
Պատգամավորներն առաջարկում են տեսաձայնագրել մեղադրյալի հարցաքննությունը
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Գևորգ Պետրոսյանը և Միքայել Մելքումյանն օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել, որով առաջարկում են տեսաձայնագրել մեղադրյալի հարցաքննությունը: Նախագիծն արդեն շրջանառության մեջ է:
Քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացումը, ըստ պատգամավորների, պայմանավորված է նախաքննության ընթացքում` հարցաքնության ժամանակ, տեսաձայնագրում կատարելու միջոցով բացառելու կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ խոշտանգումը և վատ վերաբերմունքը:
Գործող քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, կասկածյալի կամ մեղադրյալի հարցաքննությունները տեսագրվում են ըստ անհրաժեշտության: Այն դեպքերում, երբ հարցաքննությունը իրականցվում է առանց տեսաձայնագրման, պատգամավորների կարծիքով, բարդ է ապացուցել կամ հերքել հարցաքննության ընթացքում խոշտանգում եղել է թե՝ ոչ։ Եթե մեղադրյալի հարցաքննությունները քրեական դատավարության օրենսգրքի համաձայն տեսաձայնագրվեն, ապա հնարավոր կլինի, նախ՝ պարզել խոստովանական ցուցմունքը տրվել է խոշտանգման, նվաստացման ենթարկման արդյունքում, թե՝ ինքնակամ: Հարցաքննության տեսաձայնագմամբ նաև հնարավոր կլինի պարզել հարցաքննվողի դեմքի կամ մարմնի տեսանելի մասերի վրա առկա է արդյոք խոշտանգման հետքեր, կամ՝ կապացուցվի հակառակը, որը կբխի օրինականության սկզբունքից:
Որպես հիմնավորում նշել են նաև, որ անձը իրավունքի չարաշահում կարող է կատարել և սուտ տեղեկություններ հայտնել իրավապահ մարմիններին, իսկ հարցաքննության տեսաձայնագրման հանգամանքը հաշվի առնելով զերծ կպահի նման հանցագործություն իրականացնելուց:
Նախագծով առաջարկվող նորմի ընդունմամբ կասկածյալի հարցաքնությունը նույնպես կտեսաձայնագրվի, քանի որ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն.«Կասկածյալին հարցաքննելիս մնացած հարցերը կարգավորվում են մեղադրյալի հարցաքննության համար`սույն օրենսգրքով սահմանված կանոններով»։
«Բազմաթիվ են դեպքերը, երբ դատաքննության ընթացքում բազմիցս ականատես ենք լինում մեղադրյալի կողմից նախաքննության ընթացքում հարցաքննության ժամանակ տրված ցուցմունքների և դատարանում տրված ցուցմունքների միջև հակասություններին, ինչը շատ դեպքերում տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է հանդիսանում հանրության շրջանում և առաջացնում է անվստահություն արդարադատության համակարգի նկատմամբ: Ուստի, մեղադրյալի, կասկածյալի հարցաքննությունների տեսաձայնագրման նորմի կիրարկման պահանջը խիստ անհրաժեշտ է՝ արդար դատաքննություն իրականացնելու համար, և այն ուղղակի կնպաստի քրեական դատավարության օրենսգրքի մի շարք նորմերի պահանջների արդյունավետ կատարմանը և կամրապնդի խոշտանգումների բացարձակ արգելքը, որը սահմանում է մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիան»,-նշում են օրենսդրական նախաձեռնության հեղինակները:
Մեկնաբանել