
Կառավարությունը 500 միլիոն ծախսեց մարզադպրոցի վրա, անհատույց իրավունքով հանձնեց նախկին պատգամավորին
Հունիսի 29-ին կառավարությունը որոշեց Աշտարակ քաղաքի Երևանյան փողոց թիվ 2/1 հասցեում գտնվող մարզադպրոցը 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Սևան» մարզական հասարակական կազմակերպությանը:
Մարզադպրոցի գնահատված արժեքը ավելի քան 1 միլիարդ 276 միլիոն դրամ է: ՀԿ-ին հանձնվեց 4556 քմ մակերեսով կիսակառույց մարզադպրոցի շենք, շինություններ և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,782 հեկտար հողամաս:
Հայաստանի «Սևան» մարզական ՀԿ-ի նախագահը նախկին պատգամավոր Բազմասեր Առաքելյանն է (2012թ-2017 թվակականը եղել է պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից): Նա կազմակերպության խորհրդի նախագահն է, իսկ կազմակերպության գործադիր տնօրենը ֆուտբոլի մարզիչ, մրցավար Արշակ Կնյազյանն է:
Ի դեպ, այս հասարակական կազմակերպությունը պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական հասարակական կազմակերպությունների շարքում է ներառված:
ՀԿ-ին մարզադպրոցը տրամադրելու առաջարկ ներկայացրել է պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Ինչպես տեղեկանում ենք նրա ներկայացրած որոշման նախագծից՝ ՀԿ-ն նախապես խնդրել է մարզադպրոցը նվիրաբերել իրեն, սակայն ֆինանսների նախարարությունն առարկել է այդ հանգամանքին: Մասնավորապես՝ ֆիննախը նշել է, որ նվիրաբերության ժամանակ պետական գույքի սեփականության նկատմամբ իրավունքն օտարվում է մասնավորին, իսկ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման ժամանակ պետական գույքի սեփականության նկատմամբ իրավունքը պահպանվում է, և փոխանցվում է միայն օգտագործման իրավունքը:
«Սակայն նախագիծը հիմնավորող տեղեկանքում չեն ներկայացվել պետական գույքի կառավարման տեսանկյունից Նախագծով առաջարկված Գույքի կառավարման ձևի (նվիրաբերության) ընտրության արդյունավետության վերաբերյալ և այլ ձևերի, օրինակ, անհատուց օգտագործման իրավունքով տրամադրման ձևի, անարդյունավետության վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ»,-ասվել է ֆինանասների նախարարության դիտողությունում:
Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ֆինանսների նախարարությունը կառավարությանն առաջարկել է մարզադպրոցը ոչ թե նվիրաբերել, այլ տրամադրել անհատույց օգտագործման իրավունքով:
Լուսանկարը՝ aysor.am-ի
Անհայտ ներդրումային ծրագիր
«Սևան» հասարական կազմակերպությանը մարզադպրոցը հանձնվեց 50 տարի ժամկետով, սակայն կազմակերպությունը պարտավորվել է իր գործունեությունը կազմակերպելու նպատակով միայն չորս տարի՝ 2017 թվականից մինչև 2021 թվականը յուրաքանչյուր տարի 3 մլն դրամի ներդրում կատարել: Թե ինչպես՞ է որոշվել ներդրումների 3 միլիոն դրամ չափը, և ՀԿ-ն ի՞նչ է նախատեսում իրականացնել այդ գումարով, ի՞նչ հանգամանքով է որոշվել ՀԿ-ի կողմից կատարվող ներդրումների չորս տարի ժամկետը և որդյո՞ք ՀԿ-ն պարտավորվել է այդ 50 տարիների ընթացքում շենքը շահագործել միայն որպես մարզադպրոց, մեզ պատասխանել չկարողացան ո՛չ Արագածոտնի մարզետարանից, որն, ի դեպ, որոշմանը դրական եզրակացություն է տվել, ո՛չ էլ քաղաքաշինության կոմիտեից, որին դիմել ուղղորդել էր հենց մարզպետարանը:
Ստացվում է՝ անհայտ է և՛ ներդրումների բնույթը, և՛ նման ցածր ներդրում սահմանելու ձևաչափը, և՛ այն հանգամանքը, թե ինչու պետք է ՀԿ-ն գույքն օգտագործի 50 տարի, իսկ ընդամենը 4 տարի ներդրում կատարի:
Որոշման նախագծում միայն նշվում է, որ կազմակերպության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման: Սա վերաբերում է միայն 4 տարի կատարվող 3 միլիոն դրամ ներդրումներին, որից հետո 46 տարի ևս ՀԿ-ն պետք է շահագործի մարզադպրոցի շենքը՝ առանց պարտավորության, որ այն պետք է ծառայեցնի միայն ըստ նպատակի:
500 միլիոն դրամի աննպատակ ներդրում
Կառավարությունը մոտ 500 միլիոն դրամ գումար ծախսեց այս մարզադպրոցի շահագորման համար, սակայն այն հանձնեց մասնավորին:
2007 թվականին կառավարությունը իր պահուստային ֆոնդից 30 միլիոն դրամ գումարով ձեռք բերեց այս դպրոցի կիսակառույց շենքը՝ որպես պետական սեփականաություն համարվող անշարժ գույք, իսկ 2009-2016 թվականներին 463 միլիոն դրամ հատկացրեց դրա հիմնանորոգման և վերակառուցման համար: 2014-2017 թվականներին մարզադպրոցում ավելի քան 261 միլիոն դրամի վերակառուցման աշխատանքներ է կատարել պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերությունը, իսկ «Գովա» ընկերությունը 184 միլիոն դրամ ստացել է հիմնանորգման աշխատանքների համար:
Կառավարությունը վերակառուցել է մարզադպրոցի 2-րդ և 3-րդ մասնաշենքերը և հունիսի 20-ին որոշել այն հետ վերցնել Արագածոտնի մարզպետարանի տնօրինությունից և հանձնել պետական գույքի կառավարման վարչությանը, որն էլ արագացված կարգով դիմել է կառավարություն՝ առաջարկելով, այն նվիրաբերել նախկին պատգամավոր Բազմասեր Առաքելյանին:
Լուսանկարը՝ president.am-ի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել