
Գույքի սեփականության իրավունք։ Նարեկ Հարթունյանի գործը
Նարեկ Հարթունյանի հետ կատարվածը պարզապես Հայաստանում տարածված մարդու իրավունքների ոտնահարման բազում դեպքերից մեկն է։ Սակայն այս դեպքն առանձնանում է նրանով, որ նաև լուրջ ոտնձգություն է սեփականության իրավունքի նկատմամբ։ Հուսանք, որ դա այդպես չէ։
Սեփականության իրավունքն իրավական և քաղաքական հասարակության գրավականն է։ Առանց այդ իրավունքի անհնար է ունենալ ժողովրդավարական հասարակություն, որը երաշխավորում է իր քաղաքացիների հիմնարար ազատությունները։ Դա այն անվերապահ պաշտպանությունն է, որ դատական համակարգը պետք է ապահովի բոլորի համար։ Դա այն իրավունքն է, որ նպաստում է հասարակության տնտեսական աճին՝ ստեղծելով բարենպաստ և անվտանգ միջավայր ներդրումների համար։ Ինչպես նշում է Հարվարդի դասախոս Նեյլ Ֆերգուսոնն իր վերջին ՝ «Քաղաքակրթություն. Արևմուտքն ու մնացածը» գրքում, ամերիկյան համակարգի հիմքում սեփականության իրավունքն է, որը հանդիսանում է Հյուսիսային, այլ ոչ Հարավային Ամերիկայի հաջողության գրավականը։
Ամերիկացի և եվրոպացի ներդրողների համար ընկալելի չեն այն բազում տարօրինակ դեպքերը, երբ մի քանի կողմ հավակնություն է ցուցաբերում միևնույն սեփականության նկատմամբ։ Նույնքան անհասկանալի է այն փաստը, որ հողի սեփականատերն անմիջապես պարսպապատում է այն՝ ֆիզիկապես խոչընդոտելով հետագա ցանկացած ոտնձգություն այդ սեփականության նկատմամբ։ Անբացատրելի է Նարեկի հետ կատարվածը. նա, իր կամքից անկախ, զոհը դարձավ չարաշահման ու բռնության։ Սա շատ բացասական, միևնույն ժամանակ հստակ ազդակ էր՝ ուղղված համաշխարհային ներդրողների հանրությանը, և ի ցույց դրեց այն տխուր փաստը, որ Հայաստանում շարունակաբար ոտնահարվում է սեփականության իրավունքը, և վտանգված են արտասահմանյան սեփականությունն ու ներդրումները։
Ազատությունը չի սահմանափակվում միայճ խոսքի և կրոնի ազատությամբ։ Այն ենթադրում է նաև սեփականության իրավունք, որը ամրագրված է ՀՀ Սահմանադրության 31 հոդվածով։
«Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու եւ կտակելու իր սեփականությունը»:
Ես հիանում եմ Նարեկի և իր ընտանիքի կողմից մղվող պայքարով։ Նրանք պայքարում են պահպանել այն հիմնարար սկզբունքը, որի վրա է հիմնվում իրական դեմոկրատական հասարակությունը, որը երաշխավորում է մարդու իրավունքների և սեփականության պաշտպանություն։ Ցավոք, Նարեկն այս պայքարի թույլ կողմում է։ Ես մեծապես հավատում եմ, որ հայ դատավորներն աղմկահարույց այս գործի նկատմամբ կցուցաբերեն բացառիկ լրջություն՝ պաշտպանելով Նարեկին, ինչպես նաև Նարեկի ընտանիքի սեփականությունը Հայաստանում, այդպիսով նաև չոտնահարելով սահմանադրությունը։
Էդուարդ Սարգսյան
15.12.2011
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել