HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինտերնետ ակումբ. մուտքը՝ 200 դրամ

Անի Դուզդաբանյան

Այսպիսի ցուցանակների Երեւանում այսօր կարելի է հանդիպել գրեթե յուրաքանչյուր քայլափոխի: Չնայած համակարգչային տեխնոլոգիաների տարածմանը եւ տանը համակարգիչ ունեցողների քանակի աճին՝ ինտերնետ սրճարանների թիվը ոչ թե պակասում, այլ ավելանում է: Տանը համակարգիչ ունեցողներից շատերը նույնպես նախընտրում են ինտերնետ ակումբում օգտվել ինտերնետից, քանի որ այդպես ավելի էժան է: 

 Այսօր ինտերնետ ակումբ կամ սրճարան բացելը նույնն է, թե սովորական սրճարան բացելը: Դրա համար հարկավոր է ցուցանակի թույլտվություն ստանալ Երեւանի քաղաքապետարանից, վարձակալել կամ գնել տարածք, ձեռք բերել համապատասխան տեխնիկա (նման սրճարաններում կարելի է հանդիպել Pentium 1, 2,3 եւ նույնիսկ Pentium 4 համակարգիչներ), ինչպես նաեւ կապ՝ ինտերնետային ծառայություններ մատուցող որեւէ կազմակերպությունից (ավելի հաճախ՝ Արմինկո, Xternet), գրանցվել հարկային համապատասխան տեսչությունում, աշխատանքի ընդունել մեկ-երկու «բարետես աղջիկների», որոնք բոլորովին էլ պարտադիր չէ, որ համակարգչային գիտելիքներ ունենան, եւ բացել դռները բոլորի առաջ անխտիր: 

 Ակումբային այս «շարժումը» սկսվեց 1999-2000թթ: Այդ ժամանակ նման սրճարանները մի քանիսն էին։ Ինտերնետը դեռեւս հազվագյուտ հաճույք էր՝ մատչելի սակավաթիվ մարդկանց, եւ ժամավճարն էլ շատ բարձր էր՝ մինչեւ 1800 դրամ: Ավելի մատչելի ինտերնետ սրճարաններն ու ակումբները սկսեցին բացվել 2001թ-ից: Ինտերնետի ժամավճարն այսօր տատանվում է 200-600 դրամի միջեւ: Ինչպես հաստատում են ակումբների աշխատողները, ժամավճարը որոշվում է՝ նկատի ունենալով մի շարք պայմաններ, կապի եւ համակարգիչների որակից մինչեւ ակումբի անունն ու համբավը, ասենք՝ որեւէ հայտնի կազմակերպության պատկանելը: Նշանակություն ունի նաեւ գտնվելու վայրը։ Շատ հաճախ ինտերնետ ակումբները տեղակայված են ուսանողական շրջաններում, որտեղ, ինչպես հաստատում են ակումբների աշխատողները, անիմաստ է բարձր գներ սահմանել: 

 Ինտերնետ ակումբների ծառայություններից հիմնականում օգտվում են ուսանողները եւ դպրոցականները, մտավորական խավի որոշ ներկայացուցիչներ: Առավել հին ակումբներն այս տարիների ընթացքում վերածվել են իրական ակումբների՝ իրենց անդամներով, այսինքն մշտական օգտվողներով: Ըստ ակումբի աշխատողների հետ ունեցած իմ զրույցների՝ ակումբն օրական սպասարկում է մինչեւ 100 օգտվողի: Հիմնական աշխատանքը, որ կատարում են այցելուները, էլեկտրոնային փոստ ստուգելն ու նամակ գրելն է, chat, ICQ «անելը», ինչպես նաեւ՝ ինտերնետում տարբեր տեսակի նյութեր փնտրելը եւ այլն: 

 Երեխաները հիմնականում խաղում են տարբեր խաղեր` շատ հաճախ ամբողջ խմբով գրավելով ակումբը: Առավել խոշոր ակումբներում երեխաների խաղերի համար առանձին տեղ է հատկացված: Ընդհանրապես, գրեթե բոլոր ինտերնետ ակումբներում հնարավորություն է տրվում անկախ ու ազատ միջավայրում օգտվել ինտերնետից. համակարգիչները դրված են իրարից բավական հեռու եւ առանձնացված համապատասխան կահավորանքի միջոցով: Սակայն դա նպաստում է պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նյութերի մատչելիությանը եւ տարածմանը: ՀՀ-ում գործում է Քրեական օրենսգրքի 263 հոդվածը, որը դրամական տուգանքից մինչեւ ազատազրկում է նախատեսում «պոռնոգրաֆիկ բնույթի համակարգչային ծրագրերի, կինոյի կամ տեսաֆիլմերի, նյութերի, պատկերների կամ պոռնոգրաֆիկ բնույթի այլ առարկաների ստեղծման, համակարգչի միջոցով մանկական պոռնոգրաֆիան ներկայացնելու» համար: Սակայն բոլորովին հասկանալի չէ, թե ով եւ ինչպես է վերահսկում օրենքի պահանջների կատարումը։ 

 Շատ ակումբներ պարզապես նշանակություն չեն տալիս այդ օրենքին. «Ինչի՞ ասենք՝ մի մտեք էդ սայթերը: Ըտենց կլիենտ ենք կորցնում»,- ասաց ինտերնետ ակումբներից մեկի տնօրենը: 

 Մյուս մասն էլ, ավելի հաճախ՝ հին եւ հեղինակություն վայելող ակումբները, որոշակի արգելքներ են դնում՝ հանում են էջերի հասցեները, փակում որոշակի բովանդակությամբ էջեր, օրինակ՝ վիդեո պոռնոգրաֆիան: Վերը նշված ակումբի տնօրենն ասում է. «Չենք կարող բոլորը հսկել: Կան էջեր, որ մենք էլ չգիտենք, կամ հո բոլորը հնարավոր չի փակել»: Իսկ երբ նկատում են, որ մի օգտվող այցելել է նման էջ. «Ոչինչ էլ չենք անում: Ի վերջո, ի՞նչ իրավունք ունենք բան ասելու, մարդը փող է տվել, համ էլ մեծ մարդ է, գիտի ինչ է անում»: 

 Սա «մեծ մարդիկ», իսկ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին նման էջեր այցելելու վտանգից: Սրա համար չկա ոչ մի միջոց: 

 Մի ակումբ սեղանները դասավորել էր այնպես, որ երեւան բոլոր համակարգիչները՝ այդկերպ պայքարելով պոռնոգրաֆիայի տարածման դեմ: Սակայն դա մյուս կողմից խախտում է մարդկանց` ինտերնետից ազատ օգտվելու իրավունքը: 

 Իրականում պոռնոգրաֆիկ բովանդակությամբ էջերի ազատ այցելությունը ձեռնտու է ակումբներին: Օգտվողների մի մեծ խումբ ակումբ է գնում հենց այդպիսի էջեր այցելելու նպատակով: Իսկ նրանցից ստացվող եկամուտից դժվար թե որեւէ մեկը հրաժարվի:

 Ինտերնետ ակումբների մեծ մասը գործում է 24 ժամ: «Այս ժամերին օգտվողներին, որոնք հիմնականում տղաներ են, ավելի դժվար եւ նույնիսկ անցանկալի է արգելել այցելել նման էջեր»,-ասում են ակումբների աշխատողները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter