
«Ընդերքաբանի Մեղրաձորի տեղամաս» ՓԲԸ-ն կմասնավորեցվի
Պետական գույքի կառավարման վարչությունը աճուրդով կմասնավորեցնի իր ենթակայաության տակ գտնվող «Ընդերքաբանի Մեղրաձորի տեղամաս» ՓԲԸ-ն։ Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց այս որոշումը` պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի առաջարկով։
Հունիսի 7-ի գնահատմամբ՝ ընկերության բաժնետոմսերն արժեցել են մոտ 5,5 մլն դրամ: Ինչպես գրված է կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ մասնավորեցումը կնպաստի ընկերության նորմալ գործունեության վերականգմանը, պետական բյուջե մուտքերի ավելացմանը։
ՓԲԸ-ն ստեղծվել է 2015թ.-ի դեկտեմբեր ամսի կառավարության որոշմամբ և մասնավորեցման է ներկայացվում առաջին անգամ:
Ընկերությունն ունի անշարժ գույք՝ շենք-շինություններ, որոնք, սակայն, սեյսմիկ փորձագետի կողմից ներկայացված տեխնիկական եզրակացության համաձայն՝ գնահատվում են անբավարար կամ վթարային վնասվածության 3-րդ կամ 4-րդ աստիճանի:
ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսը կուղղվի պետբյուջե, իսկ 30 տոկոսը՝ համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի։
Հավելենք, որ «Ընդերքաբան» ԲԲԸ-ի հիմնական գործունեության ոլորտն է՝ մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոների հանքավայրերի որոնումը, հետախուզումը, հանույթը, երկրաբանահետախուզական օբյեկտների և դրանց հետ կապված ժամանակավոր կոմունիկացիաների նախագծումը, կառուցապատումը։
Մեկնաբանել