
Մոտկորում ապօրինի անտառահատումները շարունակվում են
Շուրջ մեկ ամիս առաջ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրեն Վահե Քառյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից:
«Իմ դիմումի համաձայն «Դսեղի անտառտնտեսության» տնօրենի տեղակալի պաշտոնից ազատվել եմ նաև ես»,- հայտնեց Սերգո Դավթյանը: Վերջինս մեզ հրաժարվեց իր և Վահե Քառյանի աշխատանքից ազատվելու պատճառները բացատրելուց: Մեր բազմաթիվ հեռախոսազանգերին Վահե Քառյանը չպատասխանեց:
Դսեղում մեզ հայտնեցին, որ օրեր առաջ ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից նախապատրաստած նյութերով ձերբակալվել է Սամվել Վանյանը: Դսեղի անտառների ոչնչացման գործում դսեղցիները վաղուց են մեղադրում Սամվել Վանյանին: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հեռախոսով հայտնեց. «Դսեղի անտառտնտեսության» անտառապետ Սամվել Վանյանը ժամանակին ձերբակալվել է, քրեական գործ կա, որը քննվում է քննչական մարմիններում: Ս.Վանյանի կարգավիճակի մասին կարող եք տեղեկություններ ստանալ քննչական մարմիններից»:
Դսեղում գյուղացիները հայտնեցին, որ Սամվել Վանյանը ձերբակալվելուց օրեր անց փախել է քրեակատարողական հիմնարկից: Դսեղցիներից մեկը մեզ բացատրեց, որ այդ գործում Ս.Վանյանին աջակցել են Դսեղի անտառտնտեսության անտառների թալանը վերահսկող պաշտոնյաները:
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Սամվել Վանյանի կարգավիճակի մասին այսօր հայտնեց. «Ապօրինի անտառահատումների մեղադրանքով Դսեղի անտառտնտեսության, Դսեղի անտառապետ Սամվել Վանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 315 հոդվածի 2-րդ մասով: Օգոստոսի 7-ին նրա խափանման միջոցը ընտրվել է կալանք՝ 2 ամսով: Օգոստոսի 17-ից Սամվել Վանյանը հետախուզման մեջ է»,- հայտնեց Ս.Տռուզյանը:
Համատեղությամբ «Դսեղի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրեն է նշանակվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրեն Սամվել Հակոբյանը (մականունը՝ Տատռա Սամվել): Սամվել Հակոբյանը երկար տարիներ աշխատել է «Հայանտառ»-ում ոլորտում և նույնպես հմտացած է ապօրինի անտառահատումների գործում: Մոտկորում հույսեր չեն փայփայում, որ Դսեղի 14 505 խմ անտառածածկ տարածքը կարող է վերահսկվել և պաշտպանվել Սամվել Հակոբյանի կողից: Թեև կատարված կադրային փոփոխություններին ու Դսեղի անտառապետի ձերբակալությանը, Մոտկորի անտառներում ապօրինի անտառահատումները շարունակվում են:
Օգոստոսի 25-ին Մարց-Լորուտ ճանապարհաեզրին փայտի 1-ին կույտերը նկարելիս մեզ մոտեցավ «Վազ-2106» մակնիշի մուգ գույնի մի ավտոմեքենա, որի վարորդը 30-ին մոտ մի երիտասարդ, ավտոմեքենայի բաց լուսամուտից հարցրեց, թե ինչու եմ նկարում փայտակույտը: Իմ հարցին պատասխանեց, որ Դսեղի անտառտնտեսության աշխատողներից չէ: Հետո պարզեցինք, որ նա տարիներ շարունակ վառելափայտի ապօրինի վաճառքով զբաղվող, Դսեղ գյուղի բնակիչ Վահրամ Մատոյանն է:
Մեքենայից դեռ 100 մետր չհեռացած՝ նկատեցի, որ հայտնվել ենք դարչնագույն և կապույտ գույնի 2 «Վիլիս» ավտոմեքենաների «հսկողության» տակ: Ավտոմեքենաները մինչև Ահնիձոր գյուղ և վերադարձին «հսկում էին» մեզ։
Ժամը 17:00-ի սահմաններում Լորուտ գյուղի ներքեւի հատվածում, նախկին պանրագործարանի ավերակների մոտ փայտով բեռնված AM 34 UF 735 «ԶԻԼ» ավտոմեքենայից անտառից հանված վառելափայտը տեղափոխվում էր AM 34 GG 836 փակ «Կամազ»-ի մեջ: Բեռնատարների մոտ կանգնած էր AM 34 MR 374 մակնիշի «Վիլիսը»: Հեռվից բեռնատարների մոտ մի քանի տղամարդկանց նկատեցինք: Երբ մոտեցանք բեռնատարներին, տղամարդիկ թաքնվել էին, սակայն լուսանկարելիս նրանցից մեկը՝ 60-ին մոտ մի տղամարդ դուրս եկավ թաքստոցից: Նրա բջջային հեռախոսն անդադար զանգում էր: Նայելով հեռախոսահամարին՝ տղամարդը բացատրեց. «Էս իմ տղան ա զանգողը, հիմա անհանգիստ զանգում ա»,- ասաց նա և պատասխանեց հեռախոսազանգին. «Դոկումենտ վեր կալ, ինքը՝ժուռնալիստը ստիա, որ գաս շանց տանք: Որ գաս ներքևն էլ տենք բարձիլ: Լավ, ով գիտի որդիան ես խոսում, ինչ ես խոսում, էլ մի խառնվի, էդ ժուռնալիստն ստի ա, թող նկարի, տենանք հլա ինչ ա լինում»,-ասաց տղամարդը:
Հարցրի ազգանունը. «Ես դսեղցի Մատոյան Հրաչիկն եմ, ինչ եք ուզում մեզանից»,- ասաց նա: Խնդրեցի վառելափայտի օրինականությունը հաստատող փաստաթուղթ. «Տղաս գնացել է փաստաթուղթ բերելու, մի երկու ժամից կլինի այստեղ»,-պատասխանեց Հրաչիկը: Մարցից մինչ Ահնիձոր ճանապարհաեզրին 5-6 փայտակույտեր նկարեցինք: Անտառի խորքում դրանք ավելի շատ էին երևում, ինձ հետևող «Վիլիս»-ների տերերից սպասվող անախորժությունից խույս տալով՝ խուսափեցի միայնակ մտնել անտառի խորքը: Օրվա այդ ժամը փայտակույտերը փակ բեռնատարներին բարձելու ժամն էր:
Ավերակների մոտ կանգնած «Կամազը» 30 խմ փայտի տարողություն ուներ: Ինչպես որդու հետ զրույցում բերանից թռցրեց Հրաչիկը, փակ «Կամազ»-ում պետք է բարձվեր նաև ճանապարհաեզրերին կուտակված փայտակույտերը: Մինչ Վահրամ Մատոյանը երկու ժամ շարունակ անհանգիստ այս ու այն կողմ ընկած փայտի օրինականությունը հաստատող փաստաթուղթ էր որոնում, Դսեղից մեր աղբյուրները, որոնց հեռախոսով հարցրել էինք Հրաչիկ Մարտոյանի մասին, հայտնեցին, որ նա որդու հետ վաղուց է Մոտկորի անտառներում զբաղվում ապօրինի անտառահատումներով:
«Նրանք անհաշտ են եղել Սամվել Վանյանի հետ, այդ պատճառով վառելափայտ տանում են Լորուտի անտառներից»,-հայտնեց Դսեղի մեր աղբյուրներից մեկը: Ահնիձորում շուրջ երկու ժամ աշխատելուց հետո վերադարձին Լորուտի պանրագործարանի ավերակներին հարող ճանապարհաեզրին նկատեցի Հրաչիկ Մատոյանին, նա դեռ հեռախոսով հրահանգներ էր տալիս որդուն: Հրաչիկը ձեռքով հասկացրեց տաքսու վարորդին՝ կանգնել. «Տղաս, փաստաթուղթը բերում է»,- ասաց նա: Լորուտի տակ հանդիպեցենք Վահրամ Մատոյանին. «Ինչու եք ավտոմեքենաներով հետապնդում մեզ»,- հարցրի նրան:
«Ես չեմ կազմակերպել»,-պատասխանեց նա և շարժվեց առաջ: Տարիներ շարունակ Մոտկորում ապօրինի անտառահատումներով զբաղվող Հրաչիկ և Վահրամ Մատոյանները տեղյակ չէին, որ գործող օրենքով անտառից գնորդի փայտ տեղափոխելը առանց պայմանագրի և վառելափայտի վճարման անդորրագրի անթույլատրելի է: Կապույտ և դարչնագույն «Վիլիս»-ները երկար ժամանակ մեզ հետևում էին։ Օրը մթնում էր, ու մենք դուրս եկանք մթնշաղի մեջ թաղվող Մոտկորից:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել