HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նրանց ճակատագրերը խաչվում են

Ազգությամբ հայ Լիլիթ Բաղոյանի եւ ադրբեջանցի Ռամիլյա Խուդայարովայի ծննդավայրը Լեռնային Ղարաբաղն է: Նրանց հարազատ բնակավայրերի միջեւ հեռավորությունն ընդամենը տասնհինգ կիլոմետր է: Ժամանակին միմյանցից այսքան հեռավորությամբ ապրել են Լիլիթ Բաղոյանի ու Ռամիլյա Խուդայարովայի ընտանիքները: Դա անցյալում էր... 

 Ռ. Խուդայարովան արդեն 11 տարի չի տեսել հարազատ Խոջալուն: Մանկության, երիտասարդության տարիները ծննդավայրում անցկացնելուց հետո ստիպված է եղել լքել հարազատ տունն ու գաղթել Բաքու: «Տանկերը գյուղը շրջապատեցին 1992թ-ի փետրվարի 26-ի գիշերը: Մի գիշերում Խոջալուում 600 մարդ սպանվեց. հրաշք էր, որ մենք փրկվեցինք: Անցնելով անտառի միջով, հարյուրավոր դիակների վրայով՝ հասանք Աղդամ»,-պատմում է Ռ.Խուդայարովան: 

 Պատերազմը Ռամիլյայից խլել է նրա տասը հարազատներին: Անհայտ կորել են նրա քեռորդիներն ու հորեղբոր որդիները՝ վեց հոգի: Երիտասարդ կնոջ երկու որդիների հիշողության մեջ դեռ պահպանվում են ծննդավայրի պատկերն ու պատերազմի սարսափը: «Սկզբում նրանք ատում էին հայերին: Բայց ես նրանց միշտ ասում էի, որ հայ կանայք ու երեխաները մեղք չունեն: Պետք չէ կռվել ու սպանել մեկը մյուսին»,-որդիներին այս կերպ է դաստիարակել ծնունդով ղարաբաղցի կինը, որի հայրն ու մայրը ժամանակին գաղթել են æերմուկից ու հաստատվել Խոջալուում: Մինչեւ վերջին շունչը նրա հայրն անընդհատ Խոջալուից է խոսել: Դուստրը որոշել է գոնե մեկ անգամ այցելել ծննդավայր, այնտեղից մի բուռ հող վերցնել ու տանել հոր գերեզմանին: «Միայն թե, երբ տեսնեմ ծննդավայրս, տունս, չգիտեմ ինչ զգացմունքներ կապրեմ: Ծանր է ծնվել, ապրել մի վայրում ու լինել հեռու այնտեղից»,-շարունակում է Ռ. Խուդայարովան: 

 Ստեփանակերտցի Լիլիթ Բաղոյանը թեպետ ապրում է ծննդավայրում, այդուհանդերձ անհայտ կորած հորը չի կարողանում մոռանալ, ցավը միշտ տանջում է նրան: Ղարաբաղյան շարժման առաջին տարիներին ադրբեջանցիները առեւանգել են նրա 68-ամյա հորը: Տասը տարուց ավելի նրանից տեղեկություն չկա: «Անորոշությունն ահավոր է, ստիպված ես անընդհատ սպասել ու սպասել»,-ասում է հորը մինչեւ հիմա սպասող դուստրը: 1991թ-ի մայիսի 18-ի գիշերը ադրբեջանցի ութ օմոնականներ ներխուժել են Ստեփանակերտի կապի հանգույց, որտեղ պահակ էր աշխատում Լիլիթի հայրը ու հրդեհել հանգույցը: Հորը բռնի դուրս են տարել, հարվածներ հասցրել գլխին, նստեցրել մեքենան ու տարել: Օգնության հասած ոստիկանությանը հաջողվել է մարել հրդեհը: 68-ամյա ծերունուն հետ վերադարձնել ոստիկանությունն այդպես էլ չկարողացավ: Նրա գտնվելու վայրի մասին ոչ ոք տեղեկություն չուներ: Հայտարարվեց համամիութենական հետախուզում (այն ժամանակ դեռեւս կար Խորհրդային միությունը), սակայն՝ անարդյունք: Այդ առթիվ հարուցված քրեական գործը կասեցվեց: Բաղոյանների ընտանիքը միայն կցկտուր տեղեկություններ էր ստանում տարբեր աղբյուրներից: Լինում էր, երբ հոր հետքը տանում էր Շուշիի բերդ, հետո՝ ադրբեջանական մեկ այլ բանտ, հետո էլ՝ Բաքվի բանտ: Սակայն այդպես էլ հավաստի տեղեկություններ հոր մասին նրանք չստացան: 

 Հոր առեւանգումը Լիլիթը պատահականություն չի համարում: Ըստ նրա՝ այն ժամանակվա իշխանությունները ենթադրում էին, որ հայրը շարժման առաջնորդներից է, այնինչ ծերունին զբաղված էր միայն տնային գործերով եւ չէր էլ հետաքրքրվում քաղաքականությամբ: 

 «Ամենայն հավանականությամբ, հայրս կենդանի չի լինի: Եթե նույնիսկ նրան սպանած չլինեն, նա այդ տարիքում դժվար դիմանար տանջանքների»,- ցավով խոստովանում է Լիլիթը: 

 Ղարաբաղյան պատերազմից հետո, արդեն տասներկու տարի, Սվետլանա Մարտիրոսյանի տան դուռը չի փակվել: «Սպասում եմ որդուս: Հավանական է՝ մի տեղեկություն լինի, ինչ էլ լինի՝ անորոշությունից լավ է»: Նրա որդին՝ Վարդան Մարտիրոսյանը, անհայտ կորել է 1993թ-ի սեպտեմբերին, երբ մասնակցում էր Ղուբաթլուի ազատագրման մարտերին: Մարտական ընկերները պատմում են, որ Վարդանը կրակը վերցրել է իր վրա, իսկ ընկերներին հորդորել է ետ քաշվել: Ընկերները դրանից հետո Վարդանին չեն տեսել: Մայրը հույս ունի, որ եթե որդուն բանտարկած լինեն, ապա մի օր նա անպայման կվերադառնա: «Ինձ մոտ սպասողական վիճակ է: Տեսնեմ 15-20 տարի հետո կգա՞ իմ երեխան տուն»,-ասում է Վարդանի մայրը: Ծեր մոր մխիթարանքը տասը տարեկան թոռն է, որը հաճախ է հարցնում հոր վերադարձի մասին: 

 Ղարաբաղյան պատերազմում անհայտ կորած Լեւոն Հովհաննիսյանի մոր համար սպասումը վեր է ածվել տանջանքի ու տառապանքի: «Մեկ ձայնը լսում եմ շատ մոտիկից, մեկ էլ հեռանում է տղայիս ձայնն ու դառնում անլսելի»,- պատմում է մայրը` Ռիմա Անթանեսյանը: Լեւոն Հովհաննիսյանն անհայտ կորել է 1994թ-ին: Փետրվարի 7-ին ծնողները հեռագիր են ստացել, որն ահազանգում էր 19-ամյա Լեւոնի անհայտ կորելու լուրը: Ռիմա Անթանեսյանը անմիջապես սկսեց որդու որոնման աշխատանքները: Մարտ ամսին մեկնելով Լեռնային Ղարաբաղ՝ այցելեց դատախազություն, Կարմիր Խաչ, զինվորական հիվանդանոցներ: «Հադրութի հրամանատարներից մեկն ուզում էր ինչ-որ բան ասել, սակայն նրան ընդհատեցին՝ ասելով, որ նրա փոխարեն թող տղայի հրամանատարը խոսի: Իմ կարծիքով, չէին ուզում ճիշտն ասել, որպեսզի իրենց վրայից հանեն պատասխանատվությունը: Հադրութից Սլավիկ անունով մի մարդ, երբ նրան Լեւոնի նկարը ցույց տվեցինք, մեզ ասաց, որ Լեւոնին հողի վրա ինքն է գտել, տեղափոխել շտապ օգնության մեքենա ու տարել Ստեփանակերտի հիվանդանոց»,-պատմում է Ռիման: Մայրն այնտեղ որդուն չի գտել: Մի մարդ էլ պատմել է, որ Լեւոնին, իբր, գտել են Ադրբեջանում եւ ծնողներին առաջարկել փոխանակել նրանց: Երբ եկել է փոխանակման օրը, հրամանատարն այնտեղ չի եղել, եւ որդու հետքն այդպես էլ կորել է: 

 Ղարաբաղյան պատերազմում անհայտ կորած զինվորների հարազատների որոնումները հիմնականում հաջողությամբ չեն պսակվել: Կամ կորցրել են հետքը որոնման կես ճանապարհին, կամ էլ սխալ ուղղությամբ են որոնել: Չնայած անհաջողություններին՝ անհայտ կորած զինվորների ծնողները դեռեւս սպասում են իրենց որդիներին, բայցեւ գիտեն, որ նրանց վերադառնալու հավանականությունն այդքան էլ մեծ չէ: 

 «Հույսս Աստված է: Մենք պատերազմ չենք ուզում: Այն մարդկային կորուստ է: Նույնիսկ թշնամուս չեմ ցանկանա նման բան»,-ասում է Վարդան Մարտիրոսյանի մայրն ու ամեն օր սպասում որդու վերադարձին: 

Հայ ու ադրբեջանցի անհայտ կորած զինվորների ծնողներն առաջին անգամ հանդիպեցին 2002թ-ին Թբիլիսիիում: Այս հանդիպումից հետո թշնամու կերպարը աստիճանաբար վերափոխվեց բախտակցի կերպարի: 

 «Մենք մի ցավ ունենք: Պետք է միասին աշխատենք, որ գտնենք մեր որդիներին»,-ասում է Վարդան Մարտիրոսյանի մայրը: 

 «Օրերից մի օր մենք միասին ենք ապրելու՝ խաղաղ ու համերաշխ: Բաքուն էլ է իմ հայրենիքը, բայց Խոջալուն մնում է Խոջալու: Մենք հայրենիքում ենք առանց հայրենիքի»-խոստովանում է Խոջալուից Բաքու գաղթած Ռամիլյա Խուդայարովան: 

Երկրորդ անգամ նրանք հանդիպեցին Լեռնային Ղարաբաղում 2003թ. ամռանը: Տվյալներ, նկարներ փոխանակեցին, մի քանի օր հնարավորություն ունեցան խոսել իրենց ցավի մասին: Հանդիպումների կազմակերպիչը «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» միջազգային կազմակերպությունն է՝ Միջեկեղեցական խաղաղության խորհրդի աջակցությամբ: Հայ ու ադրբեջանցի անհայտ կորած զինվորների հարազատների երրորդ հանդիպումը կայացավ այս տարվա մարտին, Թբիլիսիում: Եռօրյա հանդիպման ժամանակ քննարկվեցին անհայտ կորածների որոնման խնդիրները, այդ ուղղությամբ պետական, միջազգային ու հասարակական կառույցների հետ համագործակցության անհրաժեշտությունը: Երեք երկրներն էլ չունեն անհայտ կորած մարդկանց մասին օրենք, ինչի պատճառով հստակեցված չէ անհայտ կորած մարդկանց կարգավիճակը: Որպեսզի նրանց ընտանիքներն օգտվեն պետության կողմից տրվող արտոնություններից, առաջին հերթին պետք է անհայտ կորած անձին ճանաչեն մահացած: «Ես համաձայն չեմ, որ իմ որդուն մահացած ճանաչեն»,-բողոքում է Վարդան Մարտիրոսյանի մայրը:

Այս քայլին չեն դիմի նաեւ մնացած ծնողներն այնքան ժամանակ, մինչեւ պետությունը որոշի անհայտ կորածի կարգավիճակը, եւ նրանց խնդիրները կարգավորվեն օրենքով: Հանդիպման վերջում ստեղծվեց Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի իրավաբաններից բաղկացած խումբ, որն աշխատելու է անհայտ կորածների մասին օրինագծի վրա: Ստեղծվեց նաեւ Ղարաբաղյան պատերազմում անհայտ կորած զինվորների հարազատների կովկասյան «Սպասում» ֆեդերացիան, որին միացան նաեւ վրաց-աբխազական հակամարտության ընթացքում անհայտ կորածների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Անհայտ կորած զինվորների հարազատների առաջին խնդիրը կլինի սեփական երկրում հակամարտող կողմի անհայտ կորած զինվորին որոնելը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter