
Ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են դեղերն ազատել ԱԱՀ-ից, որ մատչելի լինի բնակչությանը
«Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Գևորգ Գորգիսյանը, Մանե Թանդիլյանը և Արտակ Զեյնալյանը օրենքի նախագիծ են ներկայացրել Ազգային ժողով, որով առաջարկում են «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու միջոցով դեղերի իրացումն ազատել ավելացված արժեքի հարկից:
Պատգամավորների կարծիքով` դեղերի բարձր գները հանգեցնում են մի իրավիճակի, երբ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ ստիպված են անհրաժեշտ դեղեր ձեռք բերելու համար դիմել արտերկրում ապրող կամ արտերկիր մեկնող բարեկամներին: Ընդհուպ դեղերի գնումներ իրականացնելու համար մեկնել հարևան Վրաստան:
«Փորձագետների, պետական պաշտոնյաների մեկնաբանությունների համաձայն` Հայաստանում դեղերի բարձր գների առանցքային պատճառներից մեկն այն է, որ մեր երկրում դեղերի իրացման վրա կիրառվում է ավելացված արժեքի հարկ: Ստեղծված իրավիճակը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ քաղաքացիների առողջության պահպանման համար, որովհետև դեղերը Հայաստանում գնալով դառնում են ավելի և ավելի անմատչելի»,-պատճառաբանում են նախագծի հեղինակ պատգամավորները:
Նրանց կարծիքով` դեղերի իրացումը ԱԱՀ-ով հարկումից ազատելը կհանգեցնի դեղերի որոշակի էժանացման, դեղերը համապատասխանաբար կդառնան ավելի մատչելի, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանի բնակչության առողջապահական վիճակի վրա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել