HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրենսդրական փաթեթ, որը ենթակա է փոփոխությունների

(Ըստ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների)

Սկիզբը

 ՏԵՂԵԿԱՏՎՈԻԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ 

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

տեղեկատվություն տնօրինող՝ տեղեկություններ ունեցող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական հիմնարկներ, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններ, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպություններ և դրանց պաշտոնատար անձինք.

հանրային նշանակության կազմակերպություն՝ ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող, ինչպես նաև առողջապահության, սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության, տրանսպորտի և կապի, կոմունալ ոլորտներում հանրությանը ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններ. 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Օրենքի 3-րդ հոդվածով սահմանվող` «հանրային նշանակության կազմակերպություն» հասկացությունը սահմանել հետեւյալ կերպ`

հանրային նշանակության կազմակերպություն՝ ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող, ինչպես նաև առողջապահության, սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության, տրանսպորտի և կապի, կոմունալ ոլորտներում հանրությանը ծառայություններ մատուցող, շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործություն ունեցող ոչ պետական կազմակերպություններ: Նշված կազմակերպությունների ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Օրհուսի կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն, «Պետական մարմին» է համարվում ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը կատարում է շրջակա միջավայրի հետ կապված հանրային պարտականություններ կամ գործառույթներ կամ մատուցում է հանրային ծառայություններ ա) կամ բ) ենթակետերում նշված մարմնի կամ անձի վերահսկողության ներքո:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` «3. Եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և (կամ) օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա տեղեկատվություն տնօրինողը տարին առնվազն մեկ անգամ հրապարակում է իր գործունեությանն առնչվող հետևյալ տեղեկությունները և դրանցում կատարված փոփոխությունները. 6) շրջակա միջավայրի վրա ներգործությունը»: Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` «3. Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա՝2) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության ... բնագավառում տիրող իրական վիճակը»:

Թեեւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով տեղեկատվության ազատության խիստ պահանջներ են դրված բնության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող գործունեության մասին տեղեկատվության ազատության համար, սակայն հանրային նշանակության կազմակերպությունների ցանկում բացակայում են շրջակա միջավայրի հետ կապված հանրային պարտականություններ կամ գործառույթներ իրականացնող կազմակերպությունները (հանքարդյունահանող, մետաղաձուլական գործունեություն իրականացնող կազմակերպություններ և այլն): Այսինքն, օրենքի իմաստով վերջիններս չեն հանդիսանում տեղեկատվության տնօրինողներ, ինչը նրանց հնարավորություն է ընձեռում խուսափելու իրենց գործունեության հետեւանքով շրջակա միջավայրի ազդեցության մասին տեղեկատվություն տրամադրելուց:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը չի կարող մերժվել նաև առեւտրային կամ որեւէ այլ գաղտնիք պարունակելու պատրվակով: «Ձեռնարկությունների եւ ձեռնարկատիրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն` «Առևտրային գաղտնիքի առարկա չեն կարող լինել ձեռնարկության մասին այն տվյալները, որոնք ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է հաղորդել պետական վիճակագրական մարմիններին կամ հրապարակել»:

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի բ/ կետի համաձայն, պետական և ծառայողական գաղտնիքի շարքին չեն կարող դասվել բնության ու շրջակա միջավայրի պահպանության իրական վիճակը ներկայացնող տեղեկությունները:

Շրջակա միջավայրի վրա զգալի վնասակար ազդեցություն ունեցող կազմակերպություններին որպես տեղեկատվության տնօրինող ներառելու հիմք է նաև առկա օրենսդրական զարգացումները («Ինքնահսկման մասին» ՀՀ օրենքի նախագիծ), որոնք միտված են վերը նշված կազմակերպությունների վրա դնել շրջակա միջավայրի վրա ազդեցության ընթացիկ գնահատումը, ինչի արդյունքում այդ կազմակերպությունները հանդիսանում են հանրային տեղեկատվության սկզբնական տնօրինողներ:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ 

Հոդված 15. Կազմակերպության իրավունքները

3) օրենքով սահմանված կարգով ներկայացնել ու պաշտպանել իր և իր անդամների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում: 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Նորմը ձևակերպել հետեւյալ կերպ` «Օրենքով սահմանված կարգով ներկայացնել ու պաշտպանել իր, իր անդամների եւ իր կանոնադրական նպատակներից բխող` այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում»: 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ 

Հոդված 3. Վարչական դատարան դիմելու իրավունքը

  1. Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե` 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ձեւակերպել հետեւյալ կերպ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև այլ անձանց՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե` 

ՀԿ-ՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ սահմանադրական դատարանը 07.09.2010թ. ՍԴՈ-906 որոշմամբ արտահատված իրավական դիրքորոշմամբ սահմանել է, որ` «Վերջինս (հասարակական միավորումների «իրավական շահագրգռվածության» չափանիշը) դատաիրավական պրակտիկայում ստացել է այնքան լայն մեկնաբանություն, որ հասարակական կազմակերպություններին կամ քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես եկող եւ օրենքով սահմանված կարգով գործունեություն իրականացնող այլ միավորումների հնարավորություն է ընձեռում հանդես գալ որոշակի խմբի կոլեկտիվ իրավունքի պաշտպանությամբ, եթե այդ պաշտպանությունը տվյալ միավորման կոնկրետ նպատակների շրջանակում է: Այսպիսի դիրքորոշում է ըստ էության արտահայտված նաև Հայաստանի Հանրապետության դատական պրակտիկայում: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 30.10.2009թ. թիվ ՎԴ/3275/05/08 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Սույն գործով «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունն Օրհուսի կոնվենցիայի իմաստով «շահագրգիռ» կազմակերպություն է, հետեւաբար, օգտվում է այդ կազմակերպության կանոնադրական նպատակներից բխող, շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող հարցերով դատական պաշտպանության իրավունքից»:

Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրակն դատարանը սահմանել է հետևյալը` «Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական հասարակությունում հասարակական կազմակերպությունների գործառույթների իրականացման, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների միջոցով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման նկատմամբ հասարակական վերահսկողության արդյունավետության բարձրացման նկատառումներով հետագա օրենսդրական զարգացումները պետք է ընթանան վերոհիշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ»:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 25.02.2011թ. ՍԴՈ-943 եւ 15.07.2011թ. ՍԴՈ-984 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն, սահմանադրական դատարանի բացահայտած սահմանադրական բովանդակությունը պետք է դրվի դատական պրակտիկայում իրավական նորմի մեկնաբանման, ինչպես նաեւ օրենսդրական գործընթացների հիմքում: 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել օրենքում օգտագործվող հասկացությունների բովանդակությունը բացահայտելով, մասնավորապես`

էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող գործունեություն – սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված նյութերով, կենսածին տարրերով, ծանր մետաղներով կամ դրանց միացություններով լճի էկոհամակարգի վրա բացասական ազդեցություն ունեցող ցանկացած գործունեություն: 

Հանքանյութեր վերամշակող օբյեկտներ – բոլոր այն սարքավորումները, որոնք նախատեսված են հանքահումքը ջարդելու, տեսակավորելու կամ որևէ եղանակով վերամշակելու համար: 

շրջակա միջավայրի վրա ազդեցության հայտարարագրում

տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների էկոլոգիական անձնագրավորում – 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` «Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը»: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի համաձայն` «Իրավական ակտերի լեզուն պետք է լինի պարզ, հստակ և մատչելի ... Իրավական ակտի դրույթները պետք է ընկալվեն միանշանակ ... Նորմատիվ իրավական ակտի ոճն իմպերատիվ-հրամայական ու պաշտոնական է: Իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները... Նորմատիվ իրավական ակտում միևնույն հասկացությունը սահմանելիս կամ միևնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: Իրավական ակտում տարբեր հասկացությունները չեն կարող օգտագործվել միևնույն տերմինով»:

Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը Սանդի Թայմսն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով նշել է. «1. Իրավունքը պետք է լինի միևնույն չափով մատչելի. քաղաքացիները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կանխորոշելու, թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմ է կիրառվելու, 2. նորմը չի կարող համարվել օրենք, եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ,  որը թույլ կտա քաղաքացիներին դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը...»:

Իրավական խառնաշփոթից եւ օրենքում օգտագործվող իրավական եզրույթները կամայական մեկնաբանության ենթարկելուց խուսափելու համար անհրաժեշտ է սահմանել պրակտիկայում տարընկալումներ առաջացնող իրավական տերմինների բովանդակությունը: «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում օգտագործվում են մի շարք հասկացություններ, որոնց իրավական բովանդակությունը բացահայտված չէ: Լիարժեք կերպով եւ իրավաբանորեն միանշանակ բացահայտված չեն դրանում օգտագործվող սահմանումների իմաստը, դրանց կիրառման համար անհրաժեշտ իրավաչափության պայմանների բովանդակությունը, ինչը հանգեցրել է իրավակիրառ պրակտիկայում նշված նորմի կամայական մեկնաբանման: Դա թույլ է տալիս, որ Սևանա լճի ազդեցության գոտիներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից այդ հասկացությունները մեկնաբանվեն իրենց ձեռնտու լույսի ներքո. օրինակ` վերամշակող սարքավորումները անվանվում են ջարդիչ-տեսակավորող համալիրներ, որոնցով իրականում իրականացվում են հանքահումքի վերամշակման գործունեություն` դրանով վնաս պատճառելով Սևանի էկոհամակարգին: Փորձագիտական մակարդակով պարզաբանման կարիք ունի օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված` «Սևանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն» հասկացությունը:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենք 

Հոդված 2. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նպատակը և սկզբունքները

3. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը հիմնվում է`

- գիտական հիմնավորվածության,

- օրինականության,

- որոշումների ընդունման հրապարակայնության սկզբունքներեի վրա: 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետեվյալ բովանդակությամբ`

 -մասնագիտական եզրակացության համար փորձագետի անձնական գույքային պատասխանատվության սկզբունքի վրա: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Այս կետի շուրջ հիմնավորումները ներկայացված են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի 1-ին հոդվածի` «Լիազոր մարմնի իրավասու պաշտոնատար անձիք» հասկացության շրջանակներում: 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ 

Հոդված 45. Համայնքի ղեկավարի գործունեությունը բնության և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում

Համայնքի ղեկավարը բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունը.

- կազմակերպում է համայնքի սեփականություն համարվող հողերի, անտառային և ջրային տարածքների, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությունը: 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Օրենքի 45-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ`

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կազմակերպել եւ իրականացնել հասարակական լսումներ: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՄ

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները լինում են uեփական եւ  պետության կողմից պատվիրակված: Uեփական լիազորությունները բաժանվում են պարտադիր և կամավոր լիազորությունների: Պարտադիր լիազորությունները ենթակա են համայնքի կողմից առաջնահերթությամբ և oրենքով uահմանված կարգով կատարման: Կամավոր լիազորություններն իրականացվում են համայնքի բյուջեով նախատեuված հատկացումներին համապատաuխան եւ ավագանու uահմանած կարգով: Այլ oրենքներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունները համայնքները կարող են իրականացնել միայն որպեu կամավոր լիազորություններ:

Արդյունքում ստացվում է, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքով համայնքի ղեկավարների վրա դրված բոլոր պարտավորությունները (լիազորությունները) կարող են իրականացվել միայն որպեu կամավոր լիազորություններ: Այսինքն, համայնքի բյուջեով հաuարակական  լuումների կազմակերպման կամ իրականացման համար հատկացումներ չնախատեսելը կամ ավագանու համապատասխան որոշման բացակայությունն արդեն իսկ բավարար հիմք է այդ պարտականությունների չկատարման համար: Հակասությունը կարգավորելու եւ հասարակական լսումների պատշաճ անցկացումը համայնքի ղեկավարի պատասխանատվության տակ դնելու համար անհրաժեշտ է օրենքում ավելացնել հասարակական լսումների` օրենքով սահմանված կարգով պատշաճ անցկացնելու պահանջ` որպես պարտադիր լիազորություն: 

ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ 

Այն որ ընդերքի մասին նոր օրենսգիրքը դեռեւս քննարկման փուլում է, անհրաժեշտություն չկա դրա եւ ՇՄԱՓ-ի մասին օրենքի համեմատական ուսումնասիրություն կատարել: Սակայն պետք է հաշվի առնել իրավական ակտերի սուբորդինացիայի սկզբունքը: Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 6-րդ կետի` «6. Օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին …»:

Այդ մասին որոշում ունի նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանը: Դատարանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրական համակարգում որևէ օրենսգրքով կարգավորված իրավահարաբերությունների ոլորտում առկա բոլոր այլ օրենքները, այդ թվում նաև օրենսգրքերը, պետք է համապատասխանեն այն օրենսգրքին, որի շրջանակներում կարգավորված են համապատասխան իրավական հարաբերությունները: Այս առումով հատկապես ուսումնասիրման ենթակա են տեղեկատվության ազատության վերաբերյալ ձեւակերպումները, քանի որ հակասության դեպքում կիրառվելու է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտը` օրենսգիրքը: Իսկ միազգային իրավական ակտերը չունեն բավարար չափով հստակություն եւ այս հարցի շուրջ հիմնականում հղում են կատարում ազգային օրենսդրությամբ տրված իրավակարգավորումներին: 

Արթուր Գրիգորյան, «Էկոդար» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter