HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վտանգավոր «խաղեր» Հայաստանի շուրջ

Այն, ինչ-որ տեղի է ունենում Հայաստանի շուրջ, ստիպում է հանգել մի եզրակացության, որ լարված արտաքին և ներքին  քաղաքական զարգացումներ են սպասվում, որը «թանկ» է նստելու ոչ միայն հայաստանցիներիս վրա, այլ նաև աշխարհասփյուռ հայությանը ևս երանելի օրեր չեն սպասվում: Ասելիքս առավել պատկերավոր դարձնելու համար սկսեմ «դրսում» տեղի ունեցող և մոտ ապագայում սպասվող զարգացումներից, որոնք իրենց մեջ մեծ վտանգ են պարունակում Հայաստանի խաղաղ գոյատևման և զարգացման համար:

Վտանգ առաջին

Այս տարվա նոյեմբեր ամսին ՄԱԳԱՏԷ-ի կողմից հրապարակված իրանական ատոմային ծրագրերի առնչությամբ զեկույցից հետո ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի հանդեպ օր օրի օղակը սեղմվում է, որն արտահայտվում է իբր իրանական ատոմային նկրտումներով և միջազգային ասպարեզում տարվող լավ կազմակերպված քարոզչությամբ: Բացահայտ ասվում է, որ արևմուտքի համբերության «բաժակը լցվել է» և ուր որ է կհասցվեն լոկալ ռմբահարումներ իրանական այն օբյեկտներին, որոնք առնչություն ունեն ատոմային ծրագրերին: Իսկ որ Իրանը անպատասխան չի թողնի իր հանդեպ իրականացված ագրեսիան, անհերքելի է և «համարժեք պատասխանի» ուղղությունն էլ հայտնի է` դեպի Իսրայել:

Սրա մասին մեկ անգամ չէ որ հայտարարել են իրանական քաղաքական և ռազմական շրջանակները: Այս ամենին եթե գումարենք Թուրքիայի և Ադրբեջանի անխուսափելի մասնակցությունը Իրանի հանդեպ իրականացվելիք ագրեսիային, ապա Հայաստանի համար լավ օրեր չեն սպասվում թե միջազգային քաղաքական-ռազմական հարաբերություններում, թե տնտեսական ասպարեզում, քանի որ մեր երկիրը Իրանի հետ բազում ծրագրեր է իրականացնում էներգակիրների ոլորտում: Սրան եթե գումարենք իրանահայության արտագաղթի առջև կանգնելու անխուսափելիության փաստը, ապա վտանգի մասին պատկերը կամբողջանա:

Վտանգ երկրորդ

Այսօր առկա է Սիրիայի հանդեպ սեղմվող օղակը նույն արևմուտքի կողմից, իսկ դերակատարներն էլ նույնն են` ԱՄՆ, Իսրայել, Եվրամիություն, Թուրքիա: Սցենարը նույնն է` հակաքարոզչություն գործող ռեժիմի դեմ և միջազգային հանրության նախապատրաստումը  «սեփական ժողովրդին կեղեքող վարչակազմին» տապալելու գործողությանը: Այս «ճակատում» Հայաստանի հանդեպ վտանգը արդեն իրական է, քանի որ արևմուտքի «քավորությամբ» թուրքական կառավարությունը բացահայտ ստանձնել է Սիրիան կործանելու գլխավոր դերակատարությունը: Այս պարագայում էլ նորից մեր հայրենակիցների պարտադրված արտագաղթի խնդրի առաջ ենք կանգնելու` նույնիսկ կարելի է համարել, որ երևույթն արդեն առկա է:

Վտանգ երրորդ

Այս ամենին փորձում է դիմակայել Ռուսաստանը, որին, կարծես, միայնակ են թողել մյուս հզոր պետությունները կամ, ավելի ճիշտ, արևմուտքին հաջողվել է «չեզոքացնել» Ռուսաստանի հավանական աջակիցներին: Սակայն սա չի նշանակում, թե Ռուսաստանը «ձեռքերը ծալած» նստել է և քայլեր չի ձեռնարկում: Այս օրերին Բրյուսելում տեղի ունեցող Ռուսաստան-Եվրամիություն գագաթաժողովին ՌԴ նախագահը պարզ հասկացրեց, որ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի հանդեպ իրականացվելիք հարձակումները աղետալի զարգացումներ կունենան ոչ միայն տարածաշրջանի առումով, այլև աղետը կլինի առավել ընդգրկուն:

Իսկ արևմտյան հետախուզություններն արդեն «արձանագրել» են, որ Ռուսաստանը Օսեթիայում և Աբխազիայում տեղակայված իր հարավային ռազմաբազաները բերել է ամբողջական ռազմական պատրաստականության, Սև ծովի Վրաստանի ափամերձ սահմաններին է մոտեցրել ռազմանավեր, իսկ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազայից տարհանվել են սպայակազմի ընտանիքների անդամները:

Ներկա պատկերը նախապատերազմական գործողություններ է հիշեցնում նաև այն պատճառով, որ ռուսական Հյուսիսային նավատորմի «Ադմիրալ Կուզնեցով» ծանր ավիակիր հանդիսացող հածանավը և «Ադմիրալ Չաբանենկո» հակամակույկային նավը մոտ օրերս մտնելու են Լիբանանին սահմանկից` սիրիական Թարթուս նավահանգիստ, որտեղ հենց գտնվում է ռուսական նավատորմի հենակետը։ Ինչպես տեսնում ենք «կրակը» թեժանում է և նորից հարցականի տակ է դրվում հայության խաղաղ գոյակցությունը մերձավորարևելյան  տարածաշրջանում և Ռուսաստանում...

Վտանգ չորրորդ` «վտանգ ներսից»

Պատմությունից քաջատեղյակ ենք, որ երբ աշխարհը խառնվել է իրար` լայնամասշտաբ պատերազմներ են եղել, ապա Հայ ժողովուրդը միշտ մարդկային և տարածքային լայնամասշտաբ կորուստներ է կրել: Սա մեր պատմության մեջ է «ամրագրված», հետևաբար տրամաբանական պետք է լիներ ՀՀ ներկայիս քաղաքական ղեկավարության չեզոքությունը կամ գոնե Ռուսաստան-արևմուտք լարված հարաբերություններում արհեստական խնդիրներ չառաջացնելու և չհրահրելու քաղաքականությունը, մանավանդ որ ադրբեջանական կողմից օր օրի սաստկանում են սեփական ժողովրդին Հայաստանի և Արցախի դեմ պատերազմ սկսելու քարոզչությունը և հոգեբանորեն նախապատրաստվելու գործընթացները:

Բայց վերջին ամիսներին ՀՀ նախագահի կողմից իրականացվող «վոյաժները» հակառակ տպավորություն են թողնում: Դատեք ինքներդ. ինչ է նշանակում Ռուսաստանի համար նախընտրական ծանր օրերին ՀՀ նախագահի Վրաստան այցելությունը և Սահակաշվիլու հետ «գրկախառնվելը» այն պարագայում, երբ աշխարհին է հայտնի ռուսական ատելությունը Վրաստանի ներկայիս նախագահի հանդեպ և առավել ևս, որ Հայաստաննի և Վրաստանի միջև առակա որևէ խնդիր լուծում չստացավ այդ հանդիպումից, միայն եղան դեկլարատիվ հայտարարություններ և համագործակցությունը խորացնելու միտված պայմանագրերի կնքում: Կամ ՀՀ Պաշտպանության նախարարության տեսչության բարձրաստիճան սպաների մասնակցությունը Թուրքիայում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի ժողովին:

Այս ամենին եթե ավելացնենք ՀՀ նախագահի «նախատոնական» այցելությունները Ֆրանսիա, Իտալիա և Վատիկան, ապա կստացվի, որ Հայաստանը օգտվելով Ռուսաստանի ներքին և արտաքին բարդ իրավիճակից, փորձում է ձերբազատվել Ռուսաստանի «տանիքից»: Իհարկե վատ տարբերակ չէ Հայաստանի համար անվերապահ սուվերենության հասնելը, սակայն արդյո՞ք ճիշտ ժամանակ է ընտրել ՀՀ ներկայիս նախագահը նմանատիպ «քաղաքական փորձարկումների» համար, կամ Ռուսաստանը պատրա՞ստ է «մարսել» Հայաստանի կողմից  ցուցաբերվող ինքնիշխան պետության նոր արտաքին քաղաքականությունը: Ցավոք պետք է արձանագրենք, որ ՈՉ, քանի որ ռուսական «դժգոհությունը» արդեն զգացնել է տալիս հայկական ատոմակայանի կառավարումից հրաժարվելու տեսքով, ԵՎՐԱԶԵՍԻ Հակաճգնաժամային ֆոնդի խորհրդի կողմից Հայաստանին նախապես խոստացված  400  միլիոն  դոլար  վարկի մասին ընդհանրապես չհիշատակելով Խորհրդի վերջին նիստին` մատնելով այդ հարցը անորոշության…

Այս ամենին եթե ավելացնենք, որ Հայաստանի Էներգետիկական ցանցը և նրանով առաքվող էլեկտրաէներգիան, կապի ողջ ցանցը, գազատար խողովակների ցանցը և նրանով մատակարարվող գազը, տրանսպորտային երկաթգիծը, տնտեսական խոշոր ձեռնարկություններ ռուսական են, այսինքն` շահույթը «հոսում» է Ռուսաստան, ապա մեր նախագահի սկսած նոր արևմտամետ արտաքին քաղաքականությունը վկայում է, որ  լավ  օրից չէ, որ Ռուսաստանի համար խառնակ օրերում վարվում է նմանատիպ  հակառուսական քաղաքականություն: Ստացվում է՝ Ռուսաստանի հայերի՞ն էլ սպասում է վրացիների ճակատագիրը…

Ենթադրենք Սերժ Սարգսյանին կհաջողվի արևմուտքի միջոցով  չեզոքացնել Ռուսաստանը և ենթադրենք կհաջողվի ստանալ արևմտյան երաշխիքներ նախագահության իր երազած երկրորդ ժամկետի առումով, սակայն ակնհայտ է, որ դրանից աշխարհասփյուռ Հայ  Ժողովուրդը չի շահելու: Հաստատ չի շահելու, քանի որ այսօր էլ իր նախագահության օրոք աշխարհասփյուռ Հայ Ժողովուրդը կորուստներ է կրում` այն էլ անդառնալի կորուստներ …

Ստացվում է նորից ունենալու ենք հայաստանցիների արտագաղթի տեմպերի ավելացում` այն էլ պատերազմի և դեմոգրաֆիական աղետի մեջ գտնվող, տնտեսական խայտառակ  ցուցանիշներ արձանագրող երկրում…

Իրական վտանգներն էլ ինչպիսի՞ն են լինում…

Ցավոք, առաջին երեք վտանգներին աշխարհասփյուռ հայությունը առանձնակի ներազդել կամ ուղղորդել չի կարող` ի տարբերություն «չորորդ» վտանգի, որի վնասազերծումը  ազգային անվտանգության կարևորագույն հարց հադիսանալով կախված է Հայ Ժողովրդի կամային  հատկություններից: 

Աշխարհասփյուռ Ռամկավար ազատական կուսակցության գործադիր-փոխատենապետ,
ՀՌԱԿ ատենապետ
Հարություն Առաքելյան
Երեւան, 17 դեկտեմբերի 2011 թ.

Մեկնաբանություններ (1)

Արմոնդ
Պրն. Առաքելյանը ոչ գիտական ու քաղաքական մոտեցում է ցուցաբերում և ուզում է միայն սևացնել: Ավելի լավ կլինի դուք ձեր կուսակցության հարցերը դեմոկրատիկ ձևով լուծեք և ոչ թե աշխարհի ու Հայաստանի հարցերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter