HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն Նոր Հաճնում. ձերբակալվել է սպանվածի քրոջ որդին

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են Նոր Հաճնում 60-ամյա տղամարդու մահվան հանգամանքները: Ձերբակալվել է վերջինիս քրոջ որդին:

2017թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 09:30-ին, հաղորդում է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի կողմից նշված բնակարանի ննջասենյակներից մեկի անկողնում հայտնաբերվել է Նոր Հաճն քաղաքի բնակիչը՝ ծնված 1957թ., ով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նա ՌԴ քաղաքացի էր, ազգությամբ՝ հայ:

Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում: 60-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Օգոստոսի 25-ին բժշկական կենտրոնից վարույթն իրականացնող մարմինը տեղեկացվել է, որ 60-ամյա տղամարդը, ստացած մարմնական վնասվածքներից, մահացել է:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են տղամարդու մահվան հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի քրոջ 31-ամյա որդին: Վերջինս ձերբակալվել է:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 22:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում, 31-ամյա տղամարդը,  գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ հայհոյելու պատճառով վիճաբանել է իր մորեղբոր հետ, ծեծի ենթարկել նրան, ձեռքերով հարվածներ հասցրել նրա գլխին և մարմնին, ապա ձեռքով սեղմել պարանոցը:

Բացի այդ, պարզվել է նաև, որ 31-ամյա տղամարդը պարբերաբար բռնություն է գործադրել քեռու նկատմամբ:

Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter