
Խոսրովի արգելոցում կատարվում է օդային հետախուզություն՝ որոշելու հետագա քայլերը (լրացված)
Օգոստոսի 18-ին, ժամը 09:00-ի դրությամբ ՊՆ օդուժի ուղղաթիռով Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում իրականացվում է օդային հետախուզություն՝ պարզելու համար հրդեհի օջախների հնարավոր առկայությունն ու վիճակը:
Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հետախուզության արդյունքների հիման վրա որոշում կկայացվի հետագա գործողությունների վերաբերյալ:
11:00 ՊՆ ուղղաթիռի միջոցով Խոսրովի անտառի պետական արգելոցում իրականացված հետախուզության արդյունքում պարզվեց, որ անտառի անմատչելի (ցամաքային ճանապարհով) տարածքներում առկա են ծխացող օջախներ:
Ուղղաթիռը հրդեհի օջախների տեղանք է հասցրել ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական խմբերը՝ տեղում հետմարման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
ԱԻն Հիդրոմետ ծառայության տվյալներով՝ օրվա ընթացքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում. առանձին օջախների կրկնակի բռնկումից խուսափելու համար ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռը կշարունակի հետմարման թռիչքները՝ անվտանգության խոնավ գոտիներ ապահովելով ծխացող օջախների շուրջ:
Մեկնաբանել