HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Միջազգային կազմակերպությունների տրամադրած վարկը ոչ նպատակային օգտագործելու գործը բարդվել է վարկ տալու լիազորություն չունեցող անձի վրա. ահազանգում է պաշտպանը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Արդշինինվեստբանկ»-ի Երևան մասնաճյուղի նախկին կառավարիչ Արթուր Կարապետյանի վերաբերյալ քրեական գործի քննություն ժամանակ վերջինս դատարանին հայտնել է, որ իրեն առաջադրված մեղադրանքն իր համար պարզ չէ: Պատճառը, Կարապետյանի պնդմամբ, այն է, որ իրեն մեղադրում են այնպիսի արարքի կատարման մեջ, որի լիազորությունն ինքն ի պաշտոնե չի ունեցել:

Արթուր Կարապետյանը 2009-2013 թվականների ընթացքում եղել է «Արդշինինվեստբանկ»  ՓԲԸ-ի «Երևան» մասնաճյուղի կառավարիչը: Ըստ մեղադրանքի՝ վերջինս  օժանդակել է դեղերի և սննդային հավելումների արտադրությամբ զբաղվող  «Հագենաս» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Գևորգյանի կողմից 2012թ. ընթացքում  «Արդշինինվեստբանկ»  ՓԲԸ-ից ( Բանկն այժմ վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի. հեղ) ստացված, միջազգային կազմակերպությունների՝ «Ուորլդ բիզնես կապիտալ ինկ»-ի և «Ասիական զարգացման բանկ»-ի կողմից տրամադրված ընդհանուր 471.800.000 ՀՀ դրամ նպատակային վարկը ոչ նպատակային օգտագործելուն, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով, այլ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով, բանկի կանոնադրությամբ սահմանված իր կարգադրիչ և այլ լիազորություններն օգտագործել է բանկի շահերին հակառակ, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր լիազորությունները` բանկի հաճախորդ, ավանդատու Կարեն Գևորգյանի համար առաջացնելով ծանր հետևանքներ, մասնավորապես՝ վերջինս պատճառելով 660.067.236.3 ՀՀ դրամի նյութական վնաս: Ըստ մեղադրանքի՝ Կարապետյանն այս ամենում նյութական շահագրգռվածություն է ունեցել:

Նախաքննություն իրականացնող մարմինը, փաստորեն, Կարապետյանին մեղադրում է լիազորությունները չարաշահելու մեջ, սակայն ամբաստանյալի պաշտպաններ Արմեն Նադիրյանի և Բագրատ Պետրոսյանի պնդմամբ՝  մեղադրանքի մեջ անգամ նշում չկա, թե Կարապետյանը որ իրավական ակտով սահմանված իր որ լիազորությունն է չարաշահել:

«Դա աբսուրդ է. եթե դու մարդուն մեղադրում ես լիազորությունների չարաշահման  մեջ, ապա պարտավոր ես նշել, թե որ իրավական ակտի որ կետով սահմանված լիազորությունն է խախտվել»,- մեզ հետ զրույցում ասաց պաշտպան Արմեն Նադիրյանը:

Գործի էությունը հետևյալն է.  «Արդշինբանկ» ՓԲԸ-ն 2012 թվականին «Հագենաս» ՍՊԸ-ին տրամադրել է վարկ, որի վերադարձելիության ապահովման միջոց է հանդիսացել բանկում ներդրված ֆիզիկական անձի՝ տվյալ դեպքում` գործով տուժող ճանաչված Կարեն Գևորգյանի ավանդը: Վերջինս բանկի խոշոր ավանդատուներից է: Ինքն, ինչպես նաև կինն ու դուստրը համաձայնություն են տվել, որպեսզի Խաչիկ Գևորգյանի կողմից վարկային պարտավորությունները  չկատարելու դեպքում բանկը բռնագանձի իրենց կողմից բանկում գրավադրված ավանդը:

Ըստ գործի նյութերի՝ «Հագենաս» ՍՊԸ-ն վարկը վերցրել է շրջանառու միջոցների  համալրման նպատակով, մասնավորապես՝ մտադրություն է ունեցել որոշ տեսակի ալկոհոլային խմիչքներ արտահանել, սակայն վարկը նպատակային չի օգտագործել, բանկի հանդեպ պարտավորությունները ոչ պատշաճ է կատարել, վարկը մարելու համար լրացուցիչ ժամանակ է խնդրել, պարտավորություն ստանձնել այն մարել, որը դարձյալ պատշաճ չի կատարել: Դրանից հետո օրենքով սահմանված կարգով իրականացվել է գրավի առարկա հանդիսացող ավանդի հաշվին պարտավորությունների մարում, այսինքն` « Հագենաս» ՍՊԸ-ի  չկատարված վարկային պարտավորությունները մարվել են Կարեն Գևորգյանի և վերջինիս ընտանիքի գրավադրած ավանդի հաշվին: Հետո Կարեն Գևորգյանը հայտարարել է, թե ինքը չի իմացել՝  ինչ փաստաթղթերի տակ է ստորագրում, որ դրանք բարդ իրավաբանական տերմիններով կազմված փաստաթղթեր են եղել:

Նշենք, որ Կարեն Գևորգյանին  համապատասխան գործարքն առաջարկել է Արթուր Կարապետյանը: Պաշտպան Նադիրյանի պնդմամբ` Խաչիկ Գևորգյանը հետաքրքրվել է վարկ  վերցնելու հավանական տարբերակների մասին,  Կարապետյանը նշել է բանկի ավանդատուի ավանդը գրավադրելու միջոցով վարկ ստանալու հավանական տարբերակ կա,  առաջարկել ավանդատու Կարեն Գևորգյանին, որից հետո այլևս չի խառնվել նրանց  հարաբերություններին, համաձայնության եկել են Կարեն Գևորգյանն ու Խաչիկ Գևորգյանը: Մեր հարցին՝ եթե Կարապետյանը մտերիմ, վստահելի անձ չէր Կարեն Գևորգյանի համար, ապա ի՞նչու է նա համաձայնել ռիսկի տակ դնել իր ավանդը, Նադիրյանը նշում է, թե հարցի հասցեատերը Կարեն Գևորգյանն է:

Նշենք, որ մեր տեղեկություններով` Կարեն Գևորգյանը ակնկալել է Խաչիկ Գևորգյանի բիզնեսից նյութական շահ ունենալ:

Վարկի ստացման, դրա մարման ժամկետի երկարացման ամբողջ գործընթացքում,  Նադիրյանի խոսքով՝ Արթուր Կարապետյանի գործառույթը  եղել է  վարկի վերաբերյալ փաստաթղթերի ամբողջ փաթեթը փոստային առաքման միջոցով վերադասին ուղարկելը, ապա վերադասի կողմից լիազորվելուց հետո վարկառուի հետ պայմանագրի կնքումը,  սակայն ամբաստանյալի աթոռին է հայտնվել միայն ինքը՝ Կարապետյանը, ով առանց բանկի կողմից լիազորվելու որևէ պայմանագիր ստորագրել չէր կարող:

Պաշտպանի խոսքով՝ բանկում մի շարք ստորաբաժանումներ կան, որոնք պատասխանատու են մինչև վարկի  տրամադրումը ստուգել պոտենցյալ վարկառուի տրամադրած փաստաթղթերի իսկությունը, իրավունակությունը, նպատակների իրական լինելու հանգամանքը և վարկի տրամադրման համար ռիսկային այլ գործոններ: Այս օղակներից են, օրինակ, վերադասի  իրավաբանական վարչությունը, անվտանգության ծառայություն խորհուրդ, որը ստուգում է պոտենցիալ վարկառուի կողմից տրամադրված փաստաթղթերի իսկությունը,  վարկի նպատակի իրական լինելու հանգամանքը, վարկային կոմիտեն, որը եզրակացություն է տալիս, բանկի խորհուրդը, որը եզրակացության հիման վրա որոշում է՝ տրամադրել վարկը, թե ոչ, և դրական որոշման դեպքում կառավարչին լիազորում պայմանագիր կնքել:

Այսինքն` պաշտպանական կողմի պնդմամբ` վարկային պայմանագիր վարկառուի հետ չէր կնքվի, եթե այս օղակներից մեկը վարկի վերաբերյալ բացասական եզրակացություն տար, ինչը չի եղել:

Նշենք, որ Արթուր Կարապետյանը որպես բանկի ներկայացուցիչ վարկառու Խաչիկ Գևորգյանի հետ պայմանագիր է կնքել, որը կազմում  է  իրավաբանական  վարչությունը:

Այս գործով վերջին դատական նիստին հետազոտվեց նշանակված  դատաֆինանսատնտեսագիտական փորձաքննություն եզրակացությունը, համաձայն որի, եթե  բանկն իր իրավունքներն իրացներ և համապատասխան ստուգումներ կատարեր, ապա «Հագենաս ՍՊԸ-ն չէր կարող  խախտումներ թույլ տալ: Հատկանշական է, որ գործի նյութերից պարզ է դառնում, որ փորձագետ Սմբատյանը համապատասխան եզրակացությունը տալու համար  նախաքննություն իրականացնող մարմնից պահանջել է վարկի տրամադրման ամբողջ գործընթացի սահմանված կարգի վերաբերյալ փաստաթղթեր,  որոնցում երևում են, թե բանկի աշխատակիցներից ով ինչ գործառույթ ունի: Դրանք ուսումնասիրելու ընթացքում, պաշտպանական կողմի պնդմամբ, պարզ կդառնար, որ Արթուր Կարապետյանը այս ամբողջ գործընթացքում օրենքով իր վրա  դրված լիազորությունների շրջանակներում է եղել և խախտում չի կատարել:

Պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ գործի նյութերում որևէ կերպ արձանագրված չէ, որ համապատասխան փաստաթղթերը տրամադրվել են փորձագետին, փորձագիտական եզրակացություն մեջ փորձագետի կողմից հետազոտված փաստաթղթերի ցանկում դրանք ևս չկան:

Այդ փաստաթղթերն անգամ ապացույց չեն ճանաչվել: Դատական նիստին ամբաստանյալի պաշտպաններից Բագրատ Պետրոսյանը միջնորդեց դրանք հետազոտել, սակայն դատավորը միջնորդությունը վաղաժամ արված համարեց:

Պաշտպան Արմեն Նադիրյանն էլ միջնորդեց դատարան հրավիրել փորձագետ Սմբատյանին` նրանից պարզելու` արդյոք  վերջինս այդ փաստաթղթերը ստացել և հետազոտել է, թե՞ ոչ,  ինչպես նաև հուզող այլ հարցերի պատասխաններ ստանալու համար: Դատավոր Գագիկ  Պողոսյանը բավարարեց միջնորդությունը: Հաջորդ դատական նիստին փորձագետ Սմբատյանը կհրավիրվի դատարան:

Նախաքննություն իրականացնող մարմնի կողմնակալ լինելու պատճառի մասին Կարապետյանի պաշտպանները հստակ նշել չեն կարող:

«Ենթադրում եմ, որ ամենաանպաշտպանը, թիկունք չունեցողն ինքն է եղել, և նրա վրա գործը բարդելու միջոցով ցանկանում  են ցույց տալ, որ գործը դատական ընթացք է ստացել»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Նադիրյանը, ով ուշադրություն հրավիրեց գործով մի քանի այլ կարևոր հանգամանքների վրա ևս:

Մասնավորապես` թեև Արթուր Կարապետյանը մեղադրվում է Խաչիկ Գևորգյանին հանցագործության կատարման հարցում օժանդակելու մեջ, Կարապետյանին շատ ավելի շուտ է մեղադրանք առաջադրվել, քան Խաչիկ Գևորգյանին: Այսինքն՝ նախաքննություն իրականացնող մարմինը, դեռևս հիմնավորված չհամարելով որ հանցագործություն է տեղի ունեցել, Կարապետյանին  մեղադրել է դրան օժանդակելու մեջ: Կարապետյանին մեղադրանք առաջադրելուց ամիսներ անց միայն Խաչիկ Գևորգյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հետախուզում է  հայտարարվել և  որպես խափանման միջոց ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

«Մարդը 2012 թվականից չկա, բնակության վայրը հայտնի չէ, այդքան գումար է տարել, բայց նրա նկատմամբ խափանման միջոց են ընտրում չհեռանալու մասին ստորագրությունը»,- նկատում է Արմեն Նադիրյանը:

Կարևոր է նաև այն, որ բանկի ստորաբաժանումների պատասխանատուները, որոնք տվել են վարկ տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, չկան դատակոչի ցուցակում,  չեն հարցաքննվել  նաև գործի նախաքննության ընթացքում, չնայած Կարապետյանի պաշտպանները ներկայացրել են նրանց հարցաքննելու վերաբերյալ միջնորդություն:

«Եթե գտնում են, որ Արթուր Կարապետյանը վարկի հարցում շահագրգռված է եղել, ապա պիտի պարզեին` նա որևէ մեկին խնդրե՞լ է, որ վարկի տրամադրման վերաբերյալ դրական եզրակացություն տան, կամ ճնշե՞լ է որևե մեկին, համոզել, շահագրգռել»,- ասում է Արմեն Նադիրյանը:

Վերջինս կարծում  է, որ  այս գործն առհասարակ ոչ թե քրեաիրավական, այլ քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորման դաշտում է:

«Բայց այնուամենայնիվ, եթե կարծում են, որ քրեաիրավական է, ապա Արթուր Կարապետյանը չէ, որ պետք է պատասխանատվության ենթարկվի, այլ բանկի համապատասխան աշխատակիցները»,- համոզված է Արմեն Նադիրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter