
Գյումրիում անօթեւան 11 ընտանիք տեղափոխվեց սոցիալական բնակարան
Այսօր, Գյումրիում շահագործման հանձնվեցին առաջին սոցիալական բնակարանները՝ նախատեսված տնակներում եւ վթարային շենքերում ապրող միայնակ, անժառանգ ծերերի համար: Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցում գտնվող կիսակառույցներից մեկը «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի, ամերիկահայ բարերարներ տեր եւ տիկին Սեփեջյանների եւ Գյումրու քաղաքապետարանի ներդրման շնորհիվ վերակառուցվել էր 3 հարկանի շինության՝ 11 բնակարանով:
Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանի միջեւ դեռեւս 2016թ-ի հուլիսի 6-ին էր համագործակցության հուշագիր ստորագրվել, որով հիմք էր դրվել «Գյումրին առանց տնակների» ծրագրի շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքներին պետական բնակարաններ հատկացնելու նախաձեռնությանը:
Մեկ տարի առաջ, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը «Հետք»-ին տված հարցազրույցում նշել էր, որ պատրաստվում են կառուցել 12 մեկսենյականոց բնակարան, ծրագրի արժեքն էլ տատանվելու էր 72-75 մլն դրամի սահմաններում: Մեկ ու կես հարկը նորակառույց եռահարկի վերածելու ընթացքում ծախսվել է 100 մլն դրամ, որից 15մլն-ը քաղաքապետարանի ներդրումն էր, բնակարանների թիվն էլ մեկով պակասել էր՝ ի հաշիվ մեկ հատ 3 սենյականոցի:
Ռուբեն Սանոյանը
«Կյանքը ցույց տվեց, որ նման որոշումն արդարացված էր,-մեկնաբանում է փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը,-այդ մեկ երեքսենյականոցը մենք հատկացրեցինք Ղանդիլյան փողոցում օգոստոսի 7-ին թիվ 21 շենքի ներսում տեղի ունեցած ինքնափլուզման հետեւանքով անօթեւան մնացած երկու ընտանիքներից մեկին, որ բաղկացած էր 6 անձից ու շատ անմխիթար պայմաններում էր ապրում»:
Քաղաքապետարանում բնակարանների բաշխման եւ ծրագրին համապատասխան բնակիչների ընտրության նպատակով ձեւավորվել էր հանձնաժողով փոխքաղաքապետի գլխավորությամբ: Ռուբեն Սանոյանն ասում է, որ սկզբում իրենք բավական խիստ չափորոշիչներ էին սահմանել՝ մտածելով, որ Գյումրիում շատերը կհամապատասխանեն այդ պահանջներին: Շահառուն պետք է պարտադիր ունենար անօթեւանի կարգավիճակ, բնակվեր տնակում, լիներ միայնակ ծեր, չունենար ժառանգ եւ որեւէ սեփականություն:
«Պարզվեց, որ մեր նկատառումներն այնքան էլ չէին համապատասխանում իրականությանը, որովետեւ մեր ստացած ընդամենը 4 դիմումները բավարարեցին այդ պահանջներին,-ասում է Ռուբեն Սանոյանը,-այդ 4 շահառուին հանձնաժողովն անմիջապես հավանություն տվեց, հետո արտահերթ եւս երկու ընտանիքի դիմումները բավարարեցինք քաղաքապետի հրահանգով, ովքեր դարձել էին անօթեւան շենքի փլուզման պատճառով, իսկ մնացած 5 բնակարանի համար վիճականություն ենք անցկացրել»:
Պահանաջվող չափորոշիչները մեղմելուց հետո քաղաքապետարանը ստացել էր 33 դիմում, որից 10-ն ընդհանրապես չէր համապատասխանել սահմանված չափանիշերին: Հետագայում դիմումատուներից 5-ը հրաժարվել էին մասնակցել ծրագրին: Հրաժարման պատճառներից մեկն էլ եղել էր այն, որ բնակարանը չէր տրվելու սեփականության իրավունքով: Ցուցակում գտնվող մնացած 12 դիմումատուներից երջանիկ 5 բնակարանատերն ընտրվել էին վիճակահանության միջոցով:
Վարդ Մելքոնյանը
67-ամյա Վարդ Մելքոնյանն իր մեկ սենյականոց բնակարանը շահել էր վիճակահանության արդյունքում: «24 տարի է տնակում եմ ապրում: Անժառանգ եմ, թոշակառու՝ 30 հազար դրամով ապրող միայնակ կին ու ճիշտն ասած նորմալ բնակարանում ապրելու հույսս կտրել էի: Անչափ գոհ եմ, որ էս բնակարանն ինձ հասավ: 67 տարեկան եմ, աղջիկ ջան, իմ տարիքի յուրաքանչյուր ոք երազում է արժանապատիվ ծերության մասին: Գոհ ու շնորհակալ եմ բարերարներից, որ էս հնարավորությունը մեզի տվեցին»,-հուզված նշում է թիվ 5 բնակարանի սեփականատերը:
Սոցիալական բնակարանները մասնակիորեն կահավորված են: Խոհանոցում տեղադրված է ջեռուցման կաթսա, գազօջախ եւ սպասքի պահարան: Սանհանգույցը կահավորված է ամբողջովին: Վարդ Մելքոնյանն ասում է, որ տնակից նոր բնակարան հին կահույքից շատ բան չի տեղափոխի՝ միայն ամենաանհրաժեշտ բաները: Բնակարանները տնակատեր շահառուներին հատկացվել է տնակները քանդելու պայմանով:
Նունե և Սարգիս Սեփեջյանները
Ամերիկահայ բարերար Սարգիս Սեփեջյանը մտադիր է Գյումրիում նաեւ արտադրություն բացել: Նրա փոխանցմամբ, սոցիալական բնակարանների կառուցման ծրագրին իր աջակցությունը կապված է տիկնոջ՝ Նունեի հոր հետ, ով, 1940-ականներին գաղթելով Բեյրութից, որոշ ժամանակ բնակվել է Գյումրիում: «Ես պարզապես երջանկացա՝ տեսնելով, թե ինչ ուրախություն ապրեցին այս ծեր կանայք` իրենց նոր բնակարանի բանալին ստանալով: Սա ինչ-որ տեղ հարգանքի տուրք էր նաեւ իմ մայրիկին»,-ասում է Սարգիս Սեփեջյանը:
Սոցիալական բնակարանների ծրագիրը շարունակական է լինելու: Նոր հանձնված շենքի կողքին կա եւս մեկ կիսակառույց, որն ամբողջացնելուց հետո հնարավոր կլինի սոցիալապես անապահով 22 ընտանիքի ապահովել բնակարանով: «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանի փոխանցմամբ, իրենք շատ գոհ են Գյումրու քաղաքապետարանի հետ համագործակցությունից եւ պատրաստ են շարունակել ծրագիրը, եթե կարողանան հիմնադրամում ապահովել պահանջվող գումարը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել