«Հայացք». Զատիկյանի եղերական սպանությունը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (նախագահությամբ՝ Գ. Մելիք-Սարգսյանի) դեռևս 2008 թ. ապրիլի 15-ի՝ օրինական ուժի մեջ մտած որոշման մեջ նշված է Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ վաղամեռիկ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության՝ պատվերով կատարված լինելու մասին: Իր հանցախմբի հետ ո՞ւմ պատվերն էր կատարել Ս. Զատիկյանի սպանության համար այժմ ցմահ դատապարտվածի իր պատիժը կրող մարդասպանը՝ Արսեն Առուշանյանը:
Վերջինս, հավանաբար պատվիրատուի ահից, ժխտել է սպանությունը պատվերով կատարած լինելու հանգամանքը, ներկայացրել է, թե իբր սպանության դրդապատճառը նախկինում իր և Սեդրակ Զատիկյանի միջև տեղի ունեցած վեճը, կռիվն է եղել, այսինքն՝ դրանից ոխակալված է եղել:
Սակայն ՀՀ ոստիկանությունից ստացված ու «Հայացք»-ի նախորդ համարում հրապարակված տեղեկատվությունից բացի կան մի շարք փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Ս. Զատիկյանի սպանության պատվիրատուն ԱԺ նախկին պատգամավոր, «Լեդի Հակոբ» մականվամբ հայտնի Հակոբ Հակոբյանի եղբոր (Սիմոնի) որդին՝ Ստեփան Հակոբյանն է:
Ս. Զատիկյանի սպանությունից հետո թիվ 16205706 քրեական գործով Ստեփան Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ ապօրինի կերպով ձեռք է բերել և մինչև 2006 թ. հունիսի 23-ը Երևանի Մալաթիա փողոցի իրեն պատկանող թիվ 24 տանը ապօրինի կերպով պահել ռազմամթերք հանդիսացող 8 հատ 9 մմ տրամաչափի և 6 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտ, որ հայտնաբերվել է խուզարկությամբ:
Նշենք, որ այդ խուզարկությունը կատարվել է Զատիկյանի սպանությունից մեկ օր հետո, ոստիկանությունը Ս. Հակոբյանին բռնել, բայց կարճ ժամանակ անց բաց է թողել: ՀՀ գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչ Հակոբ Ղարախանյանի «Առաջադրված մեղադրանքը լրացնելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին» 09.07.2007 թ. որոշման մեջ նշված է, որ Ս. Հակոբյանը, ինչպես նախաքննությամբ հիմնավորվել է, բացի վերոհիշյալ հանցագործությունից կատարել է նաև այլ հանցագործություն.
«Ստեփան Հակոբյանը մի խումբ անձանց հետ նախապես համաձայնության գալով՝ 2006 թ. հունիսին կազմակերպել է Սեդրակ Զատիկյանի սպանությունը, որից հետո նրա հանցակից Արսեն Առուշանյանը 2006 թ. հունիսի 22-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, Երևանի Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում 1992 թվականից իր մոտ ապօրինի կերպով պահված, փոխադրված և այդ պահին կրած, հրազեն հանդիսացող «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգով, շահադիտական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, Սեդրակ Զատիկյանին սպանելու ուղղակի դիտավորությամբ կրակոցներ է արձակել վերջինիս վարած «Մերսեդես Բենց G-55» մակնիշի 10 ՏՏ 045 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա, որի հետևանքով ավտոմեքենայի ղեկին նստած Սեդրակ Զատիկյանը և պատահական անցորդ Կարինե Սարգսյանը տեղում սպանվել են»:
ՀԿԳ քննիչը հիշյալ որոշման օրը կայացրել է նաև վերոնշյալ շարադրանքը պարունակող մեկ այլ որոշում՝ «Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին», որը դատարանի կողմից բավարարվել է:
Նույն օրը՝ 2007 թ. հուլիսի 9-ին, Հ.Ղարախանյանը կայացրել է նաև մեղադրյալ Ստեփան Հակոբյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշում և ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Գ. Վարդանյանին ուղարկած գրությամբ խնդրել, որ վերջինիս հանձնարարությամբ կազմվի հետախուզական գործ և ձեռնարկվեն համապատասխան օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ մեղադրյալին հայտնաբերելու և կալանավորելու ուղղությամբ:
Թե Գ. Վարդանյանը և ոստիկանության այլ աշխատակիցներ ինչպես են կատարել ՀԿԳ քննիչի հիշյալ հանձնարարությունը, ավելի ճիշտ, մեղադրյալին հայտնաբերելու (հայտնաբերելու կարիք գուցե չկար էլ) կամ կալանավորելու առումով խայտառակ անգործություն դրսևորել, սրան կանդրադառնանք քիչ հետո:
Ըստ Ս. Զատիկյանի հարազատներից մեկի՝ սա չբացվող գործ էր, եթե չլիներ երկու հանգամանքի զուգորդություն՝ սպանության պատվիրատուի ու պատվերը կատարած անձանց միջև առաջացած գժտությունը և երկրորդ՝ ՀԿԳ քննիչ Հ. Ղարախանյանի հմտությունն ու գործին նվիրվածությունը:
Ըստ տեղեկատվության մեր աղբյուրի՝ սպանության պատվերը կատարելու դիմաց հանցախմբին 100000 դոլար խոստանալով՝ Ս. Հակոբյանը թե նրա հետ սպանության մյուս պատվիրատուն հանդիսացող, այժմ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Խաչատրյանը հանցախմբին տվել են ընդամենը 30000 դոլար, իսկ մնացած 70000 դոլարը տալու դիմաց պահանջել, որ Արսեն Առուշանյանը սպանի նաև Սեդրակ Զատիկյանի եղբորը՝ Անդրանիկ Զատիկյանին:
Շատերին է հայտնի, որ Վահան Զատիկյանը և Հակոբ Հակոբյանը ժամանակին եղել են մտերիմ ընկերներ, ասում են, որ վերջինս և հատկապես նրա եղբայրը՝ Սիմոնը, բիզնեսի ոլորտում հնարավորություններ են ձեռք բերել ու ներկայիս կարողությունները կուտակել հիմնականում Վահան Զատիկյանի շնորհիվ:
Օրինակ՝ Մալաթիայի գյուղմթերքների մեծածախ-մանրածախ շուկան, որը մայրաքաղաքի ամենամեծ, ամենաաշխույժ առևտուրն ունեցող ու, թերևս, ամենաշահութաբեր շուկան է, Սիմոն Հակոբյանի տիրապետության տակ է անցել Վ. Զատիկյանի շնորհիվ: Ոչ միայն Մալաթիայում, այլև Երևանում և Արցախում մեծ հեղինակություն ունեցող, հայտնի երկրապահ-կամավորական Վահան Զատիկյանի, ոմանց կարծիքով՝ խորհրդավոր մահից հետո Հակոբյանների և Զատիկյանների հարաբերություններում շատ բան է փոխվել:
Ըստ տեղեկատվության մեր աղբյուրի՝ Ս. Զատիկյանի սպանությունից մոտ մեկ տարի առաջ տղայական վեճ է ծագել Ստեփան Հակոբյանի և Ս. Զատիկյանի եղբոր՝ Անդրանիկի միջև: Եղած տեղեկությունների համաձայն՝ Ստեփանը Նարեկ Խաչատրյանի և իր մյուս ընկերների հետ ծեծել է Անդրանիկ Զատիկյանին, իսկ այդ դեպքի 2-րդ թե 3-րդ օրը Սեդրակը տվել է պատասխանը: Հարաբերություններն արդեն վերածվել են թշնամականի:
Սակայն, կարծում ենք, առնվազն պարզամտություն կլինի կարծելը, թե Ս. Հակոբյանը 100000 դոլարով սպանություն է պատվիրել այդ տղայական վեճի պատճառով: Ամենայն հավանականությամբ, կա անհամեմատ լուրջ դրդապատճառ, գրեթե կասկած չունենք՝ փողի, շահի հետ կապված: Հուսանք՝ ոստիկանությանը կհաջողվի բացահայտել սպանության դրդապատճառը, քանի որ Ս. Հակոբյանն արդեն կալանավորված է:
Նախաքննության մարմինը, կարծում ենք, կպարզի նաև, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ ԵԿՄ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավարը դառնալուց հետո և համայնքում մեծ հեղինակություն ունենալով, տարբեր օբյեկտներից ինչ-ինչ գումարների հավաքագրումը տնօրինելով և այդ գումարները հիմնականում օգնության կարիք ունեցող կամավորականներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին տալով՝ Ս. Զատիկյանը, կամա թե ակամա, խոչընդոտ է հանդիսացել, որ այդ գումարները Հակոբյանները ձեռք բերեն:
Ավելին, շրջանառվող լուրերի համաձայն՝ ոչ միայն Մալաթիայի թաղապետ, այլև տվյալ ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրվելու լուրջ հնարավորություն ունենալով՝ Ս. Զատիկյանը կարող էր խոչընդոտ լինել ոչ միայն Սիմոն ու Ստեփան Հակոբյանների, այլև նույն ընտրատարածքից պատգամավոր Հակոբ Հակոբյանի համար... Սա էլ, կարծում ենք, նախաքննության մարմինը կպարզի:
Հիմա անդրադառնանք Ս. Հակոբյանի հայտնաբերմանը և դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած ձերբակալությանը: Գրեթե կասկած չունենք, որ եթե ոստիկանությունում դա ավելի վաղ ցանկանային, եթե ոստիկանության համակարգում կոռուպցիան այդքան տարածված չլիներ, ապա Ս. Հակոբյանը կհայտնաբերվեր ու կձերբակալվեր ավելի վաղ: Սպանությունից հետո նա Հայաստանից, թերևս, իսկապես հեռացել է, բայց առժամանակ, այսինքն՝ որոշ ժամանակ անց վերադարձել է և ոչ միայն վերադարձել, այլև առոք-փառոք ման եկել Երևանում:
Ինչպես երեկ տեղեկացանք, ոմանք նրան տեսել են «Բելաջիո» ռեստորանում և այլուր քեֆ անելիս, զանգել-ասել են Զատիկյանի հարազատներից մեկին, նա էլ ոստիկանության աշխատակիցներին է տեղեկացրել, բայց՝ ապարդյուն: Ավելին՝ ըստ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների՝ Ս. Հակոբյանը մոտ երկու շաբաթ առաջ մասնակցել է Գառնիի ձորում հարսանիքի, որտեղ սկանդալային միջադեպ է տեղի ունեցել (հերթական վեճ ու կռիվը):
Ի վերջո, հավանաբար քչերը գիտեն, որ «Lexus» մակնիշի ավտոմեքենան, որով նա թիկնապահների հետ մայրաքաղաքի գրեթե կենտրոնում երթևեկել է, մինչ ոստիկանները կկանգնեցնեին ու կձերբակալեին, Ս. Հակոբյանի հոր՝ Սիմոնի ավտոմեքենան է, որն իր «Գոլդ» համարներով (04 XX 600) հայտնի է Երևանի թերևս բոլոր ճանապարհային ոստիկաններին և ոստիկանության համակարգի բազմաթիվ այլ աշխատակիցների: Եթե Ս. Հակոբյանը թաքնված լիներ, բռնվելու վախ ունենար կամ, ավելի ճիշտ, չբռնվելու երաշխիք չունենար, կհամարձակվե՞ր այդ ավտոմեքենայով երթևեկել, թե՞ կնախընտրեր սովորական համարներով, ասենք, մի կիսահնամաշ «Նիվա»:
Ամփոփենք. ի՞նչ տեղի ունեցավ ոստիկանության համակարգում, որ սպանության պատվիրումից ավելի քան 5 տարի անց Ս. Հակոբյանը հայտնաբերվեց-կալանավորվեց: Պատասխանը հակիրճ է՝ փոխվեց ոստիկանության պետը, Հայկ Հարությունյանից և Ալիկ Սարգսյանից հետո եկավ Վովա Գասպարյանը: Ի դեպ, վերջինս և սպանվածի հայրը՝ Վահան Զատիկյանը, մեր տեղեկություններով, ընկերներ են եղել, համենայն դեպս, երկուսն էլ եղել են Վազգեն Սարգսյանի մտերիմները:
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել