HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաշվապահական զրույց

Լեռ Կամսար

Ինչքան աշխատում եմ նախահաշվով ապրել, այդ ինձ չի հաջողվում։

Ամեն ամսի սկզբին վերցնում եմ տնային ծախուց տետրակ և գրում․ «Այսքանը հացի համար, այսքանը՝ մսի, այսքանը՝ կանաչեղենի։ Հետո՝ տան վարձ, աղբահանություն, էլեկտրականություն, ջուր»։

Հետո հաշվում եմ, որ ամսվա մեջ մի անգամ էլ կարող եմ հանցանք գործել և դատարան ընկնել։ Դրա համար հատկացնում եմ առանձին էջ, որ կոչվում է «կաշառքի բաժին»։

Մի էջի վրա էլ նշանակում եմ միանվագ այն գումարը, որն ամսվա ընթացքում գրպանահատները պիտի հանեն ինձանից մաս-մաս։

Սրանք են իմ կարևոր ծախսերը, որոնք նախապես հաշվի եմ առնում։

Հետո էլ, իհարկե, «այլևայլքի» մի բաժին, ուր պիտի գրվեն չնախատեսված ծախսերը։

Երանի չլիներ տետրումս այդ «այլևայլքի» բաժինը։ Այդ բաժինն ամեն ամիս տունս քանդում է։

Այս բաժինն իր վրա առնելով «այլևայլք» համեստ անունը, բյուջեիս երեք քառորդը կլանում է, մի քառորդ միայն թողնելով կարևոր ծախսերին։

Չմոռանամ ասել, որ ես պահում եմ երկու հաշվեմատյան՝ մեկը նյութական, մյուսը բարոյական։

Որովհետև մարդը միայն ուտելու համար չի աշխարհ գալիս, նա նաև պիտի սիրի։

Սիրո հաշվեմատյանս մի ծոցատետր է, որ ենթակա չէ հրապարակային հաշվետվության։ Այնտեղ այբբենական կարգով նշանակված են այն գլխավոր կանայք, որոնց պիտի սիրեմ ամսվա ընթացքում։

Այստեղ էլ ունեմ «այլևայլք» բաժինը՝ ուր արձանագրում եմ իմ նախահաշվից դուրս, չնախատեսված կանանց։ Եվ այստեղ էլ պիտի ասեմ, որ «այլևայլքը» իմ տունը քանդում է, գերազանցելով նախատեսված կանանց ցանկին։

Ու մտածում եմ։

Ի՞նչ կարիք կա առաջուց նախատեսել, երբ չնախատեսվածը պիտի գա, նախատեսվածին անցնի։

Մանավանդ, մեր անակնկալներով հարուստ երկրում, ուր թագավորում է միայն «այլևայլքը»։

Օրինակի համար, վերցնենք մեր մինիստրներին։ Նրանց ապրուստի գլխավոր աղբյուրն իրենց օրինական ռոճի՞կն է։ Ամենևի՛ն։ Նրանց ապրուստի գլխավոր միջոցն «այլևայլքն» է, իսկ ռոճիկը չնախատեսված գումար։

Լինելով երկրի տերերը, նրանք կոնյակի գործարանից ստանում են արկղերով կոնյակ, կոնսերվի գործարանից՝ ամենաընտիր պահածոները որքան ցանկանան,  այգիներից՝ միրգ, պետական պահեստներից թարմ միս ու երշիկ։ Ունեն առանձին դրամական ֆոնդ արտակարգ ծախսերի համար, որը կարգի են բերել ու գործածում են իրենց պետքերին։

Իսկ նրանց բարոյակա՜ն հաշվեմատյանը․․․

Կատարյալ անբարոյականություն։

Այնտեղ արձանագրված են մինիստրությունում ծառայող հազարավոր կանայք՝ որպես առաջին անհրաժեշտություն, իսկ «այլևայլքում»՝ մի խեղճ ու թշվառ օրինական կին, որը ձեռքը ծոցը դրած սպասում է ամեն իրիկուն, թե ե՞րբ իր ամուսինը «պետական գործերը» վերջացրած տուն պիտի գա վերջապես։

Չնախատեսված գումարով է ապրում պետական խանութի աշխատողը, որի աշխատավարձն այնքան քիչ է, որ կարելի է գրել «ծանոթագրության» բաժնում։

Հապա մեր գրողնե՜րը․․․

Գրում են հաստափոր վեպեր, մեջը միայն «ի միջի այլոց» բաներ։ Այնքան, որ չգիտես իր վեպով ի՞նչ է ուզում ասել գրողը։

Օրինակ, այս երկու օրս գրող Զարզանդ Դարյանը լույս ընծայեց իր պարտապանաց վեպը՝ «Արծիվ Վասպուրականի» անունով։ Կարդացի մինչև վերջ, ու ոչ միայն «արծիվ», այլև ագռավի ճուտ չգտա անտեղ։

Ամբողջովին մանր ճիճուներ․․․

Այսպես շատ օրինակներ կարող եմ բերել, բայց կարճ կապեմ։

Ասում եմ՝ ի՞նչ կարիք կա այսպիսի մանր բաների մասին խոսել, երբ ինքը՝ մեր երկիրը, մի մեծ «այլևայլք» է աշխարհի քարտեզի վրա։

․․․ Եվ իրոք․ ով էր նախատեսում այսպիսի փորձանք․․․
1965թ․, անտիպ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter