HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Բախշյանը՝ Տարոն Մարգարյանին. «Պարոն քաղաքապետ, Ձեր ենթակաների համար շատ վատ օրինակ եք ծառայում»

Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

«Հարգելի պարոն Մարգարյան,

Ստորև գրված տեքստն արտատպել եմ Երևանի պաշտոնական կայքից. 

«07.06.2017  Աննա Ստեփանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ

Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Համլետի Ստեփանյանը»:   

Փորձել եմ գտնել Ձեր այդ կարգադրությունը, սակայն, ապշած եմ. մայիս,  հունիս ամիսների Ձեր կարգադրություններում այն պարզապես  գոյություն չունի: Ամեն հիմք ունեմ կասկածելու, որ այդ կարգադրությունն ուղղակի չկա:  

Ստացվում է, որ Աննա Ստեփանյանն առանց Ձեր կարգադրությա՞ն է նշանակվել, իսկ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն ի՞նչ իրավական փաստաթղթի հիման վրա է տարածել այդ տեղեկությունը: 

Ավելին, եթե անգամ կա, ապա  Դուք չէիք կարող այդ կարգադրության համար հիմք ընդունել «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը, որովհետև այն կիրառվում է միայն Համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալիս (հղիության եւ ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչեւ համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը):

Ստույգ  գիտենք, որ տիկին Սողոմոնյանն իր դիմումի համաձայն է ազատվել այդ պաշտոնից, այսինքն այդ պաշտոնը ժամանակավոր չէր թափուր մնացել, հետևաբար Դուք չէիք կարող Ձեր չգրված   կարգադրությամբ այդ պաշտոնին, առանց մրցույթի նշանակել որևէ մեկին:

 «Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է, որ «համայնքային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է մրցույթով»: «Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի:»

Մինչ օրս մրցույթի մասին հայտարարություն չկա, մրցույթը չի կայացել, կնշանակի Դուք չէիք կարող որևէ մեկին նշանակել այդ պաշտոնում:

Ստացվում է, որ Աննա Ստեփանյանն այդ պաշտոնում նշանակվել է օրենքի խախտումներով՝ նախ կարգադրությունը չկա կայքում, երկրորդ՝ նշանակման հիմնավորումը օրենքի խախտմամբ է եղել, իսկ  նման դեպքերում  «Վարչարարության մասին»  ՀՀ օրենքն ասում  է.

Հոդված 63. Ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելը

1. Անվավեր է առ ոչինչ չհամարվող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է՝

ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետեւանքով:

Այսինքն, խախտումով  նշանակված վերոնշյալ պաշտոնյայի անցած երկու ամսվա որոշումներն ու ստորագրությունները  չեն կարող  ուժի մեջ լինել: 

Խնդրում եմ պարզաբանել  այս անօրինականությունը, որը շատ տարածված երևույթ է նաև Ձեր ենթակայության դպրոցներում, շատ վատ օրինակ եք ծառայում:

Շնորհակալություն համագործակցության համար»:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter