
ՔԿՀ պաշտոնյան կաշառք ստանալու պատրվակով կալանավորից զգալի չափերով գումար է հափշտակել
Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Կ. Ս.-ի, Ա. Ժ.-ի և Կ. Զ.-ի հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով:
Այսպես, նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱՆ քրեակատարողական վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը 2017 թվականի մայիսին Նուբարաշեն ՔԿՀ-ի կալանավորից վերցրել է 400.000 ՀՀ դրամ գումար:
Դրա դիմաց խոստացել է քննչական կոմիտեում հիշյալ կալանավորի վերաբերյալ քննվող քրեական գործով տուժողի վրա ճնշում գործադրել և այդ եղանակով վերջինիս ուղղորդել ցուցմունքներ տալ հօգուտ կալանավորի: Սակայն գումարը վերցնելուց հետո նշված պաշտոնատար անձն այդ ուղղությամբ որևէ գործողություն չի կատարել, այլ կալանավորի վստահությունը չարաշահելու եղանակով` խաբեությամբ հափշտակել է այն:
Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կաշառք ստանալու պատրվակով կալանավորից զգալի չափերով գումար հափշտակելու, ինչպես նաև կալանավորի կողմից պաշտոնատար անձին կաշառք տալու փորձ կատարելու համար Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-ին մասի 5-րդ կետով և 34-312-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեկնաբանել