
Վերաքննիչ դատարանը խախտում է արել նախկին դասախոսի գործում
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ-ի) նախկին դասախոս Լուսինե Աշուղյանը հայց էր ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ՎՊՄԻ` աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդը վճարելու պահանջների մասին: Առաջին ատյանի դատարանը` դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ, մերժել էր նախկին դասախոսի պահանջը:
Լուսինե Աշուղյանը վճիռը բողոքարկել է վերադասության կարգով: Բողոք է ներկայացրել Վերաքննիչ քաղաքացիական դատարան` առաջին ատյանի վճիռն ամբողջությամբ բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու պահանջով: Վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ: Պատասխանող կողմը` ի դեմս ՎՊՄԻ-ի, ներկայացրել է վերաքննիչ բողոքի պատասխան:
Դեկտեմբերի 14-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը` նախագահող դատավոր Լևոն Գրիգորյանի, դատավորներ Գոհար Մատինյանի և Արմեն Թումանյանի կողմից քննության առավ Լուսինե Աշուղյանի բողոքը: Նախագահողն ստուգեց դատավարությանը ներկայացած անձանց ինքնությունը: Բողոք բերող Լուսինե Աշուղյանն անձամբ էր ներկայացել դատական նիստին:
ՎՊՄԻ ՊՈԱԿ-ի կողմից ներկայացել էր ՎՊՄԻ-ի դասախոս Վանո Եղիազարյանը: Դատարանը պահանջեց վերջինիս լիազորությունները հավաստող փաստաթուղթ: Պարզվեց` Վանո Եղիազարյանը լիազորված չէ ներկայացուցչություն ապահովելու Վերաքննիչ դատարանում: Լիազորագիրը նրան տրված էր միայն առաջին ատյանում ներկայացնելու պատասխանող ՊՈԱԿ-ին: Հաշվի առնելով, որ պատասխանողի ներկայացուցիչը չունի համապատասխան լիազորագիր, նախագահող դատավորը խնդրեց նրան տեղ զբաղեցնել դահլիճում: Եվ քանի որ ՊՈԱԿ-ը պատշաճ ծանուցված էր դատական նիստի վայրի և ժամանակի մասին, դատարանը պատասխանողի բացակայությունը արգելք չհամարեց գործի քննության համար:
Զեկուցողը ներկայացրեց բողոք բերող նախկին դասախոսի վերաքննության պահանջը և ՎՊՄԻ-ի պատասխանը:
Վերաքննիչ դատարանում ընթերցվեց ըստ էության անվավեր փաստաթուղթ:
Ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին կետի` վերաքննիչ բողոքի պատասխան կարող է ուղարկել գործին մասնակցող անձը: Ըստ նույն հոդվածի 2-րդ կետի` պատասխանն ստորագրում է գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիր:
Տվյալ քաղաքացիական գործով վերաքննիչ բողոքի պատասխանը ՎՊՄԻ-ի անունից գրել և ստորագրել է Վանո Եղիազարյանը (վերաքննիչ բողոքի պատասխանում նշված է` բողոքի պատասխանող, ՎՊՄԻ ներկայացուցիչ Վ. Եղիազարյան, ստորագրված է): Եվ, բնականաբար, նրա ներկայացրած վերաքննիչ բողոքի պատասխանին չի կցվել օրենքի պահանջով` նրա լիազորությունները հավաստող լիազորագիր այն պարզ պատճառով, որ Վանո Եղիազարյանը չի ունեցել պահանջվող փաստաթուղթը, ինչը պարզ դարձավ դատարանում:
Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ, 40-րդ, 41-րդ հոդվածները, որոնցով սահմանվում է ներկայացուցչությունը դատարանում, այն, որ իրավաբանական անձի ներկայացուցիչը պետք է օրենքին համապատասխան ձևակերպված լիազորագիր ունենա դատավարության ընթացքում, արգելեց Վանո Եղիազարյանի մասնակցությունը դատական նիստին:
Սակայն նույն դատարանը, անտեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի պահանջը, որ ներկայացուցչի լիազորագիրը պետք է կցված լինի վերաքննիչ բողոքի պատասխանին, ընդունել է Վանո Եղիազարյանի ներկայացրած պատասխանը`առանց պահանջվող փաստաթղթի:
Հետևաբար` դատարանը խախտել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նշված դրույթը` գործին կցելով անվավեր փաստաթուղթ:
Ի դեպ, Վերաքննիչ դատարանը անտեսեց նաև «Հետքի» լրագրողի` դատական նիստը ձայնագրելու և լուսանկարելու խնդրանքը: Նախագահողն ասաց, որ դատավարությունն սկսվելուց հետո այդ հարցը կքննարկվի և որոշում կկայացվի: Դատարանը, սակայն, չանդրադարձավ այդ հարցին: Նիստի ավարտին լրագրողը փորձեց ճշտել պատճառը: «Մենք ասացինք` կողմը կմիջնորդի, կնստենք, կորոշենք: Չի միջնորդել»,-ասաց դատավորը: Կողմ ասելով` դատավորը տվյալ դեպքում նկատի ուներ բողոք բերողին, քանի որ պատասխանողը բացակա էր ճանաչվել դատարանի կողմից:
Նկատենք սակայն, որ լրագրողը դատարան է ներկայանում կողմերից անկախ` դատավարությունը համակողմանի լուսաբանելու նպատակով: Ուստի` այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու պիտի բողոք բերողը դատարանին միջնորդեր` քննարկելու լրագրողի`դատական նիստը ձայնագրառելու խնդրանքը:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել