«abide.am» պորտալի մասին պատմում է «abide.web.com» ծրագրի ղեկավար Սամվել Ամիրաղյանը
Ե՞րբ է ստեղծվել «abide.am»-ը։ Ի՞նչ բնույթի պորտալ է այն։
Ստեղծվել ենք 2001 թվականի մարտի 1-ին եւ արդեն երեք տարեկան ենք: Մենք ի սկզբանե ստեղծվել ենք ոչ որպես պորտալ։ Ես նկատի ունեմ «abide web technologies» կազմակերպությունը, իսկ «abide.am»-ը մեր անվճար նախագծերից մեկն է միայն, որ ստեղծվեց, քանի որ մենք ցանկանում էինք մեկտեղել այն ամենը, ինչ ունեինք, հավաքել մի տեղ մեր բոլոր օգտագործողներին: Այն ստեղծվել է ոչ որպես ֆինանսական նախագիծ, այլ պարզապես որպես ազատ պորտալ: Ստեղծման օրվանից շատ նորություններ ու փոփոխութույուններ են եղել պորտալում։ Օրինակ՝ մենք արդեն բացում ենք նոր բաժին՝ երաժշտության բաժինը, որը կհեռարձակվի ինտերնետում մեր պորտալի միջոցով ու նոր հեռուստեսային հաղորդաշարով: Այն կոչվելու է «Armenian music television», որը առայժմ փոքր ծավալներ կունենա, հետո արդեն online կհեռարձակվի ամբողջ աշխարհի համար: «Դար 21»-ով պարբերաբար կլինեն տարբեր հաղորդումներ։ Դրանք հիգն են: Մարտի մեկից մեր պորտալում բացվում է նաեւ նոր խանութ, որը անմիջապես պորտալից է վաճառք իրականացնելու. սա նույնպես նորություն է: E-commerce-ը մենք վաղուց ենք սկսել, բայց մեր բանկային համակարգը մեզ հնարավորություն չի տալիս նորմալ աշխատելու այս ոլորտում: Փորձել ենք համագործակցել մի շարք բանկերի հետ, բայց այդպես էլ չի ստացվում որեւէ նորմալ արդյունք ունենալ, կամ պետք է Ամերիկայում իրագործել այս ամենը, կամ էլ պարզապես պետք է սկսել հայաստանյան այս պայմաններում իրականացնել e-commerce, վերջ ի վերջո ինչ-որ մեկը պետք է այն սկսի, ուրիշ ելք չկա: Իրականում մենք արդեն 2 տարի է ունենք «store» բաժին, փորձել ենք աշխատացնել, եւ կոմերցիոն առումներով նորմալ է, հնարավոր է այն կիրառել, պարզապես այստեղ մենք պրոբլեմներ ենք առաջացնում գնորդերի համար այն առումով, որ եթե նա պետք է գնա բանկ փոխանցում անելու համար, այդ դեպքում նա նույն կերպ կարող է գնալ խանութ եւ կարիքը չի ունենա online խանութի: Մենք այժմ համագործակցում ենք շատ ընկերությունների հետ։ Օրինակ՝ դուք կարող եք տեսնել «Երիցյան եւ որդիներ» խանութի գովազդը մեր պորտալում, որի հետ նույնպես online առեւտուր իրականացնելու որեւէ պրոբլեմ չկա, բացի բանկային համակարգից: Փաստորեն, Հայաստանում online առեւտուրը, որպես այդպիսին, դեռ չի կայացել:
Ի՞նչ է նշանակում պորտալ Հայաստանում, իմաստ ու՞նի արդյոք այդ անվանումը, եթե բնորոշենք հայկական պորտալն ու համեմատենք այն այլ պորտալների հետ:
Հայաստանում պորտալ անվանումը շատ մոդայիկ է, ցանկացած մարդ կարող է մոտ 40 հղում (link) հավաքել, միացնել ու անվանել այն պորտալ: Իրականում պորտալը որոշակի link-երի հավաքածու է, որոնցից յուրաքանչյուրը որոշակի բնույթ ունի՝ գումարած որոշակի ծառայություններ: Հայաստանում, եթե հաշվենք, մեր բնութագրմամբ կա մոտ երեք նորմալ պորտալ, ցանկալի է անուները չնշել եւ չասել` դրանք լավն են թե ոչ, որովհետեւ նման նախագիծ պահելը Հայաստանում շատ թանկ հաճույք է: Եվ եթե մեր պորտալը կառուցված չլիներ գործիքային տարբերակով, պորտալը պահելու համար մեզնից կպահանջվեր մոտ 25 աշխատող, իսկ այժմ այն պարզապես գոյություն ունի 2 մարդու շնորհիվ: Հայաստանում շատ թանկ է նաեւ պարզապես պորտալ ունենալը, քանի որ կա «traffic» հասկացությունը, որը շատ թանկ է, ու քանի որ մենք որեւէ ֆինանսական շահույթ չենք հետապնդում, ստացվում է, որ բոլոր այս ծախսերը մեր հաշվին են: Ի միջի այլոց, պետք է նշեմ, որ մեզ մոտ որեւէ անօրինական բան չեք գտնի, նաեւ երգերը, որ հիմա ենք սկսում տեղադրել, ունեն բոլոր իրավունքները, մենք պատասխանատու ենք մեր պորտալում տեղադրված ցանկացած link-ի համար, եւ այն, ինչ արգելված է հայաստանյան օրենքներով, մենք փորձում ենք չտեղադրել մեր պորտալում: Ցանկացած մարդ ցանկացած վայրից կարող է իր link-ը մեզ մոտ գրանցել. սա արդեն մի քիչ գովազդային բնույթ ունի, եւ մենք երբեք չենք հրաժարվում առաջարկված link-ը մեզ մոտ տեղադրելուց։
Եթե այն չի հակասում օրենքներին, արգելված չէ, ապա տեղ է գտնում մեր պորտալում: Մենք ունենք բիզնես գործընկերների բաժին, որի վրա մեծ ուշադրություն ենք դարձնում, քանի որ մեր (Հայաստանի) շահերից է բխում մեր գործընկերներին ներկայացնել ամբողջ աշխարհում, կազմակերպել online քննարկումներ, հարց ու պատասխան: Նրանք մեզ ուղղակիորեն մեր ծառայության համար չեն վճարում, այլ վճարում են traffic-ի համար, այսինքն` այնքան գումար, որ ծախսվում է նման նախագծերն իրականացնելու համար: Կան, իհարկե, այնպիսի բիզնես ծրագրեր, որոնց իրականացման համար մենք գումարներ ենք վերցնում: Այժմ մենք փորձում ենք նաեւ բացել ամսագիր, որը մոտավորապես մեր պորտալի տպագիր օրինակը կլինի: Իսկ պորտալն այսօր ունի մոտ 92մլն hit, որից ընդամենը 600.000-ից 700.000-ն է Հայաստանից, իսկ մնացածը մեծամասամբ Միացյալ Նահանգներից եւ Եվրոպայից է։ Բնական է, որ Լոս Անջելեսին բաժին է ընկնում hit-երի ամենամեծ մասը: Մենք միշտ լուրջ ուշադրություն ենք դարձնում վիճակագրական տվյալներին, հետեւում ենք, թե որ շրջանից որքան մուտքեր ունենք եւ այլն: Ունենք լուրջ առաջարկներ։ Օրինակ՝ հիմա ամերիկյան երեք մեծ խանութներ ցանկություն են հայտնել տեղադրելու իրենց գովազդը մեր պորտալում:
Մեր բաժիններից մեկում, որ կոչվում է «photo» (այն ամենաշատ այցելուներ ունեցողներից է), ցանկացած մարդ կարող է գրանցվել եւ զետեղել նկար։ Բոլոր նկարները գնահատվում են այցելուների կողմից։ Ամեն ամսվա վերջում նա, ով ամենից շատ ձայներ է ստանում, ճանաչվում է հաղթող: Մասնակիցների թիվն արդեն անցնում է 7000-ից: Մի շարք կազմակերպություններ նվերներ են պատրաստում հաղթողների համար:
Հայաստանում կան շատ պորտալներ, որոնք իրենք իրենց այդպես են կոչում, բայց իրականում նրանց հղումների տակ որեւէ բան չես գտնի, այցելուների քանակը չնչին է, ինչը չի կարելի ասել ձեր պարագայում:
Թող գովազդի պես չհնչի, բայց կարող եմ ասել, որ մեր պորտալն այնքան լի է ամեն տեսակ ծառայություններով, այնքան բազմազան է ու խորը, որ երեւի թե երկու շաբաթ է հարկավոր ամբողջ պարունակությունը նայելու համար: Մեզ մոտ կա էլեկտրոնային փոստի բաժինը, որտեղ տրամադրում ենք անվճար e-mail ծառայություն։ Փորձում ենք նորմալ պորտալ ունենալ ու, իմ կարծիքով, դա մեզ հաջողվում է։ Այցելությունների քանակից ելնելով` կարելի է դատել այդ մասին։ Մեր պորտալում կգտնեք «gallery» բաժինը, որտեղ մենք տեղադրում ենք մեր իսկ կատարած նկարները։ Մեզ համար հաճելի է, երբ դրսում ապրող ցանկացած մարդ կարող է մեր պորտալի միջոցով տեսնել իր փողոցը, իր բակը, իր Երեւանը։ Այստեղ կան պաշտոնյաների նկարներ նույնպես, բնություն եւ այլն: Մեր նկարներից օգտվում են նաեւ շատ այլ էջեր, անգամ առանց հեղինակային իրավունքը հաշվի առնելու: Դա, իհարկե, այդքան էլ հաճելի չէ։ Բայց եթե դա արվում է, որպեսզի մեկ հայկական էջ ավել բացվի, մենք դեմ չենք:
«Chat» բաժինը հիմա չի գործում ակտիվորեն, քանի որ շատ բարձր են կապի ծախսերը, բայց պատրաստվում ենք նորից այն բացել մի քանի ամսվա ընթացքում: Փորձեր են կատարվում պորտալը դարձնել եռալեզու, բայց դա շատ բարդ հարց է, քանի որ պահելը նույնպես մեծ պրոբլեմների հետ է կապված։ Իհարկե, կան բաժիններ երեք լեզուներով, բայդ դա ամբողջ պորտալի մասշտաբով չէ: Մեր բոլոր բաժինները բացվել են մեր իսկ օգտագործողների առաջարկներով ու ցանկությամբ:
Ի՞նչ եք կարծում, կա՞ արդյոք մրցակցություն հայկական պորտալների միջեւ:
Մեզ համար մրցակցություն որպես այդպիսին չկա։ Մեզ շատ քարկոծում են, ու մենք դա շատ հաճույքով ընդունում ենք։ Լավ է, երբ կա քննադատություն, քանի որ հակառակ դեքում մեր պորտալը հետաքրքրություն չէր առաջացնի: Հնարավոր է, որ մենք մյուս պորտալների համար մրցակից ենք, քանի որ նրանցից եւ ոչ մեկի մոտ դուք չեք գտնի մեր պորտալի հղումը, ասենք Abide.web.com ամեն տեղ կգտնեք, բայց Abide.am հասցեն չեք գտնի որեւէ տեղ, իսկ մենք, ի տարբերություն նրանց, տեղադրում ենք բոլոր էջերի ու պորտալների հղումները: Տեղադրելով մեզ մոտ հղում դեպի այլ էջ կամ պորտալ, որը կապված է Հայաստանի հետ, մենք նախ հեշտացնում ենք օգտագործողների գործը, ապա մեծացնում ենք մեր այցելուների քանակը: Ավելին, եթե Հայաստանում բացվում է ինտերնետային որեւէ նոր էջ, մեր ժուռնալիստները անպայման դրա մասին տեղեկություններ են տեղադրում մեր պորտալում: Պետք է աշխատել լավ` չնայելով, թե ինչպես են աշխատում այլ պորտալներ: Մեր պորտալը չի համեմատվում ոչ մի այլ պորտալի հետ, քանի որ մենք ունենք որոշակի խնդիր եւ մենք կատարում ենք այն որքան հնարավոր է որակով: Մեզ մոտ կան այլ բնույթի պրոբլեմներ, օրինակ` մասնագետների պակասի պատճառով մենք շատ նախագծերից հրաժարվում ենք։
Ի՞նչ խոչընդոտներ կան այսօր ձեր համար, ի՞նչ է հարկավոր, որպեսզի Հայաստանում զարգանա ինտերնետը. ասենք, օրինակ` օրենսդրական դաշտ, ներդրումներ, պետական քաղաքականություն, դե, իհարկե, եթե մի պահ մոռանանք ԱրմենՏելի առաջացրած պրոբլեմները:
Մենք չունենք օրենքի հետ կապված որեւէ պրոբլեմ, մենք մեր հարկային դաշտից գոհ ենք, որեւէ մեկը մեզ չի խեղդում, նորմալ հարաբերություններ են բոլոր կառույցների հետ: Հարկերն էլ, իմ կարծիքով, նորմալ են: ԱրմենՏելի առումով... Այստեղ թեման փակված է, այդ մասին մենք ոչ ուզում ենք խոսել, ոչ էլ խոսում ենք։ Մեզ համար ուղղակի չկա այդ կազմակերպությունը, քանի որ այն բառիս բուն իմաստով «խժռում» է ահռելի գումարներ, որ բերում է ինտերնետը: Իսկ որակի մասին նույնպես անիմաստ է խոսել, քանի որ չենք կարող համեմատել որեւէ այլ երկրի ինտերնետային կապի հետ: Մեր ամենամեծ պրոբլեմներից մեկը մասնագետների պակասն է։ Փորձեցինք աշխատել ինստիտուտների հետ, մասնագետներ բերել մեզ մոտ, բայց, միեւնույն է, խնդիրը մնում է: Բոլոր քիչ թե շատ որակյալ մասնագետները գնում են այստեղից, այնինչ կարելի է Հայաստանում շատ լավ աշխատավարձով աշխատել:
Այսօրվա տվյալներով, մոտ 130-140 հայաստանյան ֆիրմաներ մեր օգնությամբ հայտնի են դարձել աշխարհին, մենք պատրաստում ենք նրանց ինտերնետային էջերը: Ընդ որում այդ ընկերությունները online ռեժիմում կարող են հետեւել մեր աշխատանքներին: Այսպիսով, իրականացնելով բազմաթիվ նախագծեր, փորձում ենք ընդլայնել մեր ծառայությունները եւ, իմ կարծիքով, դա մեզ հաջողվում է:
Մանե Մանուկյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել