
Թանկ սեպտեմբեր. ի՞նչ արժե դպրոց գնալը
Անուշ Թորոսյան
Նոր ուսումնական տարին դպրոցահասակ երեխա ունեցողների համար նոր ծախսերի առիթ է: Աշակերտին սեպտեմբերի 1-ին նախապատրաստելու համար անհրաժեշտ ապրանքների ցուցակը փոքր չէ՝ պայուսակ, հագուստ, կոշիկներ, գրենական պիտույք, դասագրքեր:
Նշված ապրանքների գները շուկայում խիստ տարբեր են, օրինակ՝ պայուսակ կարելի է գնել թե 1 900 դրամով, և թե 38 000, թեպետ շատ մատչելի պայուսակների որակային տարբերությունն, ինչ խոսք, ակնհայտ է լինում:
Մեզ հետ զրուցած ծնողներից շատերը նշում են, որ փորձում են ծախսերը սահմանափակել մեկ երեխայի դեպքում 50 հազար դրամի սահմաններում:
Նարինեն առնվազն 40 հազար դրամ է հատկացնում՝ հագուստի, կոշիկի, գրենական պիտույքի մի մասի համար: «Երեխան մեծանում է՝ չես կարող նախորդ տարվա գնած կոշիկով ուղարկել. մայիսին առած կոշիկն արդեն սեպտեմբերին չի կարող հագնել, ի՞նչ կարող ես անել: Բնականաբար, տարեցտարի ծախսն ավելանում է: Եթե տարրական դասարաններում տետրերի մեծ մասը 12 էջանոց էր, ընդամենը մեկ-երկու հաստ տետր էր, հիմա գրեթե բոլորը հաստ տետրեր են, դրանք էլ 350-400 դրամ են: Ես ամենասեղմ հաշվարկներն եմ ասում»,- ասում է նա:
![]() |
![]() |
Աննայի երեխան փոխադրվել է երկրորդ դասարան: Երեխայի միայն հագուստն արժե մոտ 30 000 դրամ, գրենական պիտույքն էլ սպասում են՝ դպրոցից ասեն՝ ինչ է հարկավոր: Նա նշում է՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ մոտ 50 000 դրամ կծախսվի: «Հավատացեք՝ ցանկացած մարդու գրպանին մատչելի ապրանք կա, որակի մասին չեմ կարող վստահ ասել, որ լավն է, որովհետև եթե արժե 3000 դրամ՝ չեմ կարծում՝ շատ որակյալ է, ուղղակի ստիպված ես լինում հարմարվել, դա գնել»,- ասում է նա:
Նաիրան դպրոցահասակ երեք երեխաների մայր է: Նա նշում է, որ ամեն տարի նորից ստիպված են լինում գնումներ կատարել: «Երեխան մեծանում է, ստիպված ենք նորը գնել, այլ տարբերակ չկա: Առնվազն 45-50 հազար դրամի ծախս ենք անում՝ նվազագույն հաշվակներով, զեղչերով, որոշ գներ մեզ հարմարեցնելով: Տարեցտարի այս գումարն ավելանում է: Ասեմ՝ փոքրերի հագուստն ավելի թանկ է, քան մեծերինը, ընդ որում՝ աղջկա հագուստի տեսականին ավելի մեծ է, գներն էլ՝ բարձր»,- ասում է նա:
Նաիրան նշում է, որ սեպտեմբերից հետո նոր ծախսեր են լինում՝ վճարում են գրքերի համար, ապա նաև ձմեռային հագուստ գնում: Դպրոցական պարագաներ ու հագուստ գնելու համար գումարը նախապես չեն հավաքում, պարզապես վերջին մեկ ամսվա իրենց աշխատավարձը հենց այս ամենի ձեռքբերմանն է հատկացվում, կամ, ինչպես ինքն է ասում, «երկու հոգով աշխատում են՝ երեք երեխայի դպրոց ուղարկելու համար»:
Նաիրան ասում է՝ հագուստն ու դպրոցական պարագաները նախապես ու ավելի մատչելի գնով ձեռք բերել չի լինում, քանի որ դրանք վաճառքի են հանում միայն օգոստոսի վերջին՝ 20-ից հետո: Տարրական դասարաններում որոշ տետրեր դպրոցներն են պարտադրում, քանի որ ուսումնական ծրագրին դրանք են համապատասխանում:
Նունեի աղջիկն այս տարի առաջին անգամ դպրոց կգնա, նա գրեթե պատրաստ է սեպտեմբերի 1-ին: Նունեն գնել է պայուսակը, կոշիկները, վերնաշապիկը, համազգեստն էլ առաջիկայում կգնեն: Նա ասում է՝ նախապես չէին պատկերացնում՝ որքան գումար կծախսվի: Նունեի համար կարևոր չէ՝ հագուստը բրենդային խանութից է, թե ոչ, կարևորը՝ որակյալ լինի:
Իսկ որքա՞ն գումար է անհրաժեշտ մեկ աշակերտին՝ սեպտեմբերի 1-ին ուսումնական տարվա մեկնարկին լիարժեք պատրաստ լինելու համար:
Պայուսակ, վերնաշապիկ, տաբատ կամ կիսաշրջազգեստ (որոշ դպրոցներում՝ համազգեստ՝ միջինը 15 000 դրամի սահմաններում), կոշիկներ, մարզահագուստ, սպորտային կոշիկներ, օրագիր, տետրեր, գրիչներ, մատիտներ. այս ամենի համար միջին հաշվարկով անհրաժեշտ է առնվազն 50 հազար դրամ՝ մեկ աշակերտի դեպքում, դրան գումարած նաև դասագրքերի գումարը: Դասագրքերն անվճար են տրվում 1- 4-րդ դասարանների աշակերտներին, ավելի բարձր դասարաններում արդեն դասագրքերի համար վճարում են 3 500-ից 7000 դրամ:
50 հազար դրամը նվազագույն գումարն է, որով կարելի է երեխայի համար գնել ամենից անհրաժեշտ պարագաները, հասկանալի է, իհարկե, որ դպրոցական ծախսերն այսքանով չեն սահմանափակվում:
Մեկնաբանել