
Շիրխանյանի և մյուսների գործից անջատված մասով անցնող մեղադրյալները դատարան չէին ներկայացել. դատական նիստը հետաձգվեց
Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «զինված խմբի» գործով նիստն այսօր հետաձգվեց:
Պատճառը այս գործից անջատված մասով անցնող մեղադրյալների դատարան չներկայանալն էր:
Նախորդ դատական նիստին դատարանը ապացույցների հետազոտման հաջորդականություն էր սահմանել, համաձայն որի՝ նախ պետք է հարցաքննվեն այս գործից անջատված մասով անցնող մեղադրյալները, ապա կհետազոտվեն գործում առկա փաստաթղթերը, կհարցաքննվեն գործով անցնող մյուս վկաները, որից հետո ցուցմունք տալու հնարավորություն կտրվի ամբաստանյալներին:
Այսինքն՝ ապացույցների հետազոտման սահմանված հաջորդականության համաձայն, այսօր դատարանում պետք է ցուցմունք տային գործից անջատված մասով անցնող անձինք՝ Սրբուհի Այվազյանը, Հայկ և Հրանտ Վարդանյանները, որոնք, ըստ քրեական գործի նյութերի, «զինված խմբի» ղեկավար Արթուր Վարդանյանի հորեղբոր որդիներն են և «Ռադիո Մարիամի» Գյումրու մասնաճյուղի լրագրող Լիլիթ Թորոսյանը, որն աշխատել է զինված խմբին ֆինանսավորելու մեջ մեղադրվող Անտոն Դիկրան Թոթոնջյանի հետ:
Այս չորս անձինք գործի քննության սկզբում կալանավորվել են, ապա նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:
Թեև այս չորս անձանց բացակայությանը՝ այլ վկաներ ներկայացել էին դատարան, սակայն դատարանը նպատակահարմար չգտավ ապացույցների հետազոտման հաջորդականության մեջ փոփոխություն մտցնել, և հետաձգեց դատական նիստը:
Հաջորդ նիստը օգոստոսի 25-ին է:
Մեկնաբանել