քայլն իրականացնելու համար։ Կարծում եմ, որ սոցիալ-փիլիսոփայական տեսանկյունից այս երեք նախադրյալներն են մեծ ազդեցություն ունեցել այսօրվա Սիլիկոնյան հովտի կայացման հարցում։

Վենչուրային ներդրման՝ VC-ի առանձնահատկությունը

Որպես վենչուրային կապիտալի ամենակարևոր առանձնահատկություն պետք է նշել հետևյալը՝ այն թիրախավորում է մասշտաբայնացման մեծ ներուժ ունեցող ներդրումային ծրագրերը, և արժեքի գերակշիռ մասը ոչ այնքան ընթացիկ վիճակն ու դրամական հոսքերն են, որքան աճի ներուժն ու հեռանկարը: Հետևաբար, ի տարբերություն կապիտալի այլ տեսակների, վենչուրային կապիտալը բարձր ռիսկային է՝ միջին վիճակագրական վենչուրային նախագծի հաջողության հավանականությունը 1-10% է (կախված զարգացման փուլից), սակայն հաջողելու դեպքում հատույցը 10-100+ պատիկ է:  Հետևաբար ընդունված է, որ մեծահարուստներն իրենց ունեցվածքի միայն մինչև 1%-ը պետք է տեղաբաշխեն վենչուրային կապիտալի մեջ։

Ռիսկային, բայց մեծ եկամուտ ենթադրող այս ներդրման հետ կապված հետաքրքիր դեպք կա։ Սիլիկոնյան հովտի առաջին VC-ներից մեկի՝ Draper, Garther and Anderson ֆոնդի մեջ գումար ներդնողները Ռոքֆելլերներն էին։ Ներդրում անելու համար գնում են Հավայան կղզիներ, որտեղ առաջին բազմաբնակարան շենքերն էին կառուցում։ Որոշում են այլ տեխնոլոգիաների փոխարեն հենց դրա մեջ էլ ներդնել իրենց գումարը։ Նյու Յորքից նրանց կանչում են Ռոքֆելլեր պլազա ու զգուշացնում, որ գումարը տվել են ոչ թե նման նախաձեռնությունների, այլ որևէ ռիսկային նախագծի մեջ ներդնելու համար, որն իր մեջ գիտական բաղադրիչ կունենա ու հետագայում կապահովի մեծ կապիտալի վերադարձ։ Այսպես էլ ստեղծվել են VC-ներն ու ստարտափները։ Այսինքն՝ ստարտափը նոր արտադրանք, ծառայություն ստեղծելով պետք է դառնա գլոբալ ընկերություն։ Ստարտափը խնդիրը պետք է լուծի նորարարական ինչ-որ սկզբունքով. նորարարական կարող է լինել և՛ տեխնոլոգիան, և՛ բիզնես մոդելը։

Հայաստանի և Սիլիկոնյան հովտի ստարտափ էկոհամակարգերի հիմնական տարբերությունները

Մենք ապրել ենք մի միջավայրում, որտեղ շուկայական տնտեսություն չի եղել։ Սպառողի կարիքները հոգացել է պետությունը՝ այն էլ 5 տարվա հստակ պլանով՝ ինչ պետք է արտադրվի՝ որտեղ և որքան սպառելու հեռանկարով։ Շուկայական տնտեսությունը դա փոխում է. տեսնում ես՝ ինչ պահանջարկ կա, ստեղծում ես այն ու միանգամից գումար աշխատում։

Խորհրդային Միությունում նման գործունեությունն արգելված էր։ Այդ ժամանակ պետական մակարդակով նախապես որոշում էին՝ ինժեներներն ինչ նախագծի վրա պետք է աշխատեն, ու վերջիններիս մտքով անգամ չէր անցնում իրենց սեփական գործարանը բացել ու փող աշխատել։ Իսկ դրսում կար շուկայական տնտեսություն, մոտիվացիա, գումար աշխատելու հնարավորություններ։ Մեր ստարտափերները, եթե նույնիսկ ծնվել, բայց չեն մեծացել Խորհրդային Միությունում, միևնույն է, ծնողների, ուսուցիչների միջոցով այդ սկզբունքները ինչ-որ չափով փոխանցվել են։ Բայց պետք է հաշվի առնել, որ երիտասարդ սերունդը ավելի լավ է հասկանում և զգում շուկան։

Հայ ստարտափերները Google-ում

Հայկական ստարտափների հիմնական մարտահրավերները

Հայաստանում մի քանի անգամ հանդիպել եմ ստարտափների հիմնադիրների, որոնք ինչ-որ միտք ունեն, մտածում են անմիջապես իրականություն դարձնելու, հետո նոր` սպառող գտնելու մասին։ Սա ամենաարդյունավետ մոտեցումը չէ։ Հակառակ կողմից պետք է սկսել՝ տեսնում ես, թե մարդ ինչ խնդիր ունի, հետո նոր փորձում լուծում գտնել։ Վերջին մեկ տարվա ընթացքում խթանում ենք costumer development՝ սպառողի խնդրից սկսելու սկզբունքը. դրական փոփոխություններն արդեն նկատելի են։  

ԱՄՆ-ում ինժեներներ գտնելը դժվար է, դրա համար շատ ընկերություններ այլ երկրներում, այդ թվում Հայաստանում են փնտրում։ Հայ ինժեներների աշխատանքի որակը բավականին բարձր է. սա հիմնարար կրթության արդյունքն է։ Բայց պետք է ընդգծել, որ միայն հմտություններն ու գիտելիքը բավարար չեն։ Շատ կարևոր է նաև ճիշտ հաղորդակցությունը։ Այստեղ նորից երևում է Խորհրդային Միության ազդեցությունը՝ ամեն ինչ որոշվել և արվել է առանց պատշաճ հաղորդակցության։ Ընկերներս, ովքեր աշխատում են հայ ինժեներների հետ, շատ գոհ են ինժեներական մտքից, բայց կարծում են՝ դեռ պետք է զարգացել ճիշտ հաղորդակցության մշակույթ, ինչի համար էլ որոշակի քայլեր են ձեռնարկում։

Հայ ստարտափերները Y Combinator-ում

Ձախողումն ու ազնվությունը

Չնայած ստարտափ հասարակությունը միշտ հաշվի է առնում ձախողման վտանգը, միևնույն է` ոչ ոք չի ցանկանում ձախողել։ ԱՄՆ-ում, հատկապես Սիլիկոնյան հովտում շատ ուժեղ է integrity-ի գաղափարը։ Այն հայերեն թարգմանվում է որպես ազնվություն, բայց ավելի շատ ամբողջականության գաղափարն է այս դեպքում. այն, ինչ դու մտածում ես, ասում ու անում ես, պետք է համընկնեն։

Եթե խոսում ես ներդրողի հետ, պետք է խոսքիդ ամեն ստորակետի համար պատասխանատվություն կրես։ Հետո, միևնույն է, ստուգելու են, հետևելու են, որ ցանկացած թիվ ու միտք համապատասխան լինի ասածին։ Սիլիկոնյան հովտում բոլորն իրար հետ խոսում են, իրար ճանաչում են ու նախքան ինչ-որ մեկին կմոտենաս՝ արդեն քեզ գիտեն։ Նման միջավայրում միշտ ավելի զգոն ես ու integrity-ի նկատմամբ մաքսիմալ զգայունությունը տանում է փոխադարձ վստահության։ Սա էլ հիմք է դառնում շատ արագ գործարքներ կնքելու և նորարարությունը շատ արագ զարգացնելու համար։

Digital Distributed Economy. կարևոր է ոչ միայն գաղափարը, այլև ճիշտ տարածելը

Ըստ Հարվարդի տերմինաբանության՝ հիմա ապրում ենք Digital Distributed Economy-ում։ Մինչև հիմա տնտեսությունը հիմնականում էներգակիր և ծանր արդյունաբերության վրա էր հիմնված՝ աշխարհի ամենամեծ ընկերությունները նավթամշակման, էլեկտրոնիկայի, մեքենաշինության ընկերություններն էին։ Հիմա ամեն ինչ այլ է՝ 2016 թվականի դրությամբ ամենաթանկ ընկերությունների հնգյակն է՝ Apple, Facebook, Google, Amazon, Microsoft։

Արդեն փոխվել է արտադրանքի սահմանումը։ Օրինակ՝ կարևոր է ոչ միայն թվային արտադրանքի որակը (դիզայնը և կոդի որակը), այլև տարածման ճանապարհները։ Հետևաբար, ուշադրություն դարձնել միայն գաղափարին ու չմտածել դրա ճիշտ տարածման մասին` հնարավոր չէ։ Հիմա ինֆորմացիայի տարածման եղանակները փոխվել են, զարգացել, պետք է տեմպը պահել։

Ստարտափը համարվում է հաջողված, երբ...

... հիմնադիրները կարողանում են հանգիստ արձակուրդ գնալ։ Ստարտափի հիմնումից 10-15 տարի հետո նման բան հնարավոր է։ Սա, իրականում, շատ երկար ճամփորդություն է։ Խնդիրը, որը լուծում ես, պետք է այնքան հարազատ լինի քեզ, որ պատրաստ լինես անցնել բոլոր դժվարություններով։ Ստարտափի հիմնադիրներին այսօրվա կապիտալիզմում կարելի է համարել կապիտալիզմի հերոսներ։ 

Իսրայելի հաջողության օրինակը

Իսրայելում 2013 թվականին կար 4 աքսելերատոր, իսկ 2016-ին՝ 104: Խոսքը միայն աքսելերատորների մասին է, պատկերացրեք` ստարտափների և աջակցող ծառայությունների թիվը։ Իսրայելի տեխնոլոգիական համալսարանի՝ Թեքնիոնի ռեկտորն այս ֆանտաստիկ աճի հիմնական նախադրյալներն ինձ հետևյալ կերպ ներկայացրեց. առաջին գաղտնիքը հետևյալն է՝ երբ 70-ականներին աշխարհը շեշտադրումը դրել էր հիմնարար հետազոտությունների վրա, իրենք նախընտրել են կիրառական հետազոտություններ կատարելու ճանապարհը։ Երկրորդն այն է, որ Իսրայելում Social distance-ը՝ շփման ֆորմալությունը, քիչ է։ Ռեկտորն ասում է. «Երբ չինացի ուսանողների համար դասախոսություն եմ կարդում, վերջացնում եմ ու ասում, որ կարող են հարցեր տալ, դեռ երկար ժամանակ ոչ ոք հարց չի տալիս։ Իսկ Իսրայելում դասախոսության ժամանակ ուսանողներից մեկը կարող է կանգնել ու ասել, որ ինչ-որ բան սխալ եմ ասում»։

Ֆորմալության պակասը նպաստում է ստարտափների ավելի արագ ու ճիշտ հաղորդակցմանը, մտքերի վստահ իրականացմանը։ Երրորդը՝ Իսրայելում բոլորը գնում են բանակ ու սովոր են շատ արագ որոշումներ կայացնելու՝ գիտեն, որ մի քիչ ուշացնելու դեպքում կարող է կյանքի ու մահվան հարց լինել։ Այս ամենն իր ազդեցությունն է ունենում նաև ստարտափերների՝ արագ որոշումներ, հստակ հաջորդական քայլեր մշակելու վրա։

Ստարտափում երկու կարևոր բան կա՝ կենտրոնացումն ու արագ շարժվելու կարողությունը. միշտ պետք է ունենալ առաջնային անելիքների ցուցակն ու առաջնորդվել դրանով և գործել հնարավորինս արագ՝ նույնիսկ եթե սխալ անես, արագ անելու դեպքում կհասցնես դրանից նոր փորձառություն ստանալ ու հաջորդ քայլն արդեն ճիշտ պլանավորել։

Հիմնադրի սկզբունքային հատկանիշներն ու ստարտափի մշակույթը

Հիմնադիրը պետք է շատ էներգիա ունենա, հետևաբար պետք է ճիշտ սնվի, քնի ու առողջ ապրի։ Կարևոր է մոտիվացիան ու ընտրած խնդիրը լուծելու էնտուզիազմը։ Հիմնադիրը պետք է ընդգծված բնավորություն ունենա, որ դժվար իրավիճակների դիմակայի։ Կարևոր է նաև արժեքային համակարգը՝ ինչ արժեքներ ունեցար, քո ընկերությունն էլ է այդ արժեքներն ունենալու։ Շատ են լինում իրավիճակներ, երբ հիմնադիրն արագ որոշումներ պետք է կայացնի. եթե արդեն հստակ ու հաստատուն չլինեն այդ արժեքները, որոշում կայացնելը շատ բարդ կլինի։ Ստարտափի, ընկերության մշակույթը հենց հիմնադրի մշակույթն է։ Առաջին դեմքի որոշումներին ու օրինակին հետևում են նաև մյուսները։

Ինչու՞ ստարտափն այս արագությամբ զարգացում ստացավ։ Մոտ 10 տարի առաջ աշխարհի ամենաթանկ ընկերություններում աշխատում էին հարյուր հազարավոր մարդիկ, հետո հայտնվում է Facebook-ն ու տասնյակ հազարից ավել աշխատողով ստեղծում ավելի թանկ ընկերություն, իսկ դա արդեն Company Culture-ի` ընկերության մշակույթի արդյունքն է։

Առաջ աշխատողին պահում էին մեխանիկական աշխատանքի համար, իսկ հիմա կարևորում են տաղանդը. ամեն ինչ անում են՝ տաղանդներ չկորցնելու համար։ Հետևաբար շատ կարևոր է մոտիվացիան։ Հազարավոր մարդկանց անհատապես մոտիվացնելը անհնար է, այստեղ կարևոր է ընկերության մշակույթը։ Սխալ մշակույթը սպանում է ստարտափը։ Աշխատողներ ընտրելը հիմնադրի ամենադժվար պարտականություններից է։ Իզուր չէ, որ Google-ի հիմնադիրներն ընկերության առաջին 500 աշխատակցի ընտրության հարցում անմիջական մասնակցություն են ունեցել։

Ստարտափը հաջողելու համար անհրաժեշտ գրքերն  ու տեսանյութերը

Գրքեր՝ նախատեսված Դրեյփեր համալսարանի

յոթշաբաթյա ծրագրի ընթացքում կարդալու համար

Պետք է դիտել Y Combinator-ի բոլոր նյութերը։ 2014 թվականին Ստենֆորդի համալսարանում դասախոսություններ են կարդացել ու բոլորն առցանց կան։ Դասախոսություններ է կարդացել նաև PayPal-ի հիմնադիր Փիտեր Թիլը, որի  արդյունքում էլ գրել է իր՝ «Zero to One» գիրքը։ Թիլի հետ կապված ամեն ինչ պետք է դիտել ու կարդալ՝ շատ ազդեցիկ կերպար է։ Պետք է դիտել Ռիդ Հոֆմանի` Linkedin-ի հիմնադրի բոլոր դասախոսությունները։ Պետք է կարդալ Սթիվ Բլանկի «The Four Steps to the Epiphany» գիրքը։

Սթիվը Customer Development-ի հեղինակն է։ Էրիկ Ռիսը եղել է Բլանկի աշակերտն ու առաջ է քաշել ստարտափի ստեղծման մեթոդական մոտեցումը։ Բեն Հորովիցը CEO-ի շատ ծանր ճանապարհ է անցել ու դրա մասին գրել է իր «The Hard Thing About Hard Things» գրքում։

Պետք է կարդալ Թիմ Ֆերիս՝ արդյունավետ աշխատելու համար։ Հետաքրքիր է նաև նշել, որ Փիթեր Թիլն ու Ռիդ Հոֆմանը համալսարանում փիլիսոփայություն են սովորել։ Երբ փիլիսոփայություն ես սովորում, ու տեսնում՝ որտեղից ուր է գնում աշխարհն ու ինչն է ավելի կարևոր, կարողանում ես ճիշտ ընտրել ու շեշտադրել խնդիրները։ Պատահական չէ, որ հենց այդ մարդիկ են ստեղծել մի քանի միլիարդ արժողությամբ ընկերություններ։

Լուսանկարները՝ Համբարձում Քաղկեցյանի արխիվից

Մեկնաբանություններ (2)

Չնայած իմ վաստակած տարիքին՝ սովետի զավակ եմ, ինձ գրավեց;
Իմ շրջապատի երիտասարդներին խորհուրդ կտամ ընթերցել և մոտիվացվել:
Gohar
Every time we create something new, we go from 0 to 1. Thank you, Hambarzum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter