
«Արդշինբանկի» վարկը ոչ նպատակային օգտագործելու վերաբերյալ դատական նիստին փորձագետը չէր ներկայացել
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր միջազգային կազմակերպությունների տրամադրած վարկերը ոչ նպատակային օգտագործելու վերաբերյալ քրեական գործով դատական նիստին փորձագետը չէր ներկայացել: Խոսքը դատաֆինանսատնտեսագիտական փորձաքննություն եզրակացություն տված փորձագետ Սմբատյանի մասին է: Դատարանը, նախորդ դատական նիստին բավարարելով քրեական գործով անցնող ամբաստանյալ Արթուր Կարապետյանի պաշտպան Արմեն Նադիրյանի միջնորդությունը, որոշում էր կայացրել փորձագետին հրավիրել դատարան՝ եզրակացության վերաբերյալ որոշ պարզաբանումներ ստանալու համար:
Արթուր Կարապետյանն, ով 2009-2013 թվականների ընթացքում եղել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Երևան» մասնաճյուղի կառավարիչը, մեղադրվում է դեղերի և սննդային հավելումների արտադրությամբ զբաղվող «Հագենաս» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Գևորգյանի կողմից 2012թ. ընթացքում «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ից ( Բանկն այժմ վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի. հեղ) ստացված, միջազգային կազմակերպությունների՝ «Ուորլդ բիզնես կապիտալ ինկ»-ի և «Ասիական զարգացման բանկ»-ի կողմից տրամադրված ընդհանուր 471.800.000 ՀՀ դրամ նպատակային վարկը ոչ նպատակային օգտագործելուն օժանդակելու մեջ, ինչպես նաև, ըստ մեղադրանքի՝ Կարապետյանը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով, այլ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով, բանկի կանոնադրությամբ սահմանված իր կարգադրիչ և այլ լիազորություններն օգտագործել է բանկի շահերին հակառակ, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր լիազորությունները` բանկի հաճախորդ, ավանդատու Կարեն Գևորգյանի համար առաջացնելով ծանր հետևանքներ, մասնավորապես՝ վերջինիս պատճառելով 660.067.236.3 ՀՀ դրամի նյութական վնաս: Ըստ մեղադրանքի՝ Կարապետյանն այս ամենում նյութական շահագրգռվածություն է ունեցել:
Կարապետյանի պաշտպանների՝ Արմեն Նադիրյանի և Բագրատ Պետրոսյանի պնդմամբ՝ իրենց պաշտպանյալին մեղադրում են այնպիսի լիազորությունների չարաշահման մեջ, ինչպիսի լիազորություններ ինքն ի պաշտոնե չի ունեցել:
Մասնավորապես՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն 2012 թվականին «Հագենաս» ՍՊԸ-ին տրամադրել է վարկ, որի վերադարձելիության ապահովման միջոց է հանդիսացել բանկում ներդրված ֆիզիկական անձի՝ տվյալ դեպքում` գործով տուժող ճանաչված Կարեն Գևորգյանի ավանդը: Վերջինս բանկի խոշոր ավանդատուներից է: Ինքն, ինչպես նաև կինն ու դուստրը համաձայնություն են տվել, որպեսզի Խաչիկ Գևորգյանի կողմից վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում բանկը բռնագանձի իրենց կողմից բանկում գրավադրված ավանդը:
Ըստ գործի նյութերի՝ «Հագենաս» ՍՊԸ-ն վարկը վերցրել է շրջանառու միջոցների համալրման նպատակով, մասնավորապես՝ մտադրություն է ունեցել որոշ տեսակի ալկոհոլային խմիչքներ արտահանել, սակայն վարկը նպատակային չի օգտագործել, բանկի հանդեպ պարտավորությունները ոչ պատշաճ է կատարել, վարկը մարելու համար լրացուցիչ ժամանակ է խնդրել, պարտավորություն ստանձնել այն մարել, որը դարձյալ պատշաճ չի կատարել: Դրանից հետո օրենքով սահմանված կարգով իրականացվել է գրավի առարկա հանդիսացող ավանդի հաշվին պարտավորությունների մարում, այսինքն` « Հագենաս» ՍՊԸ-ի չկատարված վարկային պարտավորությունները մարվել են Կարեն Գևորգյանի և վերջինիս ընտանիքի գրավադրած ավանդի հաշվին: Հետո Կարեն Գևորգյանը հայտարարել է, թե ինքը չի իմացել՝ ինչ փաստաթղթերի տակ է ստորագրում, որ դրանք բարդ իրավաբանական տերմիններով կազմված փաստաթղթեր են եղել:
Վարկի տրամադրման, դրա մարման ժամկետի երկարացման ամբողջ գործընթացում, ըստ պաշտապնների, Արթուր Կարապետյանի գործառույթը եղել է վարկի վերաբերյալ փաստաթղթերի ամբողջ փաթեթը փոստային առաքման միջոցով վերադասին ուղարկելը, ապա վերադասի կողմից լիազորվելուց հետո վարկառուի հետ պայմանագրի կնքումը, սակայն ամբաստանյալի աթոռին է հայտնվել միայն ինքը՝ Կարապետյանը, ով առանց բանկի կողմից լիազորվելու որևէ պայմանագիր ստորագրել չէր կարող:
Գործի շրջանակներում նշանակվել է դատաֆինանսատնտեսագիտական փորձաքննություն, որի վերաբերյալ եզրակացություն է տվել փորձագետ Սմբատյանը: Ըստ փորձագիտական եզրակացության՝ եթե բանկն իր իրավունքներն իրացներ և համապատասխան ստուգումներ կատարեր, ապա «Հագենաս ՍՊԸ-ն չէր կարող խախտումներ թույլ տալ:
Նախորդ դատական նիստին Կարապետյանի պաշտպաններն ուշադրություն էին հրավիրել այն հանգամանքին, որ փորձագետ Սմբատյանը եզրակացությունը տալու համար նախաքննություն իրականացնող մարմնից պահանջել է վարկի տրամադրման ամբողջ գործընթացի սահմանված կարգի վերաբերյալ փաստաթղթեր, որոնցում երևում են, թե բանկի աշխատակիցներից ով ինչ գործառույթ ունի, բայց գործում առկա չեն տվյալներ այն մասին, որ փորձագետն այդ փաստաթղթերը ստացել է:
Մինչդեռ, պաշտպանների պնդմամբ, այդ փաստաթղթերն ուսումնասիրելու ընթացքում պարզ կդառնար, որ Արթուր Կարապետյանը այս ամբողջ գործընթացքում օրենքով իր վրա դրված լիազորությունների շրջանակներում է եղել և խախտում չի կատարել: Պարզելու՝ արդյոք փորձագետն այդ փաստաթղթերը ստացել և հետազոտել է, թե՞ ոչ, ինչպես նաև հուզող այլ հարցերի պատասխաններ ստանալու համար Կարապետյանի պաշտպան Արմեն Նադիրյանը միջնորդել էր դատարան հրավիրել փորձագետին, և դատավորը բավարարել էր միջնորդությունը:
Այսօրվա դատական նիստին Կարապետյանի պաշտպանները պնդեցին, որ փորձագետ Սմբատյանին ևս մեկ անգամ ծանուցագիր ուղարկվի, որպեսզի վերջինս ներկայանա դատարան և պարզաբանումներ ներկայացնի: Հաջորդ դատական նիստը օգոստոսի 29-ին է:
Մեկնաբանել