HY RU EN

«ԱրմենՏել»-ի գործով մեղադրյալ Վլադիմիր Սաչկովին գրավի դիմաց ազատ կարձակեն

«ԱրմենՏել» ՓԲԸ-ում զարտուղի կապուղի ստեղծելու գործով Տեխնիկական բլոկի նախկին տնօրեն Վլադիմիր Սաչկովին գրավի դիմաց ազատ կարձակեն: Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր գործով հերթական դատական նիստը: Սաչկովի փաստաբան Արմեն Բաղդասարյանը «Հետքին» հայտնեց, որ դատավոր Արմեն Բեկթաշյանն այսօրվա նիստին վերջապես բավարարեց Վլադիմիր Սաչկովի խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը: Դատարանը որոշել է որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել գրավ 10 մլն դրամի չափով:

Գրավի սահմանված գումարը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվեհամարին մուծելուց հետո Վլադիմիր Սաչկովը կազատվի արգելանքից: Արմեն Բաղդասարյանի խոսքով, այսօր կամ ամենաուշը վաղը գրավը կվճարվի, և Սաչկովն այսուհետ ազատության մեջ կլինի:

«Նշեցինք, որ Սաչկովի նկատմամբ առաջադրված երեք հոդվածներից մեկը կարճվել է և մեղադրանքի ծանրաբեռնվածությունը թեթևացել է: Նա արդեն մշտական բնակության վայր ունի: Դատարանը նախորդ միջնորդությունների ժամանակ նշում էր, որ բարձր է հավանականությունը, որ Սաչկովը կփախնի կամ կխուսափի պատասխանատվությունից, եթե ազատ արձակեն, սակայն մենք էլ նշեցինք, որ եթե դատարանը գտում է, որ հավանականությունը բարձր է, որպես գրավի չափ այնքան երաշխիք նշի, որ այդ հավանականությունը հարթեցվի: Դատախազն էլ 10 մլն գրավի դիմաց համաձայնություն տվեց, և դատավորն էլ համարեց, որ այդ երաշխիքը բավարար է ու դրանով բավարարեց մեր միջնորդությունը»,-պատմեց փաստաբան Արմեն Բաղդասարյանը:  

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի որոշ պաշտոնյաների և նույն կազմակերպության հետ անուղղակիորեն կապված անձանցից կազմված խումբը ստեղծել է մի կապուղի, որի միջոցով արտերկրյա օպերատորներից ստացվող միջազգային զանգերը շրջանցել են ընկերության հաշվարկային համակարգը: Ընկերության հաշվարկային համակարգը շրջանցած կապուղին գործել է 2011-2013թթ.: Խմբի գործունեության արդյունքում վնաս է հասցվել թե´ ընկերությանը, թե´, համապատասխանաբար, պետությանը՝ հարկերի մասով: 

Փաստաբան Արմեն Բաղդասարյանի խոսքով, Սաչկովի պաշտպանությունն այսուհետ ավելի արդյունավետ կկազմակերպվի:  «Կարևորն այն է, որ մարդն, ի վերջո, ազատ արձակվեց: Մեր կարծիքով, դատաքննությունը էլի տևական ժամանակ կընթանա, սակայն գոնե մարդն ազատության մեջ կլինի ու նրա պաշտպանության արդյունավետությունը կբարձրանա»,- նշեց Արմեն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Սաչկովի ծնողները դիմել էին Բելառուսի և ՌԴ իշխանություններին, իսկ կինը` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Նրանք խնդրել էին միջնորդել, որ դատական նիստերը չձգձգվեն, ինչի հետևանքով Վլադիմիր Սաչկովն առավել երկար է ազատությունից զրկվում: