
Հանրային լսում՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի շինարարությունից մեկ տարի անց
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական նշանակության ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի հիմնանորոգման աշխատանքերը սկսվել են 2016թ.-ի սեպտեմբերին: Անցել է մեկ տարի, սակայն վերանորոգման աշխատանքների պատվիրատուն՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը չի լուծել ճանապարհի հիմնանորոգման հետևանքով Վահագնաձոր գյուղի բնակիչների օտարվող սեփականության ուսումնասիրության և փոխհատուցման խնդիրը:
Շինարարությունը սկսելուց գրեթե մեկ տարի հետո` երեկ Վահագնաձորի գյուղապետարանում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը բնակիչների օտարվող սեփականության և փոխհատուցման համար հրավիրել էր հանրային առաջին լսումը:
Գյուղապետ Էդիկ Եղոյանը նշեց, որ ճանապարհաշինության սկզբում Վահագնաձոր եկած բոլոր ղեկավարները հայտարարել են, թե բնակիչների օտարվող սեփականության փոխհատուցում չի լինելու՝ գումարներ չլինելու պատճառով:
Ըստ նրա՝ Վահագնաձորի տարածքում միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման աշխատանքերն իրականցնող «Ճանապարհ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանը շինարարության ընթացքում բնակիչների ճանապարհամերձ, անհատույց վերցրած հողերում հենապատեր կառուցելիս դրանց սեփականատերերին խոստումներ է տվել:
Գյուղապետ Էդիկ Եղոյան
«Հողատերերին խոստացել է հողի դիմաց նրա տան սվաղի, բակի բարեկարգման, աստիճանների վերանորոգման և այլ աշխատանքեր, սակայն Է.Բեզոյանն իր խոստումները չի կատարել»,-նշեց գյուղապետը:
Այս տարվա մայիսի 25-ին Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը ճանապարհին հարող համայնքների ղեկավարներին, այդ թվում Է. Եղոյանի քննարկմանն է ներկայացրել կառավարության որոշման նախագիծը «Մ-6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման ծրագրի շրջանակներում Վահագնաձորի որոշ տարածքների նկատմամբ բացառիկ, գերակա հանրային շահ ճանաչելու մասին»:
Մարզպետը խնդրել է համայնքի ղեկավարին նախագծի վերաբերյալ մեկօրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել մարզպետարան: Բնակիչներն այդ մասին լսելուց հետո իրենց հողերն անհատույց շինարարին հանձնելու հորդորների համար մեղադրել են Է. Եղոյանին. «Եթե պետք է գերակա շահ ճանաչվեր, մեր տարածքին ձեռք չէիր տա: Այն ժամանակ փոխահատուցման հաշվարկների դեպքում երևում էր մեր հողատարածքների և ծառերի քանակը, այսօր ոչինչ չի երևում: Շինարարն էլ, եթե մեզնից երկու մետր տարածք է տարել, այսօր ասում է 50 սմ է տարել: Այստեղից սկսվել է բնակիչների դժգոհությունը»,- բացատրեց գյուղապետը:
Հանրային քննարկմանը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գույքի օտարման գծով մասնագետ Սոնա Պողոսյանը բնակիչներին բացատրեց, որ հանրային քննարկման նպատակը Վանաձոր- Ալավերդի միջպետական ճանապարհի հողերի օտարման և տարաբնակեցման հետ կապված խնդիրների քննարկումն է, մասնավորապես՝ ինչպիսի ազդեցություններ են եղել և ինչպիսի ազդեցություններ կան, որոնք են այն հողամասերը, որոնք պետք է օտարվեն ծրագրի համար, ինչպիսի ազդեցություններ ունենք ծառերի, մշակաբույսերի կամ գույքի տեսքով: Ս. Պողոսյանը բնակիչներին ներկայացրեց հողերի օտարման հետ կապված ընթացակարգերը և հատուցման մեխանիզմները:
Սոնա Պողոսյան
Բնակիչների սեփականությունը կարող է օտարվել միայն կառավարության կողմից օտարման նպատակը բացառիկ գերակա շահ ճանաչելու դեպքում: Ս. Պողոսյանը հայտնեց, որ գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը դեռևս ուժի մեջ չի մտել: Նա բնակիչներին վստահեցրեց, որ այս պահին նախարարության թիմն ամեն ինչ անելու է ծրագրի ազդեցությունները ուսումնասիրելու, բացահայտելու և դրանք փոխահատուցելու համար:
Վահագնաձորի թիվ 1 փողոցի 8-րդ տան բնակիչ Արման Սարգսյանը հայտնեց, որ միջպետական ճանապարհի մեջ ընդգրկվել է նաև իր տան բակը: Բակը ճանապարհի մեջ ներգրավելու դեպքում տան աստիճանները հայտնվում են ճանապարհի բերանին:
«Մեզ նոր բնակարան չեն առաջարկում, ասում են՝ պետությունը փող չունի: Նախորդ տարվա սեպտեմբերից այս կռիվը գնում է: Մեկը գալիս է վախեցնում, մեկը գալիս է համոզելու: Այսօր հանրային քննարկմանը նախ կսպասեմ իրենց առաջարկին: Եթե առաջարկությունը կհամապատասխանի իմ ցանկությանը, կընդունեմ, չի համապատասխանի` թող միջպետական ճանապարհը տեղափոխեն, այն իմ բակով թույլ չեմ տա անցնի»,- ասաց Արման Սարգսյանը։
Արման Սարգսյան
Արմանը 3 անչափահաս երեխա ունի, շուտով կծնվի նրա 4-րդ երեխան: Բակը վերացնելուց հետո ընտանիքի անդամները տնից դուրս գալուն պես կհայտնվեն գերբեռնված ավտոճանապարհին:
1-ին փողոցի 10 տան սեփականատեր Արմեն Էվոյանն էլ պատմեց. « Գոմ ունեի, ճանապարհի հենապատի պատճառով քանդել են, հիմա խոզ չունեմ, դրա համար որևէ փոխհատուցում չեն տվել»: Բնակիչներին մտահոգում էր նաև շինարարների կողմից արդեն հատված իրենց ծառերի փոխհատուցման խնդիրը. «Մենք նկարներով և հարևանների ցուցումներով կգնահատենք Ձեր հատված ծառերը»,- պարզաբանեց Ս. Պողոսյանը: Թե ինչու է մեկ տարի հետո միջպետական ծրագրի շրջանակներում կատարվում բնակիչների սեփականության փոխհատուցումը՝ Ս. Պողոսյանը պատասխանեց, որ դա կապված է գլոբալ ծրագրի կազմակերպման հետ:
Հեռախոսով չհաջողվեց կապվել Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատասխանատուների հետ: Լոռու մարզպետ Արթուր Նալբանյանն ասաց, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի ծրագրով Վահագնաձոր գյուղի բնակիչներին մեկ տարի ուշացումով փոխհատուցման պատճառներից տեղյակ չէ:
Մեկնաբանել