HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անթիրախ զենքերի զոհերը

Հազարամյակներ շարունակ պատերազմներ եղել են, այսօր կան ու վաղը լինելու են։ Չեն փոխվել դրանց պատճառները, չեն փոխվել նպատակները։ Փոխվել են միջոցները, կատարելագործվել զենքերը։ Ու որքան կատարելագործվել են, այնքան ավելի ու ավելի շատ են թիրախ դարձրել խաղաղ բնակչությանը, պատերազմներն ավելի ու ավելի են դուրս բերել պայամանականության սահմաններից։ 

Եթե հին դարերում զորքն էր զորքի դիմաց կանգնում եւ աղեղից արձակված դիպուկ նետը խոցում էր հակառակորդ զինվորին, հիմա թիրախն անորոշ է, հիմա թիրախն այն ամենն է, ինչ կա թշնամական գծից անդին։ 

Տղամարդու պատերազմները մնացել են հեռավոր անցյալում։ Հիմա տմարդու պատերազմների դարաշրջանն է։ Մի հարմար տեղում դնում են հրանոթներն ու մահ սփռում՝ հնարավոր լայն ու երկար ընդգրկումով։ Սա երեւի ավելի «հումանիստական» է։ Չես տեսնում խոցված մարդուն, չես տեսնում արնահոսը, չես տեսնում սպանվածի դին։ Սպանում ես, իբր առանց գիտակցելու։ Կամ դնում ես ականներն ու անցնում առաջ։ Մտքիդ հետին մասում հակառակորդ զինվորն է պայթում ականի վրա, հակառակորդ զինվորն է հաշմվում ու խեղվում։ Մտքներով անգամ չի անցնում, որ գյուղացի մի մանուկ (պատերազմի ընթացքում կամ դրանից հետո, կարեւոր չէ) գնալու է մոտակա հանդերում կորած գառը կամ հորթը փնտրելու եւ պայթելու է ականի վրա՝ լավագույն դեպքում կյանքը շարունակելով անձեռուոտ, անաչք ու անականջ։ Դնողը ճակատի մյուս կողմում է ու չգիտի, որ այդ բանը եղավ կամ արդեն տուն է վերադարձել ու չի իմանում, որ այդ բանը լինում է։ Չգիտի, բայց դա նրա հոգու մեղքն է։ 

Մի անգամ Ղարաբաղում ականատես եղա մի զարհուրելի տեսարանի։ Նախիրը մտել էր ականապատված դաշտ ու պայթել։ Նախրապանը՝ տարիքով մարդ, երեխայի պես արտասվում էր։ Դաշտը նման էր սյուռեալիստական կտավի։ Պատերազմը պատերազմից հետո էլ հանդիպել էր խեղճ մարդուն։ 

Ղարաբաղի մի այլ շրջանում մարդկանց աչքի առաջ տասնյակ հեկտարներով նռան այգիներ էին չորանում։ Տարածքն ականապատված էր։ Նյութական բարիքի կորուստն իր հերթին, Աստծո ստեղծած կենդանությունն էր վերացել։

Մի տեղ էլ տեսա մի տղայի։ Պայծառ երկնագույն աչքեր ուներ, բայց անընդհատ լուռ էր։ Նրա հետ խոսելու ջանքերս ապարդյուն էին։ Տափակ հարցերս՝ «Քանի՞ տարեկան ես», «Քույր ու եղբայր ունե՞ս», «Որտե՞ղ ես սովորում» եւ այլն, մնում էին անպատասխան։ Շատ էի ուզում նրա հետ խոսել։ Հետո գյուղացիներից մեկն ինձ ասաց, որ տղան համր է։ Նա համրացել էր ականի վրա իր եղբոր պայթելը տեսնելիս։ Եւ մինչեւ հիմա տղան անխոս կանգնած է աչքիս առաջ, ինչպես նռան չորացած այգին, ինչպես երեխայի պես արտասվող նախրապանը։ 

Այստեղ ու այնտեղ տեղադրված ականները, պատահաբար մոռացված նռնակներն ու այլ պայթուցիկները պատերազմի նվերներն են երեխաներին։ Ավագներն էլ են երբեմն տուժում, բայց դրանք մեծավ մասամբ բաժին են հասնում երեխաներին։ 

Չնայած մարդասեր կազմակերպությունների ջանքերին, նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ հետպատերազմյան ամբողջ այդ թափոնը վնասազերծել։ Մի տեղ անպայման հայտնվում է, մի տեղ անպայման անում իր սեւ գործը։ 

Երկրորդ աշխարհամարտը կես դար առաջ է ավարտվել, բայց մինչեւ հիմա էլ թերթերը երբեմն գրում են ռազմաճակատներին մերձ բնակավայրերում եղած պայթյունների ու զոհերի մասին։ 

Ես այնքան լավատես չեմ, որ հավատամ պատերազմների իսպառ վերացման հնարավորությանը։ Պատերազմները եղել են կան ու լինելու են քանի դեռ կա մարդկությունը։ Բայց լավատես եմ ու հավատում եմ, որ նույն մարդկությունը մի օր վերագտնելու է իր քաջությունն ու հրաժարվելու է անթիրախ մահասփյուռ զենքերից։ 

Քաջը նա է, ով տարածության ու ժամանակի մեջ նայում է քաջի աչքերին։ Ու եթե սպանում է (ցավոք, պատերազմի օրենքն է), սպանում է իր մեղքի պատասխանատվությունը վերցնելով։ 

Քաջը նա չէ, ով տարածք ու ժամանակ չիմանալով, հրթիռներ է արձակում, ռումբեր նետում, ականներ դնում ոչ մեկի ու բոլորի համար, երբեմն, ինչու չէ, նաեւ իր մերձավորների ու հարազատների համար։

Ես լավատես եմ ու հավատում եմ, որ մարդկությունն անպայման հրաժարվելու է անթիրախ զենքերից։ Բայց քանի դեռ չի հրաժարվել, հրաժարվիր դու՝ անձամբ։ Եւ եթե երբեւէ զորակոչվես ու դժբախտություն ունենաս պատերազմի մասնակցելու, եղիր քաջ եւ հրաժարվիր ականներ տեղադրելուց, հրթիռներ արձակելուց ու ռումբեր նետելուց։ Եւ հիշիր, որ ամենամեծ պարտությունը անմեղներին վնասելն է։  

Տես նաեւ` Մահացու խաղալիքներ Երևանաբնակ ֆոտոլրագրող Գերման Ավագյանի այս ծրագիրը ներկայացնում է ականների և չպայթած զինամթերքի զոհերին։Այն արժանացել է մրցանակի և հովանավորվել է Էռնա և Վիկտոր Հասելբլադ հիմնադրանի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter