
Ինքնասպանություն գործած զինծառայողների տվյալները գաղտնի են պահվում
Մարինե Մադաթյան
Հրանտ Գալստյան
Երեկ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում հայտնաբերվել է կապիտան Անդրանիկ Մկրտչյանի դին: 1991թ. ծնված զինծառայողին հայտնաբերել են իր աշխատասենյակում` ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով: Այսօր քննչական կոմիտեն հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով:
Սա մեկ ամսվա ընթացքում երրորդ նմանատիպ դեպքն է. հուլիսի 23-ին հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող Վարդան Մելքոնյանի, իսկ օգոստոսի 14-ին` Աբաս Սլոյանի դին, երկուսն էլ` կախված վիճակում:
«Հետք»-ի ձեռք բերած տվյալներով՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում տարեկան միջինը 10 զինծառայողի մահվան դեպք որակվում է ինքնասպանություն: Միմյանց հաջորդող պաշտոնական արագ արձագանքներից կարող է թվալ, որ իրավապահ մարմինները մտահոգված են բանակում տեղի ունեցող դեպքերի հրապարակայնությամբ: Մինչդեռ որոշ ժամանակ անց նույն կառույցները անօրինական արգելք են ստեղծում ինքնասպանություն որակված պատմություններին վերադառնալու համար:
Զինծառայողների անունները գաղտնի են պահվում ապօրինի. իրավաբան
Վերջին հինգ տարիներին բանակում ինքնասպանություն որակված դեպքերի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով այս տարվա մայիսին «Հետք»-ը դիմեց պետական կառույցներին: Պաշտպանության նախարարությունը, քննչական կոմիտեն, ոստիկանությունը և դատախազությունը պետական գաղտնիք կամ անձնական տվյալ լինելու հիմքով մերժեցին տրամադրել ինքնասպանություն գործած զինծառայողների բնակության վայրերը, քրեական գործի ընթացքը, անգամ անունները:
Իրավապահ մարմիններից «Հետք»-ը պահանջել էր տրամադրել զինծառայողների անունները` ըստ նրա, թե որ փուլում է գտնվում նրանց դեպքով հարուցված քրեական գործը: Պաշտպանության նախարարությունը պատասխանեց, որ չունի այս տեղեկությունը, քանի որ այն վերաբերում է քրեական գործերի և դրանց ընթացքի վերաբերյալ հաշվառում վարելուն, որն իրենց իրավասության շրջանակում չէ: Ոստիկանությունը նույնպես հայտնեց, որ չունի նշված տվյալները:
Մյուս երկու կառույցները` քննչական կոմիտեն և դատախազությունը, նշել են, որ զինվորների անուն-ազգանունները կարող են տրամադրել նրանց ծնողների (իրավահաջորդների) գիտությամբ` վերջիններիս դիմումի հիման վրա: Սա` այն դեպքում, երբ զինվորների անուն-ազգանունները խնդրել էինք հենց նրանց ընտանիքները գտնելու և պատմություններն ու քրեական գործերի ընթացքը ներկայացնելու համար:
Դատախազությունը, որն ունի ինքնասպանություն գործած զինծառայողների անուն-ազգանունները և քրեական գործերի մասին տեղեկություններ, այսպիսով փակուղի է ստեղծում լրագրողների համար` հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին:
Սակայն նույն օրենքի համաձայն` անձնական տվյալները կարող են մշակվել առանց իրավահաջորդի համաձայնության, եթե դրանք «պետք է լինեն մահացած անձի անունը, սեռը, ծննդյան և մահվան տարին, ամիսը, ամսաթիվը» (ընդգծումը` «Հետք»-ի): Այսինքն, դատախազությունն այս հիմքով կարող էր մերժել մեր հարցման մեջ նշված միայն բնակության վայրի և քրական գործի մասին տեղեկությունները, սակայն ոչ անունները:
![]() |
Արա Ղազարյանը (Davit Khachaturyan/Facebook) |
Փաստաբան Արա Ղազարյանը նշում է, որ դատախազությունը պարտավոր էր հաշվի առնել մի շարք հանգամանքներ՝ մինչև հարցումը մերժելը: Մասնավորապես` նույնիսկ բնակության վայրի և քրեական գործի մասին տեղեկությունների դեպքում դատախազությունը պետք է հաշվի առներ լրատվամիջոցի նպատակը և հանրային շահի առկայությունը` համաձայն օրենքի համաչափության սկզբունքի (5-րդ հոդված): Լրատվամիջոցի նպատակը ինքնասպանության առանձին դեպքերին անդրադառնալն էր, ինչը հնարավոր չէր անել` առանց բնակության վայրը իմանալու:
«Նպատակին ապանձնավորված կերպով հնարավոր չէր հասնել: Քրեադատավարական սկզբունքներով հարցումը միանգամից մերժելու փոխարեն դատախազությունը պետք է աշխատեր փաստերի հետ և վերլուծեր այս հանգամանքները, ինչի համար դատախազները ակադեմիայում ազատ արտահայտվելու իրավունքի մասին դասընթաց են անցնում»,- ասում է Արա Ղազարյանը:
Ըստ իրավաբանի` դատախազությունը, որպես հանրային ծառայություն մատուցող մարմին, պետք է գիտակցեր, որ տվյալները անձնական նպատակների համար չեն օգտագործվելու, և կաշկանդված չէր զանգել խմբագրություն ու ճշտել այս հանգամանքները:
Ինչ վերաբերում է հանրային շահին, Ղազարյանը նշում է, որ սահմանափակումները նահանջում են, որովհետև «հասարակությունը ուզում է իմանալ, թե իր զինվորները ինչու են ինքնասպանություն գործել. նույնիսկ եթե ծնողները դեմ են, հասարակական շահը կարող է գերակայել»:
ՊՆ-ն թաքցնում է նույնիսկ ինքնասպանությունների թիվը
«Հետք»-ը հարցումով պահանջել էր հայտնել նաև վերջին հինգ տարիներին ՀՀ և ԼՂՀ զինված ուժերում ինքնասպանության դեպքերի թիվը:
Այս գործերի նախաքննությունն իրականացնող մարմինը` քննչական կոմիտեն, պատասխանեց, որ վիճակագրական հաշվառումները 2016թ. ապրիլին փոխանցվել են ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն և իրականացվում են այնտեղ, ուստի տեղեկությունը կարող ենք ստանալ այնտեղից: Մինչդեռ ոստիկանությունը հայտնեց, որ նշված հարցերն իր լիազորությունից դուրս են` իր հերթին խորհուրդ տալով դիմել քննչական կոմիտե: Միայն այն բանից հետո, երբ հայտնեցինք, որ հենց քննչականն է ուղղորդել ոստիկանություն, խորհուրդ տվեցին դիմել պաշտպանության նախարարություն:
Պաշտպանության նախարարությունը մեկամսյա ժամանակ խնդրեց հարցմանը պատասխանելու համար` պատճառաբանելով, որ լրացուցիչ ուսումնասիրության կարիք կա: Սա ենթադրում էր, որ ՊՆ-ն տրամադրելու էր դեպքերի թիվը, հակառակ դեպքում պարտավոր էր հնգօրյա ժամկետում մերժել` համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի: Հակառակ սրան` ՊՆ-ն օրեր անց հրաժարվեց մեր ուզած տվյալները տրամադրելուց` ինքնասպանության դեպքերի թիվը համարելով պետական և ծառայողական գաղտնիք:
Այս հրամանով սահմանվել է պաշտպանության նախարարության` գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկը: Հրամանի հիմքը «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքն է, մինչդեռ պարզ չէ, թե օրենքի հատկապես որ հոդվածն է հիմք հանդիսացել հրամանի 42-րդ կետի համար:
Միայն դատական մի գործի շրջանակում է ՊՆ-ն պարզաբանել, որ արտակարգ դեպքերի մասին տվյալները «միանշանակ դասվում են զորքերի մարտունակությունը գնահատելուն ուղղված ցուցանիշների շարքին», իսկ մարտունակության վերաբերյալ տեղեկությունները, ըստ օրենքի 9-րդ հոդվածի, կարող են համարվել գաղտնիք:
Դատական գործի և ՊՆ հրամանի կապը
Հրադադարին հաջորդող 20 տարիների ընթացքում ՀՀ զինված ուժերում զինծառայողների մահվան հանգեցրած դեպքերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության հայցապահանջով մոտ երեք տարի առաջ դատարան է դիմել «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը:
ՀԿ-ն, մասնավորապես, դատարանից պահանջել է պարտավորեցնել պաշտպանության նախարարությանը տրամադրել մահացածների անուն-ազգանուները, դեպքի վայրը, ամսաթիվը, զորամասի համարը և հրամանատարի անունը, ազգանունը, կոչումը, տուժողի մահվան պատճառը և դեպքի համառոտ նկարագրությունը:
Մինչ դատարան դիմելը ՀԿ-ն երեք տարբեր գրավոր հարցումներ է ուղարկել պաշտպանության նախարարություն: Առաջինով պահանջել է երկու տարվա` 2010 և 2011թթ.` վերը նշված տվյալները: ՊՆ-ն տրամադրել է միայն մահացած զինծառայողների անուն-ազգանունները: Երկրորդ հարցումը վերաբերել է 2007-2009թթ.-ին: Թեև պահանջված տեղեկությունները նույնն էին, սակայն ՊՆ-ն մերժել է պատասխանել` պատճառաբանելով, որ խախտվում է մահացածների անձնական ու ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, բացի այդ՝ տեղեկություները նախաքննական և պետական գաղտնիք են: Իսկ երբ ՀԿ-ն արդեն դիմել է 20 տարվա տվյալները վերցնելու համար, ՊՆ-ն անպատասխան է թողել հարցումը: Կազմակերպությունը դիմել է դատարան:
![]() |
Էդգար Խաչատրյանը (Facebook) |
Հայցադիմումին նախարարությունը առարկություններ է ներկայացրել միայն ութ ամիս անց` 2015թ. օգոստոսին: Դրանցում ՊՆ-ն տեղեկությունների տրամադրումը մերժելը հիմնավորում է նույն օրերին ուժի մեջ մտած մի հրամանով: «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի նախագահ Էդգար Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում պնդում է, որ հրամանը հենց այդ դատական գործի առիթով է ստեղծվել: «Փաստացի ստացվում է, որ էն ժամանակ դա գաղտնիք չի եղել, բայց իրենք ասել են, որ գաղտնիք է, դրանից հետո հրամանն է դուրս գալիս` ի պատասխան»,- ասում է Խաչատրյանը:
Այս հրամանը «փրկել է» ՊՆ-ին. դատարանը նախարարությանը չի պարտավորեցրել տրամադրել պահանջվող տեղեկությունը հենց այդ հիմքով: Ներպետական ատյաններում հրամանը վիճարկելուց հետո «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն այժմ փորձում է վերականգնել տեղեկություն ստանալու իրավունքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Դատախազությունը Հետքին «պետական գաղտնիք» է հայտնել
Ամեն դեպքում «Հետք»-ը նույն հարցերն ուղղեց նաև դատախազությանը: Մերժելով հարցման մի մասը` դատախազությունն այնուամենայնիվ տրամադրեց ինքնասպանություն գործած զինվորների թիվը:
«2012-2016 թվականների ընթացքում ՀՀ և ԼՂՀ զինված ուժերում զինծառայողներին ինքնասպանության հասցնելու փաստով հարուցվել է 53 քրեական գործ:
Դրանցից 19-ով հարուցված քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ, 17-ով վարույթները կարճվել են, 4-ով՝ կասեցվել, 13-ի նախաքննությունն ընթացքի մեջ է»,- նշված է դատախազության պատասխանում:
Արա Ղազարյանը մեզ հետ զրույցում նշում է, որ եթե պետական մի կառույցը, այս դեպքում` դատախազությունը, տրամադրում է տեղեկությունը, ապա այն այլևս չի կարող համարվել պետական գաղտնիք:
Բացի դրանից` իրավաբանը երկու այլ հիմնավորում է ներկայացնում, թե ինչու է ՊՆ-ի պատասխանն անօրինական: Նախ` ամեն դեպքի առիթով ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն է հրապարակում` այդպիսով հաստատելով, որ տեղեկությունը պետական կամ ծառայողական գաղտնիք չէ: Բացի այդ, որոշ լրատվամիջոցներում կարելի է գտնել դեպքերի վերաբերյալ վիճակագրություն` առանձին ժամանակահատվածների վերաբերյալ:
«Թերթերը ազատ ամեն տարվա կտրվածքով գրում են չէ՞, որ Հայաստանում հունվարից մինչև հունիս էսքան զինվոր ա մահացել, որից էսքանը` զինված բախման ընթացքում: Ուրեմն պետական գաղտնիք չի դա: Հակառակ դեպքում չէին կարող գրեն: Դրա համար` ՊՆ-ի պատասխանը անօրինական է»,- ասում է Արա Ղազարյանը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել