HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը փողերի լվացման գործով 13 տարվա ազատազրկման է դատապարտվել

«Հայբիզնեսբանկ»-ի փողերի լվացման գործով ամբաստանվող բանկի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը մեղավոր է ճանաչվել իրեն առաջադրված բոլոր մեղադրանքներում և դատապարտվել 13 տարվա ազատազրկման: Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, նրան դատապարտել է ազատազրկման ամբողջ գույքի բռնագրավմամբ, սակայն 1 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումարից ոչ ավելի:

Բացի դրանից, Արա Կիրակոսյանի դեմ քաղհայց էր ներկայացրել «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն, և դատարանը դատավճռով պարտավորեցրել է նրանից բռնագանձել 8,3 մլն  եվրոյին համարժեք դրամ` որպես հանցագործության հետևանքով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին պատճառված վնասի հատուցում։

Արա Կիրակոսյանից հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձվի նաև դատական ծախսը 480.900 դրամ գումարի չափով:

Արա Կիրակոսյանի պատժի սկիզբը հաշվարկվել է 2013թ. դեկտեմբերի 06-ից։

Հիշեցնենք` Արա Կիրակոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2006թ. օգոստոսի 21-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 01-ը, լինելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահը, իր կարգադրիչ և այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ՝ իր և ուրիշ անձանց օգտին օգտագործելով, նույն բանկի վարչության նախագահի տեղակալ–Տարածքային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Եսայանի, Իրանի և ԱՄՆ քաղաքացի Մաջիդ Ռ․ Նազիֆի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված «Ալֆա Ջեներալ Թրեյդինգ» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն Բեհրուզ Բեհնամի, ԻԻՀ և ՀՀ քաղաքացի Վահիկ Մանուկյանսի, Շվեյցարիայի Համադաշնության ժնև քաղաքում գրանցված, «Կոսմոս Տրադինգ» ընկերության հիմնադիր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Դոների, վերջինիս կողմից լիազորված անձ՝ Սուրեն Գաբրիելյանի և ՀՀ-ում գրանցված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊԸ հիմնադիր֊ տնօրեն, ՀՀ քաղաքացի Դավիթ Դերզյանի հետ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտ ժամանակահատվածում, օգտագործելով իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող կեղծ պայմանագրեր և վճարման հանձնարարականներ, խարդախությամբ՝ խաբեության եղանակով հափշտակել, ապա օրինականացրել են Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գործող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերության կողմից, «Սբերբանկ» ՓԲ ընկերության միջոցով (միջնորդությամբ), «SWIFT» համակարգով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերություն փոխանցված առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 5.804.577.000 ՀՀ դրամին համարժեք 10.980.000 եվրո գումար, որից՝ 1.000.000 եվրոն նախատեսված է եղել գումարի իրական շահառու, Բանկում թղթակցային հաշվեհամարներ բացած, ԻԻՀ «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» ընկերության համար, իսկ 9.980.000 եվրոն՝ «SWIFT» հաղորդագրություններում անճշտություններ լինելու և վերջնական շահառուն նշված չլինելու պատճառով, ենթակա Է եղել վերադարձման ուղարկող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերությանը, ինչի հետևանքով «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» և «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերություններն իրավունք են ձեռք բերել նույն չափով գումարներ ստանալու հայցապահանջ երկայացնել «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության նկատմամբ, որը հատուցման պարտավորություն Է ստանձնել։  

Արա Կիրակոսյանն այս գործով մեղադրվում է Քրեական օրենսգրքի 4 հոդվածներով, որոնցից ամենամեծ պատիժը սահմանվել է փողերի լվացման համար: Նրան մեղադրանքներ էր առաջադրված հետևյալ հոդվածներով.

214-րդ հոդվածի երկրորդ մասով, այն է՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մեղադրանքի համար նրան 2 տարվա ազատազրկում է նշանակվել:

325-րդ հոդվածի երկրորդ մասով՝ այն է՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից` նախնական համաձայնությամբ: Նախատեսվել է 1 տարի ազատազրկում:

178-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին մասով, այն է՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով` գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 500 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումարից,

190-րդ հոդվածի երրորդ կետի առաջին մասով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Դատապարտվել է ազատազրկման 8 տարի ժամկետով` գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 500 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումարից։

Պատիժները լրիվ և մասնակիորեն գումարելու սկզբունքների կիրառմամբ նրան վերջնական պատիժ է նշանակվել 13 տարի ազատազրկումը:

Արա Կիրակոսյանը մեղադրվում է նաև այլ դրվագով, որի դատաքննությունը դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթում է ընթանում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter