
Նուբարաշենի խճուղում սպանության գործով դատական նիստին տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով օգոստոսի 1-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում սկսված ծեծկռտուքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնեց գործով դատավոր Աննա Դանիբեկյանը: Այսօր դատարանում շարունակվում է Եղիշե Խաչատրյանի սպանության գործի քննությունը: Արդեն երրորդ դատական նիստն է՝ ցուցմունք է տալիս Խաչատրյանի մայրը` Էմմա Աբրահամյանը: Դատավոր Դանիբեկյանը դահլիճում ներկաներին հորդորեց հանգստություն պահպանել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին տեղի ունեցած դատական նիստին Էմմա Աբրահամյանի հարցաքննության ժամանակ դահլիճում ներկաներից մեկը տեղից արձագանքել էր, թե նա մեծ կին է, տանջում են նրան, որից հետո դրան հակադարձելով` ամբաստանյալների հարազատներն ասել էին, թե իրենց` կալանքի տակ գտնվող երեխաները ևս մեղք են: Վայրկյանների ընթացքում դահլիճում լարված իրավիճակը վեր էր ածվել ծեծկռտուքի:
Մեկնաբանել