HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ծանոթներով, ծանոթներով, ծանոթներով...» ձևավորված դիտորդական խումբը

Մարիամ Եղիազարյան

Երեւանի ավագանու երրորդ ընտրություններից օրեր առաջ լրագրող Մուշեղ Հովսեփյանը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված դիտորդների ցանկում, հետաքրքրությունից դրդված, փնտրեց ու գտավ իր անուն-ազգանունը։ Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ղեկավարության, այդ թվում` դեկանի եւ դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներից մի քանիսի անունները տեսնելով` նույն ֆակուլտետի նախկին ուսանողը հասկացավ, որ խոսքը ոչ թե իր, այլ տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչի մասին է։ Ավելի ուշ Մուշեղը «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպության հինգ հարյուր դիտորդից բաղկացած ցանկի սեփական ուսումնասիրությամբ պարզեց, որ Երեւանի պետական համալսարանը ցուցակին առնչվող միակ կրթական հաստատությունը չէ։

Թե ինչ հաջորդեց ամբիոնի վարիչի եւ նախկին ուսանողի անվանակցությանը

Մուշեղը հետաքրքրվեց ու սեփական հետաքննությունը սկսեց ընկերոջ` կասկածելի դիտորդական կազմակերպությունների վերաբերյալ գրառումից հետո: Այդպիսին էր նաև «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը։ Գրեթե տեղեկություն չգտնելով` Մուշեղն ուսումնասիրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված դիտորդների ցուցակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հայրանունների բացակայությանը, ինչն անձին նույնականացնելու հնարավորություն չի տալիս:  

«Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» ՀԿ-ի ներկայացրած ցուցակում առկա համանուն տվյալներով տարբեր պաշտոնների տեր անձանց մասին տեղեկատվություն կա ոչ միայն ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի (որտեղ 2013-2017 թթ. սովորել է Մուշեղը), այլեւ ԵՊՀ-ի այլ ֆակուլտետների, ՀՊՃՀ-ի, ՀԱԱՀ-ի, ՎՊՀ-ի, ԵՊԲՀ-ի, ԵՊԼՀ-ի, ՀՀ ԳԱԱ-ի, ՀՊՄՀ-ի, ՀՊՏՀ-ի պաշտոնական կայքերում։

Լրագրողը նախ այդ մասին գրառում կատարեց իր թվիթերյան միկրոբլոգում, ապա եղածի հիմքով նոր ցուցակ կազմեց ու տեղադրեց ֆեյսբուքյան էջում՝ օգտակար ռեսուրս ստեղծելու գործում ակնկալելով վիրտուալ հանրության ու հատկապես լրագրողների աջակցությունը: «Չստացվեց, իհարկե, բայց իմ հավաքագրածն էլ էր հերիք: Մարդկանց համար տվյալների հավաքագրումը ձանձրալի աշխատանք է։ Չգիտեմ, գուցե ես էի դա գրում (նկատի ունի ոչ հանրային` լայն շրջանակներում հեղինակություն չունեցող անձ- Մ. Ե.), դրանից էր»,- ասում է Մուշեղը։

Մուշեղի հետաքննությունն այսքանով ավարտվել է։ Համալսարանի ղեկավարությանն ու դասախոսներին դիմելու իմաստ չի տեսել (մի քանիսին նշել է ֆեյսբուքյան գրառման մեկնաբանություններում, բայց արձագանք չի ստացել)։

Լրագրողը կարծում է, որ բուն ընտրության օրը նրանք առանձնապես ներգրավված չեն եղել գործընթացին, այլ դարձել են «թաղերի մշտական դիտորդներին բեյջ փոխանցելու միջոց» (ձեւակերպումը` Մ. Հ.-ի): Մայիսի 14-ին ոչ միայն մասնակցել, այլև ուղիղ միացումով հետևել է տարբեր տեղամասերում ընթացող ընտրական գործընթացին, բայց այդպես էլ չի նկատել որևէ ծանոթ դասախոսի: Փոխարենն «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ»-ի բեյջը կրող ՀՀԿ անդամ-ծանոթի է հանդիպել, ով նախ ասել է, որ տեղյակ չէ, թե ինչ կազմակերպություն է ներկայացնում, ապա նշել, որ այն «լավ էլ հայտնի է` անհայտ լինելով»:

«Ուզում էի արձանագրվեր մի փաստ, որ Հայաստանում կրթությունը որպես ռեսուրս և լծակ է օգտագործվում ընտրական գործընթացների ժամանակ»,- ընդգծում է Մուշեղը։

Խուսափողական պատասխաններ ԵՊՀ-ից

Հասարակական կազմակերպության կողմից կիրառված հնարքներից մեկը ցուցակում գրանցված մարդկանց հայրանունները բաց թողնելն է. այսպես նշված անձանց ինքնությունը պարզելն անհնար է դառնում։ Թեպետ անվանաշարքում որոշ անուններ ներկայացված են հայրանուններով, նմանօրինակ դեպքերը բացառություն  են։ Ստեղծված իրավիճակում  կասկածելի հասարակական կազմակերպությունից կրթական հաստատությունների ներկայացուցիչների գործունեությունը ճշտման կարիք ունի։ Այս նպատակով իբրեւ օրինակ դիտարկեցինք Երեւանի պետական համալսարանը, որը թե´ Մուշեղ Հովսեփյանի, թե´ հոդվածի հեղինակի ուսումնական հաստատությունն է եղել (2013-2017թթ.)։ Համեմատական աշխատանքի համար աղբյուր են հանդիսացել «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված դիտորդական ցանկը, որը հասանելի է ԿԸՀ կայքում, եւ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի տվյալների շտեմարանը, որը հասանելի է համացանցում (նույն մեթոդը կիրառվել է նաև մյուս համալսարանների պարագայում)։

Դասախոսները, ում համանման տվյալներն առկա են ցուցակում և ովքեր համաձայնեցին խոսել, խուսափում էին հարցերին պատասխանելուց, այս հոդվածում իրենց ինքնությունը հիշատակելուց, իրենց կողմից տրամադրված տեղեկատվությունն ամբողջովին հրապարակելուց` կարծելով, որ միեւնույնն է` ոչինչ չի փոխվելու։ Նրանցից մեկը նշում էր, որ չլուսաբանելու «տղամարդու խոսք է տվել», ոմանք էլ ասում էին, թե խոսել չեն կարող, որովհետև մյուս կողմին էլ չեն բացատրել։

Մուշեղ Հովսեփյանի անվանակից ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանն ու դեկանի տեղակալ Անահիտ Մենեմշյանը, իրենց պնդմամբ, նշված հասարակական կազմակերպության անունից դիտորդական առաքելություն են իրականացրել 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ, բայց ոչ` ավագանու։ Նույն փորձը կիսում է ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերենի ամբիոնի ղեկավարի տեղակալ Գևորգ Բարսեղյանը։

Արևելագիտության ֆակուլտետի ասիստենտներ Մհեր Աբրահամյանը, Տաթևիկ Հակոբյանը և դասախոս Ահարոն Վարդանյանը, պատմության ֆակուլտետի դասախոս Սմբատ Հովհաննիսյանը նույնպես դիտորդություն չեն իրականացրել Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ (պարոն Հովհաննիսյանը եղելությանը տեղյակ էր, բայց հրաժարվեց հրապարակավ խոսել իր փորձառության, դիրտորդական առաքելություն չիրականացնելու պատճառների մասին)։

Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դասախոս Արման Ղարագուլյանը, ում անունն առկա էր թե՛ խորհրդարանական, թե՛ ավագանու ընտրությունների համար «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված դիտորդական ցուցակներում, իբրև դիտորդ չի ներկայացել ո՛չ առաջինի, ո՛չ էլ երկրոդի ժամանակ։ Առաջին անգամ՝ անձնական պատճառներով, որոնց մասին խոսել չի ցանկանում, երկրորդ անգամ՝ տեղյակ չլինելու հետևանքով։ Վերջինս, իր անունը ավագանու դիտորդական ցանկում տեսնելով, նամակ է գրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, պարզաբանում պահանջել ու մնացել անպատասխան։

«Հետք»-ի գրավոր հարցմանը չպատասխանեցին ԵՊՀ գրադարանի տնօրենը, տնտեսագիտության և կառավարման, աշխարհագրության և երկրաբանության, միջազգային հարաբերությունների, իրավագիտության ֆակուլտետները։

ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանն էլ, գրավոր հարցմանն ի պատասխան, նշեց, թե տեղյակ չի եղել, որ հիմնադրամի մի շարք աշխատակիցներ, դասախոսներ, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք ներգրավված են եղել որպես դիտորդներ: Բուհի ղեկավարությունը պնդում է, որ որևէ կապ չունի «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ»-ի հետ, և որ համալսարանում դիտորդների հավաք կամ նմանատիպ գործողություններ չեն եղել: Համալսարանը նաև նշել է, թե ապաքաղաքականացված կառույց է` համաձայն հիմնադրամի կանոնադրության, որտեղ այս միտքը հստակ ձևակերպված չէ, իսկ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ են:

Պարզաբանումներ «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» ՀԿ-ից

Ընտրական գործընթացների ժամանակ դիտորդության իրականացումը բնականոն երևույթ է։ «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» ՀԿ-ի խնդիրը տեղեկատվության բացակայությունն է, ինչը հիմք է տալիս կարծելու, որ նշված կազմակերպությունը կեղծ է և/կամ ծառայում է անհայտ շահերի։ Հասարակական կազմակերպության մասին որևէ տեղեկություն գտնելու միակ ելքն, ի վերջո, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված հասցեով գնալն էր: Որպես հետևանք` բախվեցինք  փակ դռանը, հարեւաններին հարց ու փորձ արեցինք ու արդյունքի չհասնելով` որոշեցինք  դռան վրա հեռախոսահամար թողնել (առանց լրագրող լինելու հանգամանքը նշելու):

Մեկ օր անց ստացված հեռախոսազանգի արդյունքում, ի վերջո, հաջողվեց խոսել «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրենի հետ եւ ստանալ մեզ հուզող հարցերից մի քանիսի պատասխանը։ Զրույցից կարճ ժամանակ անց հեռախոսահամարը, որով ՀԿ-ից զանգ էր եղել, անհասանելի դարձավ։

«Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Գրանցման հասցեն կազմակերպության գտնվելու վայրը չէ (այդպիսին առհասարակ գոյություն չունի), այլ Դավիթ Մկոյանի բնակարանը, ով ներկայանում է որպես տնօրեն։

Պարոն Մկոյանը չի մտաբերում, թե կազմակերպությունը քանի կամավոր-աշխատակից ունի, ովքեր են խորհրդի «յոթից ավելի» անդամները։ Իր խոսքով` նախորդ 5 տարիների ընթացքում զբաղվել են «հասարակության իրավագիտակցության ցածր մակարդակի բարձրացմամբ». մասնագիտությամբ իրավաբան կամավորները անվճար խորհրդատվություն են տրամադրել։ Դիմումների մոտավոր քանակը տնօրենը չմտաբերեց. ասաց, որ ձեռքի տակ վիճակագրություն չունի։ Պարոն Մկոյանի խոսքով` կազմակերպությանը հիմնականում դիմել են աշխատանքային իրավախախտումների հարցերով, իսկ քաղաքական բնույթի գործերով` ոչ։ Հարկ համարեց շեշտել, որ քաղաքականությամբ չեն զբաղվում, կառույցն ապաքաղաքականացված է, անդամներն էլ կուսակցական պատկանելություն չունեն:

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի` հրապարակայնության պայմանը չի պահպանվում «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ»-ի կողմից։ Պաշտոնական կայքի կամ տեղեկատվության որևէ աղբյուրի բացակայության պայմաններում անհնար է տեղեկանալ կազմակերպության պատմության, կանոնադրության, գործունեության սկզբունքների ու նպատակների մասին: Ստեղծված իրավիճակում հարց է առաջանում, թե ինչպես են «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ»-ի շահառուներն ու հատկապես հազարից ավելի դիտորդները տեղեկացել կազմակերպության մասին։ Այս խնդիրը պարոն Մկոյանին չի անհանգստացնում. ասում է, որ դիտորդություն իրականացնելու հնարավորության եւ կազմակերպության գործունեության մասին այլք տեղեկացել, տեղեկանում են «ծանոթներով, ծանոթներով, ծանոթներով»։ Հարցին, թե արդյոք նշված 500-ն էլ ծանոթի միջոցո՞վ են իմացել, Դավիթ Մկոյանը պատասխանեց. «Տարբեր ձեւի․ մի մասը` ծանոթով, մի մասը ֆեյսբուքի միջոցով գրել են իրանց դռուզյաներին, այսինքն` զուտ տեղեկատվություն եղել ա, որ ցանկացողները կարող են մասնակցել»։

Կազմակերպությունը հայտարարություն չի տարածել. չնայած դիտորդների զգալի թվին` տնօրենն ասում է, թե  քանակի վրա չեն աշխատել․«Ռեկլամ չենք արել, որ քանակի վրա չաշխատենք»։

Ստվերային գործունեության հետեւանքով հայտնի չէ նաև, թե «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ»-ը որքանով է կատարում «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունները, և ապահովել է, արդյոք, ՀՀ ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի երկրորդ կետը, համաձայն որի՝ դիտորդական առաքելության իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին:

Գործունեության միայն վերջին տարում, այն էլ` միանգամից երկու ընտրության ժամանակ, համապատասխանաբար 1500 եւ 500 դիտորդով ներկայանալը պարոն Մկոյանը տարօրինակ չի համարում. «Չի եղել ռեսուրսը, հիմա էդ ռեսուրսը ունեցել ենք, դրա համար մասնակցել ենք։ Ռեսուրս եւ ցանկություն։ Ռեսուրսը մարդկային ռեսուրսն ա, ցանկություն ունեցողները շատ են»։ Ցուցակում գրանցված անձանց հայրանունների բացակայությունը ՀԿ-ի նախագահը ներկայացնում է որպես նման պահանջի/պայմանի բացակայության հետեւանք։

Կրթական հաստատություններից դիտորդների ներգրավվածությունը մեկնաբանելիս պարոն Մկոյանը հավաստիացրեց, թե նման սկզբունք նախապես չեն ունեցել, բայց մասնակցության սահմանափակում էլ չի եղել։ Տվյալների առկայության, բայց դիտորդական առաքելության չիրականացման դեպքերի մասին խոսելիս նշեց, թե մեծաքանակ դիտորդներ են ունեցել, բոլորին հիշել չի կարող։ Նախապես գրանցվելու, բայց ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն չիրականացնելու պատասխանատվությունը, պարոն Մկոյանի կարծիքով, կրում են նախապես գրանցված անձինք․ «Դիտորդական ցուցակները ընտրությունների նախօրեին չեն հաստատվում, եւ, եթե որևէ մեկը գրանցվել ու չի մասնակցել ցանկություն, հնարավորություն չունենալու կամ դժբախտ պատահարի հետեւանքով, դեռ չի նշանակում, որ սխալմունք է տեղի ունեցել»:

Հեռախոսազրույցի վերջում, նախապես ԿԸՀ-ից «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից դիտորդական ամփոփիչ զեկույց չներկայացնելու փաստը ճշտելուց հետո, հարցրինք` արդյոք պատրաստե՞լ են նման զեկույց, ինչին ի պատասխան` պարոն Մկոյանը նշեց, թե չի հիշում, «պետք է որ», ապա խոստացավ ճշտել ու զանգ տալ հաջորդ օրը: Բայց հեռախոսազանգ այդպես էլ չստացանք:

Ամփոփում, կամ ի՞նչ պետք է իմանալ «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» ՀԿ-ի մասին

1. Համաձայն ԿԸՀ-ի պաշտոնական կայքի`  2017 թվականի մայիսին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Իրավական մշակութի զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը ներկայացել է 500 դիտորդից բաղկացած ցուցակով:

2. «Իրավական մշակութի զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը պաշտոնական կայք կամ տեղեկատվության այլ աղբյուր չունի, եւ ավագանու ընտրությունների համար գրանցված 500, իսկ 2017-ի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների համար գրանցված 1500 դիտորդները, ՀԿ-ի նախագահ Դավիթ Մկոյանի պնդմամբ, կազմակերպության և վերջինիս կողմից դիտորդություն իրականացնելու մասին իմացել են բացառապես ծանոթների միջոցով:

3. «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ»-ը խախտում է հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի հինգերորդ հոդվածի` հրապարակայնության կետը, ծավալում ստվերային գործունեություն։

4․ Ավագանու ընտրությունների համար ներկայացված 500 անձից բաղկացած ցուցակում ներգրավված են նաև կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, ովքեր այս մասին խոսել չեն ցանկանում, կամ հարցերին պատասխանում են մասնակիորեն` տալով խուսափողական պատասխաններ:

6. «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» ՀԿ-ն 2017 թվականին կայացած Երեւանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ ամփոփիչ զեկույց չի ներկայացրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter